Քաղաքականություն

«Հրապարակ». Նախընտրական քաղաքական կաշառք ՀՀ ընտրողներին

«Հրապարակ». Նախընտրական քաղաքական կաշառք ՀՀ ընտրողներին

Պոպուլիզմի վարպետ իշխանությունը շատ լավ է զգում ու արագ է արձագանքում հանրային դժգոհության հասունացող ալիքին եւ լավ գիտի, որ հայ հասարակությունը չափազանց զգայուն է այն հարցերում, որոնք վերաբերում են հատկապես իր գրպանին։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը հենց այդ հարցերից է, ու Փաշինյանը փաստացի 2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ հետքայլ է անում ու, ըստ էության, հայտարարում ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման պահանջից նահանջելու մասին։
ՔՊ-ական Բաբկեն Թունյանը նախօրեին, ըստ էության, հենց դա էլ ազդարարեց, երբ տեղեկացրեց, թե որոշել են պարզեցնել հայտարարագրման գործընթացը, ու այսուհետ քաղաքացիները, որոնք չունեն այլ եկամուտներ, քան այն, ինչ արտացոլվում է ՊԵԿ-ում, կարող են չլրացնել հայտարարագիր։ Ըստ ՔՊ-ականի, քաղաքացիները չեն տուգանվի, եւ կհամարվի, որ ՊԵԿ-ն ինքնաշխատ կերպով հայտարարագիրը լրացնում է։ «Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն՝ աշխատավարձ եւ այլն, ինքը որեւէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել»,- ասաց Թունյանը։ Իսկ ամիսներ առաջ ճիշտ հակառակն էին ասում, որ սա պարտադիր գործընթաց է, պետք է բոլորը հայտարարագրեն իրենց ամենաչնչին եկամուտներն անգամ, եւ չենթարկվողները տուգանվելու են։

Այս որոշումը, անշուշտ, կապված է սպասվող ընտրական գործընթացների հետ՝ իշխանությունը փորձում է մեղմել համընդհանուր դժգոհությունը։ Եվ սա կարելի է դասել նախընտրական քաղաքական կաշառքի շարքին։ Դա անգամ Թունյանը չկարողացավ թաքցնել` հայտարարելով, թե պատժիչ մեխանիզմներից խրախուսման մեխանիզմների են անցնում, ու քաղաքացիները, որոնք մուտք կգործեն համակարգ եւ ինքնաշխատի փոխարեն անձամբ կլրացնեն հայտարարագիրը, կօգտվեն 100 հազար դրամ սոցիալական փոխհատուցումից` կրթական ու առողջապահական ծախսերի համար։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Հրապարակ»-ին ասում է՝ փաստ է, որ իշխանությունը ձախողել է հայտարարագրման ծրագիրը։ Իրենց նախաձեռնությունը մի քանի օր առաջ է հարցում ուղարկել կառավարությանը, թե սեպտեմբերի 30-ի դրությամբ որքան մարդ է կամավոր հայտարարագիր ներկայացրել։ Պատասխանն ակնկալում են մեկ շաբաթից, բայց, ինչպես մեր զրուցակիցն է ասում, օգոստոսի 31-ի դրությամբ հայտարարագրման ենթակա 860 հազար քաղաքացուց ընդամենը 94 հազարն էր հայտարարագիր ներկայացրել։
«Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի, երբ այս մասշտաբը չկար, ընդամենը 60 հազար քաղաքացի էր ներկայացրել հայտարարագիր, այսինքն՝ աճն ընդամենը 34 հազար է եղել, այն պարագայում, որ կառավարությունը 100 հազար դրամի շրջանակում սոցիալական կրեդիտներ է վերադարձնում։ Սա ակնհայտ ձախողման մասին է խոսում,  իսկ Բաբկեն Թունյանի անոնսը չեղարկման մասին է, բայց քանի դեռ չկա նախագիծը, պետք չէ շտապել կարծիք հայտնելու մասով»,- ասում է Նաիրի Սարգսյանը եւ հավելում, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը տարբեր հարթակներով հայտարարել էր, որ գործընթացի վերջնաժամկետին՝ նոյեմբերի 1-ին ընդառաջ, ավելի լայն ակցիաներ են նախատեսում։ Սա եւս, ըստ Սարգսյանի, կարող էր վախեցնել իշխանությանը։

«Բացի այն, որ իրենք ձախողել են, սա նաեւ նախընտրական գործողություն է՝ կանխելու իրենց վարկանիշի նվազումը։ Սա քաղաքական այնպիսի գործողություն է, որը, ըստ իրենց օրակարգի, չպետք է վնասի իրենց վարկանիշին։ Որքան էլ զարմանալի է այս իշխանության պարագայում, իրենք հասկացել են, որ դժգոհության մեծ ալիք էր լինելու, դա նույնիսկ իրենք չէին կարող չհասկանալ»,- ասում է մեր զրուցակիցը։

Նաիրի Սարգսյանը, միեւնույն ժամանակ, շեշտում է, որ ՔՊ-ական իշխանության բանավոր արված հայտարարությունները շատ հաճախ գործնականում տարբերվել են օրակարգ բերվող նախագծերից. «Օրինակ, Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ 300 հազար դրամը չի հարկվում, բայց փաստաթղթով պարզվեց, որ հարկվում է։ Մենք նրա հայտարարությունից հետո մի քանի ամիս տանջվել ենք, որպեսզի կարողանանք հասարակությանը ներկայացնել, որ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու խաբում է։ Այս դառը փորձը հաշվի առնելով, մենք չենք բացառում, որ, այո, իշխանության պատգամավորը հայտարարել է մի բան, բայց փաստաթղթի մեջ կարող է գրված լինել տրամագծորեն հակառակը, ուստի պետք է սպասել փաստաթղթին»:

Իշխանությունը հետողորմյա կանի՞ այս որոշումը, եթե երկրի համար վատագույն սցենարն իրականանա, ու նրան հաջողվի վերարտադրվել։ Նաիրի Սարգսյանն ասում է՝ իշխանության վերարտադրվելու այդ ռիսկը պետք է գիտակցի ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Ըստ Սարգսյանի, այս առումով գնդակն ընդդիմության դաշտում է, եւ եթե, Աստված մի արասցե, իշխանությունը վերարտադրվի, ոչ միայն հետողորմյա կանի այդ որոշումը, այլեւ ավելի հեռուն կգնա։
«Մենք սաղմնային փուլում մի այլ իրավական ակտի չեղարկման ենք հասել, ֆիզիկական անձանց հարկային ստուգումների իրավական ակտին, որը հանրային քննարկման էր դրված e-draft-ում եւ հետ կանչվեց սոցիալական հարթակներում մեր հանրային ու սոցիալական արշավի արդյունքում։ Եթե սրանք անցան, վստահեցնում եմ՝ հայտարարագրման համակարգը ձեւափոխելու են եւ ֆիզիկական անձի, այսինքն՝ ցանկացած քաղաքացու տուն մտնելու նախագիծը եւս հետ են վերադարձնելու»,- եզրափակում է Սարգսյանը։

Ի դեպ, իշխանությունը ձախողել է ոչ միայն գործընթացը՝ հանրային աջակցություն ստանալու մասով, այլեւ՝ տեխնիկապես։ Անձնագրային բաժիններում նույնականացման քարտի ստացման հերթերը շարունակվում են։ Օրինակ, անցած շաբաթվա դրությամբ, քարտ ստանալու համար հերթագրման ամենամոտ օրը հունվարի առաջին կեսն էր` տոներից հետո։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image