ՀՀ պաշտպանության նախարարությունը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծ: Հարթակում այն դրվել է սեպտեմբերի 10-ին: Նախագծով ՀՀ ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը 24 ամսվա փոխարեն դարձնել 18 ամիս:
Հիշեցնենք, որ նախագիծն ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի մինչ այդ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ «Հրապարակն» այս հարցի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ, իրավաբան Մհեր Հակոբյանի հետ:
- Պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելը ընտրություններին ընդառաջ քաղաքական պոպուլիզմի հերթական դրսեւորո՞ւմ է, Ալիեւի հերթական պահանջի կատարո՞ւմ, թե՞ «բարեփոխում», որը թուլացնելու է հայոց բանակի դիրքերը՝ հաշվի առնելով մարդկային ռեսուրսի խնդիրը:
- Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունն ունի մարդուժի խնդիր: Այս խնդիրը պետք է դիտարկենք թե որպես քաղաքացի, թե որպես պետական գործիչ: Որպես քաղաքացի հասկանալի է՝ Մհեր Հակոբյանն ուրախանում է, որովհետեւ իր տղան երկու տարվա փոխարեն կծառայի 1.5 տարի: Բոլորն էլ ուրախանում են, դա հասկանալի է: Եվ այս առումով պոպուլիստական, նախընտրական տարրն անկասկած սրա մեջ կա: Այս ամեն ինչը նաեւ այն լույսի ներքո է, որ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան է եկել եւ մեզ մեծ հաշվով ուժերի լարում պետք չի: Ես պատահական չասացի՝ «այսպես կոչված խաղաղության դարաշրջան», որովհետեւ իրականում պետք է ուժեղ լինենք: Այս մասով երկու տարին 1.5 սարքելը, մեղմ ասած, մտահոգություններ է առաջացնում: Բայց բանակային ծառայության մեջ զինվորը հսկայական ազատ ժամանակ է ունենում, ավելին` երբ ինքն ուսումնական պրոցեսի մեջ է, լիքը անիմաստ բաների վրա ժամանակ է ծախսում ուսումնական պրոցեսի ընթացքում: Օրինակ, նույն շարայինը, որը հիմարություն է: Եթե ծառայությունը կրճատեն 1.5 տարի եւ այդ ավելորդ բաները հանեն, զինվորի ուսուցման որակը մեծ հաշվով չի ընկնի, այսինքն, այն, ինչը երկու տարում ես տալիս՝ ավելորդը հանելով մեկուկեսում կանես: Ինչ վերաբերում է Ալիեւի պահանջին, մենք գիտենք մեր թշնամիներին ու նրանց դիրքորոշումը, քաղաքական ընդդիմադիրներն ասում են` ԱԼիեւի պահանջն է: Կոնկրետ որ ասում են «Ալիեւի պահանջ», ընդհանուր համատեքստում, որ մեր իշխանությունները զիջում են ադրբեջանական կողմին, այդ թվում նաեւ այս հարցում՝ սա փաստ է: Բանակին տրվող գումարները չեն մեծացնում` այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծացնում է: Ինչ-որ ընդգծված խաղաղասիրական բաներ են անում, այն հույսով, որ թուրքը չի զայրանա մեր վրա:
- Իսկ դա կօգնի՞:
- Տարրական տրամաբանություն է, թուրքը երբ առիթը տեսավ, գալու է քեզ խփի: Ձեռքիդ մեջ էլ ձվածեղ անես՝ տաս իրեն, Անդրանիկ անունով բոլոր տղաներիդ անունները փոխես՝ մեկ է, ինքը գալու է քեզ խփի: Սա երեւի թե իրոք ինչ-որ նախընտրական տարր ունի: Ինձ թվում է աշնանն ու մյուս տարվա գարնանը իրենք կթմբկահարեն այս խնդիրը, կբերեն պռնկի վրա, բայց չեն ընդունի, հետո հունիսին արդեն ընտրություններ՝ նոր Հայաստան, նոր իրականություն, նոր Ազգային Ժողով: Ամեն դեպքում առաջնայինը երեւի թե թեման թմբկահարելն է, որ իշխանությունն ասի` տեսեք, ես անցած ընտրություններին ասել էի, որ ծառայությունը քչացնելու եմ ու քչացրեցի: Անկասկած է, որ զինվոր ուղարկող ծնողները շատ կուրախանան, ցանկացած ծնող իր երեխայի մասին մտահոգվում է՝ դա աքսիոմ է:
