Գաղտնիք չէ, որ Սիրիայի զինված հեղաշրջումն իրականացրած թուրքամետ ընդդիմադիր խմբավորումները մեծապես վայելում են Թուրքիայի իշխանությունների համակրանքը: Ավելի ճիշտ, սիրիական սցենարը հենց Անկարայի նվաճողական քաղաքականության սերիական շարքի հերթական ակտն է:
Կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, Դամասկոս այցելեց Թուրքիայի ԱԳ նախարարը եւ խոստացավ համապարփակ աջակցություն ցուցաբերել Սիրիայի նոր իշխանություններին, ընդհուպ՝ 300 հազարանոց բանակի կազմավորման հարցում: Սիրիայի նոր առաջնորդն էլ անկեղծացավ եւ խոստովանեց, որ հեղափոխության առաջին իսկ օրերին Թուրքիան օգնել է իրենց, եւ իրենք երբեք չեն մոռանա բարեկամ թուրքերի աջակցությունը: Հավաստիացրեց՝ Անկարայի հետ ռազմավարական հարաբերություններ են կառուցելու: Ի դեպ, Սիրիայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ուսանել է Թուրքիայում, իսկ նախագահ Էրդողանն օրերս հայտարարեց, որ ջերմությամբ են հետեւում Սիրիայի կառավարության նոր անդամներին: Եվ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, սպասվում է նրա գլխավորած պատվիրակության այցը Դամասկոս՝ համապատասխան նախարարների հետ հանդիպման: Թե բա՝ ոտքի ենք կանգնեցնելու Սիրիան: Դեկտեմբերի 24-ին էլ Թուրքիայի նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Շնորհավորանքը, մի կողմից, փոքր եղբորն արված սիրալիր ժեստ է, մյուս կողմից՝ Սիրիան վերջնականապես նվաճելու եւ միասնաբար կյանքի կոչելու ծրագրային դրույթ: Ճիշտ է, արանքում չեն մոռացել անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի, այդուհանդերձ, զրույցի մեխը եղել է Սիրիան: Գոհունակությամբ նշվել են Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում տեղի ունեցած դրական զարգացումները, համաձայնեցվել են համատեղ ջանքերը Սիրիայի սոցիալ-տնտեսական զարգացման համար, նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով:
Կարճ ասած՝ զենքով նվաճված Սիրիան դատապարտված է դառնալու ոչ միայն Թուրքիայի ռազմաքաղաքական հենակետերից մեկը, այլեւ՝ Անկարա-Բաքու տանդեմի բիզնես նախագծի հերթական հանգրվանը: Իսկ սա ահազանգ է առաջին հերթին Սիրիայում ապրող մեր բազմահազար հայրենակիցների համար. թուրքական արհավիրքից՝ Մեծ եղեռնից մազապուրծ եղած եւ արաբական հանրապետությունում ապաստան գտած, այնտեղ պատկառելի եւ ազդեցիկ համայնք ստեղծած հայությունն այսօր կրկին հայտնվել է Թուրքիայի ամենակուլ երախում: Չնայած Ասադի իշխանության տապալումից հետո իշխանության եկած Ահմեդ ալ-Շարաան խոստացել է ներառական քաղաքականություն վարել եւ գործել հանուն իր երկրի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ փոքրամասնությունների, ակնհայտ է, որ Թուրքիան դառնում է նրա ու նրա գլխավորած իշխանությունների գլխավոր հովանավորը, եթե ոչ՝ նոր տերը:
Մյուս դերակատարներից, որոնք ներկայություն եւ որոշակի ազդեցություն ունեին Սիրիայում, Ռուսաստանը բավարարվել է տապալված Ասադին ու նրա ընտանիքին ապաստան տալով, եւ այնտեղ մնացած ռուսական ռազմաբազաների ճակատագիրը, մեղմ ասած, անորոշ է: Մոսկվան գրեթե քաղաքական տեքստ չի արտաբերել Սիրիայի նոր կառավարիչների հետ հարաբերությունների ձեւավորման մասին՝ հրապարակ նետելով դիվանագիտական հերթապահ խոսքեր, ստեղծված իրավիճակի վերաբերյալ կենացային մաղթանքներ ու ցանկություններ: Իրանն էլ, ըստ էության, մի կողմ է քաշվել այս մեծ խաղից՝ կրկին նախընտրելով դիվանագիտական լեզուն, սակայն, ի տարբերություն Կրեմլի, օգտագործելով մեղադրական «կրակոցները», թե բա՝ Ասադին զգուշացնում էինք մոտալուտ վտանգի մասին, բայց ականջալուր չեղավ՝ չլսեց մեր բարի խորհուրդները:
