Քաղաքականություն

Փաշինյանը սխալ է հասկացել խաղը

Փաշինյանը սխալ է հասկացել խաղը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է Ալիեւի տնային աշխատանքի կատարմանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, ողջունել  ու իրականացրել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը, Արցախը հանձնել է Ադրբեջանին, իր քաղաքականության հետեւանքով բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի հարցը բացառում է, «հրով ու սրով» պայքարում է ազգային արժեքների դեմ, բայց Արարատ Միրզոյանն այսքանից հետո հրապարակավ խոստովանում է, որ արբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ ու որ իրենք չեն կիսում այդ օրակարգը։

«Խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը», նախօրեին լեհական TVP World հեռուստաալիքին ասել է Միրզոյանը։

Այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում ու թույլ է տալիս անել եզրահանգում՝ Փաշինյանի իշխանութունը դոզավորված է ներկայացնում այն զիջումները, որոնք իր սեղանին դրել ու շարունակում է դնել Ալիեւը։

«Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի Արարատ Միրզոյանը, բայց պարզ է, որ ինքն ու Փաշինյանը մի շատ կարեւոր բան չեն հասկանում՝ դա բանակցային արվեստում կոչվում է  պարտավորությունների կառավարում։ Ադրբեջանը դեռ ոչ մի պարտավորություն չի վերցրել իր վրա, անգամ այդ նախաստորագրածը, որը ՀՀ իշխանությունն արդեն համարում է, թե  խաղաղությունն արդեն Հայաստան է հասել, ոչինչ չի նշանակում, որովհետեւ, նույնիսկ եթե պայմանագիր լիներ, դա իրագործելը ստեղծված իրավիճակում բարդ էր լինելու, որովհետեւ դա բիզնես պայմանագիր չէ, որ կարողանաս վիճարկել, տանել դատարան ու  ասես՝ պարտավորությունները չի կատարում»,-«Հրապարակ»-ին ասում է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս դեպքում միջազգային ատյաններն են, որոնք չեն աշխատում։

Բանակցային գործի մասնագետն ասում է՝ եթե իշխանությունը կարծում է, որ Ադրբեջանը չի շարունակելու նոր պահանջներ դնել, նշանակում է՝ խաղը սխալ է հասկացել ու չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ «Իսկ տեղի է ունենում հետեւյալը՝ Ադրբեջանը հասկանում է, որ կարող է ավելին ստանալ եւ գնում է ավելիի հետեւից եւ գնալով ավելին է պահանջելու։ Իրենց թվում է, որ արդեն շինարարություն է սկսվելու, երկու տարի է տեւելու․․․Այս բոլոր հայտարարությունները նախընտրական հռետորաբանություն են՝ ի՞նչ է նշանակում, թե մենք հույս ունենք, որ մենք էլ Ադրբեջանի տարածքից ենք օգտվելու, իսկ Ադրբեջանը Ձեզ ասե՞լ է, որ նման պարտավորություն ունի, ո՛չ։ Այնպես, որ պարտավորությունը կառավարելու համար կամ դու պետք է ուժ ունենաս եւ պարտադրես մյուս կողմին կամ պետք է այլ ուժեր լինեն, որոնք դա կանեն»,-ասում է Մարտիրոսյանը։

Հայաստանի համար իրավիճակն այնպիսին է, որ ո՛չ մեկը կա, ո՛չ՝ մյուսը։ Իշխանությունը շարունակում է խաբել ժողովրդին՝ ասելով, թե խաղաղություն է հաստատվել։ Թեեւ, ինչպես մասնագետն է ասում, մինչեւ 2026թ-ը եւ նույնիսկ, մինչեւ Թրամփի պաշտոնավարման ավարտը պատերազմի  հավանականությունը շատ ցածր է, բայց Ադրբեջանը չի հրաժարվել իր ծրագրերից։ Նրան անգամ պատերազմ հարկավոր չէ՝ առանց  պատերազմի ստանում է այն, ինչ ցանկանում է, իսկ այդ ցանկությունների շարքը կարելի է տեսնել ադրբեջանական պետական մամուլում։ 

