Հասարակություն

Սուրբ Ամենափրկիչը վերաօծված է

Սուրբ Ամենափրկիչը վերաօծված է

Գյումրու  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ձեռամբ ավարտվեց: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի է բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

Մասունքը հավատացյալների երկրպագության համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։

Նշենք, որ  բազմաթիվ հավատացյալներ պատարագին են մասնակցել եկեղեցում, որը քիչ առաջ վերջացավ:

«Մենք այն սերունդն ենք, որ տեսել ենք Ամենափրկիչ տաճարը կանգուն՝ երկրաշարժից առաջ, մտել ենք այստեղ սրտի դողով՝ իբրև ֆիլհարմոնիայի դահլիճ, մեղա՜ Աստծո, աղոթելով, ցանկանալով ցանկացել ենք, որպեսզի այս տաճարը վերաբացվի, բայց երկրաշարժն այն խոնարհեց: Եվ երկրաշարժի առաջին օրը, ընդամենը երկու ժամ անց, երբ ես հասա Էջմիածնից Գյումրի և տեսա Ամենափրկիչը խոնարհված, սրտիցս մի ճիչ բարձրացրեցի՝ արդյո՞ք կտեսնեմ իմ կյանքի ընթացքում Ամենափրկիչը վերակառուցված: Եվ Աստված տվեց, ավելիով տվեց, տվեց այն, ինչին արժանի էլ չէինք, տվեց, որ մենք լինենք առաջնորդը այս եկեղեցու վերակառուցման ընթացքի և մեր տկար ու մեղավոր ձեռքերով նաև օծենք, ավելիով տվեց, ուրեմն դարձյալ փա՛ռք Տիրոջն այս Իր տվածի համար: Եվ այժմ եկեղեցին պայծառ, լուսավոր, առավել շքեղ, քան երկրաշարժից առաջ էր, բացում է իր դռները հավատավոր ժողովրդի առջև՝ իբրև աղոթքի տուն, ոչ թե համերգասրահ, և այստեղ աղոթքը չպետք է լռի, այստեղ պիտի հնչի խոսքը ասելու համար՝ Գյումրի՛ քաղաք, աչքդ լույս, քաղաքն այլևս վերականգնված է, վերածնված է, և այս եկեղեցին մնում է աղոթող հուշարձան մեր բազմահազար զոհերի համար, որոնք ընկան մեր մեղքերի պատճառով, մեր անփութության պատճառով, զոհվեցին 12․000 մարդ, 12․000 լույս միայն այս քաղաքից։ Եվ ահավասիկ, այս տաճարը պիտի դառնա մնայուն, ամեն օր աղոթող, և դեկտեմբերի 7-ին ևս մեկ անգամ Հայրապետական ներկայությամբ, Հայրապետական իշխանությամբ, Հայրապետական բարբառով պիտի հոգու հանգստություն խնդրի մեր բյուրավոր զոհերի համար»,- հավատացյալներին դիմելով՝  ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ 

Նշենք, որ քիչ առաջ Գյումրի էր ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ վերաօծման արարողությունն ու կիրակնօրյա պատարագն արդեն ավարտված են։ Վարչապետը Գյումրիում կես ժամ էլ կանգ չառավ, քանի որ շտապում էր, մեկնում էր Փարիզ՝ Աստվածամոր տաճարի վերաբացմանը մասնակցելու։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image