ԱՄՆ-ն, որ մյուս դերակատարներից մեկն է թե՛ Սիրիայում, թե՛ տարածաշրջանում, շտապել է Իսրայելին խորհուրդ տալ՝ «լեզու գտնել» հարեւան երկրի նոր ղեկավարների հետ: Այսպես, Բայդենի հեռացող վարչակազմն Իսրայելին կոչ է արել զարգացնել հարաբերությունները Սիրիայի նոր կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ «Ձեր համագործակցությունը եւ կապերն Ալ-Շարաայի հետ կամրապնդեն իսրայելական ազդեցությունը ողջ տարածաշրջանում,- ասվում է ԱՄՆ պաշտոնյաների՝ Իսրայելի գործընկերներին հասցեագրված ուղերձում։- Նա պրագմատիկ առաջնորդ է, որը ցանկանում է ռազմավարական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի երկրների հետ»։ Ամերիկացիները ենթադրել են՝ ալ-Շարաայի հետ հարաբերություններ հաստատելը կխանգարի Իրանին՝ վերադառնալ Սիրիա։ Հայտնի է, որ Ասադի ռեժիմի տապալումից մի քանի օր անց ալ-Շարաան ասաց, թե մտադիր չէ «հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ»։ Sky News-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ժողովուրդը հյուծված է ներկայիս պատերազմից, երկիրը պատրաստ չէ եւ մտադիր չէ մտնել մեկ այլ պատերազմ։ Երկիրը գնում է զարգացման ու վերականգնման ճանապարհով, գնում է դեպի կայունություն»։
Հիմա դառնանք մեզ հուզող գլխավոր հարցին՝ Սիրիայում ապրող հայության ճակատագրին: Նախ, ապստամբության օրերին, այդ երկրում գործող ՀՀ դիվանագիտական կորպուսը փոխանակ ելք գտներ եւ արագ օգնության հասներ պատերազմական գործողությունների թատերաբեմում հայտնված մեր հազարավոր հայրենակիցներին, ինքը խուճապի եւ անգործության մատնվեց, մեծ հաշվով: Այսօր էլ, երբ Ասադը տապալված է, եւ երկրում համեմատաբար խաղաղ իրավիճակ է, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները նոր-նոր վերադարձել են Սիրիա եւ փորձում են ինչ-որ քայլեր անել, այն էլ՝ ծրագրելով ոչ թե հիմա, երբ դրա կարիքն օրհասական է, այլ ընդամենը գալիք տարում:
2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա եւ Քեսաբ քաղաքներում՝ տեղեկացրել է հյուպատոսության մամուլի ծառայությունը։ «Կիրականացվի վերջին շրջանում, երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հունվարի 2-ին հյուպատոսությունը ծառայություն կիրականացնի Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ից Սիրիայում ստեղծված «անվտանգային իրավիճակով» պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես շարունակում էր Բեյրութից։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վերսկսել է իր աշխատանքը դեկտեմբերի 19-ից։ Այսինքն, անվտանգային իրավիճակը Սիրիայում ապրող հայերին չէ՞ր վերաբերում: Առհասարակ, այս օրերին Սիրիայի նոր իշխանությունները սկսել են հանդիպումներ անցկացնել երկրի տարբեր քաղաքական, ազգային ուժերի հետ, հայերի հետ էլ նման պատեհություն եղել է: Բայց դա այնտեղի հայ համայնքի ջանքերի արդյունքն է, ոչ թե մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, որը պարտավոր է ժամ առաջ կապ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ առաջին հերթին ստանալու հայ քաղաքացիների անվտանգ եւ արժանապատիվ կյանքի երաշխիքներ: Թե չէ այս իշխանությունների «բարեկամության» խորհրդանիշներից երկուսը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, կսկսեն «զբաղվել» հայերով, իսկ թե ինչպես, դժվար չէ կռահել...