«Ես դեռ 2020 թվականին էի ասում՝ այն կողմը, որը ասում է Այբ, Ասելու է նաեւ Ֆե եւ մինչեւ հասցնելու է։ Զիջումներից սկսած կողմը  ի՞նչ է պարտադրելու, հիմա նրան միայն մտահոգում է, որ փաստացի միջանցքը առնվազն մինչեւ ընտրություններ միջանցք  չկոչվի, որովհետեւ դա խանգարում է իրենց, բայց փաստացի դա միջանցք է, թե չէ, այս իշխանությունները պատրաստ են դա էլ անել ու մի բան էլ՝ ավելի։ Տեսեք, թե ինչ է ասում Արարատ Միրզոյանը, հավանաբար,  նկատի ունենալով Կիրանցը, թե այնտեղ մարդիկ իրենց շատ ապահով են զգում, դպրոցը գործում է, անվտանգության հետ կապված խնդիրներ չկան ու մենք դեռ անելիքներ ունենք, իսկ այդ անելիքներն այն է, ինչ պահանջում է Ադրբեջանը»,-արձանագրում է Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ մեր զրուցակցի, իշխանությունը հասկանում է՝ կորցնելու է ամեն բան այս ընտրություններում պարտվելու դեպքում ու հենց այդ պատճառով փորձում է փոքր-ինչ համարձակ խոսել, այնպես, ինչպես Փաշինյանն էր ՄԱԿ-ի ամբիոնից խոսել։ «Ինքն այդ համարձակությունն իր վրա վերցրել է, որովհետեւ գիտի, որ այս պահին ադրբեջանական կողմը չի գնալու ուժային լուծման, բայց դա չի նշանակում, որ դե ֆակտո դու ամեն ինչ չես տվել։ Հիմա խաղ են խաղում, որ մինչեւ 2026 թվականը իրենց չխանգարեն, բայց կողմը, որը հրաժարվում է անգամ բանակ ունենալ, ի վիճակի չէ մյուս կողմին պարտադրել՝ կատարել իր վրա վերցրած պարտավորույթունները, իսկ այդ նախաստորագրված փաստաթղթում նույնիսկ  այդ պարտավորությունները չկան»,-շարունակում է Մարտիրոսյանը։

Բանակցային գործի մասնագետը եւս մեկ անգամ է շեշտում՝ Ադրբեջանում հակահայկական քարոզը շարունակվում է, ոչինչ չի փոխվել, իսկ հայ ժողովրդի մի մասի մոտ դեռ գործում է այն առասպելը, թե եթե թուղթ է ստորագրվել, ուրեմն խաղաղություն է եղել, մինչդեռ այդ խաղաղություն ասվածը միայն Ադրբեջանի համար է ու Ադրբեջանի պայմաններում։

«Ադրբեջանն է փորձում կառավարել այն պարտավորությունները, որոնք ՀՀ իշխանությունները վերցրել են իրենց վրա։ Դա վերաբերում է այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձին, մեր ինքնության համար կարեւոր սյուները քանդելուն, եկեղեցու դեմ արշավին եւ այդպես շարունակ։ Սա է մեր երկրի համար վտանգը՝ այս իշխանությունները պատրաստ են ցանկացած զիջման, բոլորը գիտեն, թե Ադրբեջանը էլ ինչ պահանջներ է դնում, իրենք պատրաստ չեն այս փուլում այդ պահանջների շուրջ հանրային քննարկումներ սկսել եւ Ադրբեջանին կարող են ասել, որ հանրությունը պատրաստ չէ, բայց ես հույս ունեմ, որ մեր հանրությունը երբեւէ պատրաստ չի լինելու այնպիսի խաղաղության, երբ քեզ պարտադրում են հրաժարվել քո ինքնությունից»,-եզրափակում է Արթուր Մարտիրոսյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image