Աշխատավորների միջազգային օրը Հայաստանում այլևս պատմությունից կտակված վերհուշ է: Աշատավորները, որոնք իրենց ձեռքերով կռել են մեր երկրի պատմությունը, մեզ թողնելով հսկայական ժառանգություն, որը մաշեցվեց, մսխվեց այնպես ասես, մեր պապերն ու հայրերը չարիք էին գործել՝ արյուն քրտինքով վեր բարձրացնելով գործարաններ, շենքեր, շինություններ, կառույցներ, քաղաքներ, ավաններ, գյուղեր, ջրամբարներ, լճեր, անտառ տնտեսություններ, հանրային գոտիներ, սքանչելի պուրակները, զբոսայգիներ, հիվանդանոցներ, ծննդատներ…
Այսօր խորհրդային շրջանից մնացած, մեզ կտակված այս հսկայածավալ ժառանգության դեռ պահպանված հատվածների տերն ու տնօրենը հարստահարողն է, այն կապիտալիստը, ում համար աշխատավորը վաղուց աշխատավոր չէ, այլ պատանդ վերցված ու կալանված, ստրկության մեջ քայքայվող մարդը՝ վարկերի, տոկոսների տակ ճկված, աղքատության ամենածանրագույն շեմը հատած, անառողջ, հուսահատ ՀՀ քաղաքացին, ում բոլոր կողմերից, սպառնում են, հայհոյում, նվաստացնում, ում կաշառակեր, անբարո, տգետ, ծախված ու ստոր են անվանում, ում ինքնապաշտպանական դրսևորումները, արդարացումները, փաստարկները, տարագրությունը, անգամ խոսքը, դիմախաղը էլ ավելի են խորացնում անդունդը, անկման արագությունը:
Հայաստանում 900.000 մարդ աղքատության մեջ է, որից 300.000-ը ծայրահեղ աղքատության և ի՞նչ է իշխանության համար իրականում փոխում այս վիճակագրություն, այս երեսանց պարզ տեղեկատվություն, թվերը, որոնք գնալով սերտաճում են, ձգվում դեպի վեր: Մայիսմեկյան հպարտությունը, արժանապատիվ ապրելու իրավունքի գիտակցումը, աշխատանքի արժեքն ու գնահատականը ամեն ինչ մեծ հաշվով մնացել է անցյալում, որն իր հերթին անողոք հետապնդումներով բաց չի թողնում մեզ՝ հիշեցնելով կորստի մասին՝ սահմանելով ծանր մեղադրանքներ:
Այնպես ինչպես Sas սուպերմարկետների ցանցի աշխատավորները աշխատավորներ չեն, այնպես էլ իրենց տնօրեն՝ Սասի Արտակը աշխատավոր չէ: Եթե ասում ենք՝ Սուպերմարկետում աշխատողները ինքնակա ծառայում են իրենց տնօրենին, նույնկերպ էլ կարող ենք ասել, որ տնօրենը ինքնակա ծառայում է իր կուսակցությանը, իր կուսակցության ղեկավարին… (լավ) ծառայությունների դիմաց բոլորը վարձատրվում են… և այդուհանդերձ դա վարձատրություն չէ: Կալանված մարդուն չեն վարձատրում, նրան պահում են, որպեսզի մինչև վերջ հարստահարեն, որպես սոսկ մարդկային նյութ՝ օգտագործելով մարդու մեջ եղած հնարավոր ու անհնարին ֆիզիկական պաշարները:
Երևանում Մայիսի 1-ին աշխատավորները դրոշակներով, գույնզգույն փուչիկներով դուրս էին գալիս, քայլում էին փողոցներով և ողջույններ հղում անցորդներին… Հարստահարողին հաղթած, լուսավոր ճակատներով, մեր հպարտ աշխատավորները…
Արամ Պաչյան