- Փաշինյանն ակտիվորեն առաջ է տանում իր թեզը, ըստ որի, եթե քո անվտանգության թիվ մեկ երաշխիքը բանակն է, ուրեմն դու անվտանգություն չունես:
- Սկսենք այնտեղից, որ այդ միտքը ես երբեք ոչ մեկից չէի լսել, այսինքն, այդ մտքի հեղինակը ինքն է: Գիտեք` դա ինչի՞ է նման, ոնց որ ասես, եթե փողոցում քո լավ պարապած կարատեի ունակությունները քեզ պետք են գալու, ուրեմն դու անվտանգ չես: Հասկացանք` իդեալում ճիշտ է ասում, սակայն այն իմաստով, որ այնպիսին պիտի լինես, որ կանխես այդ կռիվը: Բայց ոչ, եղբայր, իրավիճակ է` քեզ պատին են դեմ տալիս՝ դու պիտի կռվես: Այսինքն, մեր երկրում ամեն ինչ իդեալական է արվո՞ւմ, դիվանագիտությունը իդեալակա՞ն է իրականացվում, որ մենք բանակին չհասնե՞նք: Այսինքն, իրենք ենթադրում են, որ այնպես կկառավարեն, այնպիսի դիվանագիտություն կունենան, որ վաղը հարցը բանակին չի հասնի: Լո՞ւրջ եք ասում, 2018 թվականից այս իշխանությունը բոլոր դիվանագիտական կապերը փլեց, դաշնակիցների հետ կապերը վերացրեց, թուրքերին կատաղեցրեց` գցեց մեր ջանը, ռազմա-քաղաքական հավասարակշռությունն Արցախի շուրջը 2020 թվականին խախտեց, Արցախը կորցրեցինք, 2022- 2023 թվականներին տեսանք ինչ տեղի ունեցավ: Այսինքն, ձեր անցած ուղին ցույց է տալիս, որ նույնիսկ եթե այդ միտքը տեսականորեն ճիշտ է, թեեւ աշխարհի ղեկավարներից ոչ մեկն այդպես չի մտածում, դուք հաստատ այդ մարդը չեք, որ այնքան վարպետորեն կառավարեք ռիսկերը, որ մենք բանակին չհասնենք: ԱԽր ձեր իշխանությունն ամեն ինչ սխալ է արել, ու շարունակում է սխալներ անել: Գոնե դուք այն իշխանությունը չեք, որ դիվանագիտական միջոցներով Ալիեւին ճնշել եք, որ հիմա էլ ասեք` եթե բանակին հասնի... դուք ոտքից գլուխ սխալ եք: Այդ թեզը գործանականում շատ խնդրահարույց է, ընդ որում` մենք Իսլանդիա չենք, ոչ էլ Դանիա ենք: Դանիան ու Բելգիան կարող են նման թեզեր առաջ քաշել, նրանք այնքան հեռու են թշնամիներից, որպեսզի Բելգիային հասնես պիտի ՆԱՏՕ ջախջախես, Լեհաստանով, Գերմանիայով հասնես Բելգիային: Հարգելիս, քո կողքը ադրբեջանցին ու թուրքն են` անկանխատեսելի, պարսիկները ներքեւը, չգիտես ոնց է լինելու: Այդ խոսքը հերթական նիկոլական խոսքն է՝ գործնականում շատ սխալ, տեսականում էլ է սխալ` ո՞վ ասեց, որ բանակը անվտանգային երաշխիք չի:
- Ուժեղ բանակով հնարավո՞ր է կանխարգելել վտանգներն ու ագրեսիայի կիրառումը:
- Ավելին ասեմ, բանակդ ուժեղ եղավ՝ դիվանագիտությունդ ավելի հեշտ կգործի: Եթե թշնամու հետախուզությունն իր ղեկավարներին տեղեկացնի, որ դու մարտունակ քսան հատ կոմանդոյի բրիգադ ունես` 1500 հոգանոց, ընդհանուր՝ 30 հազարի, Ալիեւը մի հատ կմտածի հարձակվելուց առաջ ու քո դիվանագետն ավելի ազատ կշփվի Ալիեւի հետ: Իսկ երբ Ալիեւը գալիս է, նստում եք սեղանի շուրջը, պապկան հանում է, ասում է` սա է քո բանակը, տղա ջան, դու գիտես, որ սա է, դե հիմա ասա՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Այսօր նայում եմ լրահոսը, Իսրայելը սկսել է գրավել...
- Թրամփն էլ պաշտպանության նախարարությունը վերանվանել է պատերազմի նախարարություն: Երեւի Միացյալ Նահանգները չունեն պաշտպանական ու անվտանգային համակարգ, եւ Թրամփն էլ այդ մասին պատկերացում չունի:
- Հիմա աշխարհում տուրբուլենտությունն ավելին է, քան երկրորդ համաշխարհայինից հետո երբեւէ: Վտանգներն ու ցնցումներն ավելին են, դա 70-ականները չի, հիմա ով ում հասնում է՝ խփում է, ոնց որ բարդուղիմեոսյան գիշերը լինի, ով ում կարողանա՝ սպանի: