«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է․
- Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակ է բացել։ Նպատակը գործարանի աշխատանքը խոչընդոտե՞լն է, թե՞ այլ նպատակներ էլ կան։
- Ադրբեջանը փորձում է իր խաղի կանոններն ամբողջությամբ տարածել Հայաստանի Հանրապետության վրա, դա կվերաբերի սահմանների ճշգրտմանը, կոմունիկացիաներին, թե մեկ այլ հարցի, Ադրբեջանը դա մշտապես սարքում է իր քննարկման առարկա, և սկսում է, որպես կանոն, համակարգային ճնշումների գործադրումը։ Քանի որ նաև նշվում է, որ այդ ընկերությունը ամերիկյան կապիտալով է, ընդ որում ադրբեջանական սադրանքի հետևանքով նաև 2 հնդիկ աշխատակիցներ էին վիրավորվել, ակնհայտ է, որ ադրբեջանական լկտիությունը նույնիսկ կանգ չի առնում այն պարագայում, երբ այդտեղ բացի հայկական շահերից մեծ առումով ներկայացված են նաև այլ շահեր։ Հնդկաստանի մասով Ադրբեջանը վաղուց տրամադրվածություն ունի՝ կապված հայ- հնդկական ռազմատեխնիկական համագործակցության հետ, և ոչ միայն ջանքեր է գործադրում արտաքին քաղաքական առումով քարոզչական տեսանկյունից, ակնհայտ է նաև, որ օգտագործում է իրավիճակը նաև այս ձևով Հնդկաստանին վնաս հասցնելու համար։ Մեծ առումով Ադրբեջանը փորձում է իր օրակարգը թելադրել, և դա այս պահին նրանում է, որ Հայաստանը այդպիսի ներդրումներ կարող է ունենալ այն դեպքում, եթե դա նրան թույլատրեն, որովհետև այն, ինչ Ադրբեջանն է մեջբերում և փորձում է այդ հիմքով կասեցնել կամ գոնե դանդաղեցնել այդ գործարանի կառուցումը, ապա ակնհայտ է, որ միջազգային իրավունքի առումով ունի բավականին թույլ հիմքեր, և մի փուլում դա կարող է դրսևորվել մետալուրգիական գործարանի աշխատանքները դադարեցնելով, մի ուրիշ ուղղությամբ դա արտահայտվում էր, օրինակ, Սոթքի հանքավայրի աշխատանքների դադարեցմամբ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ի թիվս այլ գործոնների, այստեղ աշխատում է նաև Հայաստանին մեծ տնտեսական վնասներ հասցնելու գործոնը։ Սա չի վերաբերում միայն կոնկրետ այդ գործարաններին, որովհետև բնական է, որ ցանկացած ներդրման պարագայում նաև հաշվի են առնում տարբեր հանգամանքներ, թե այդ երկրում խաղաղաություն կա, թե ոչ, ինչպես են պաշտպանվում սեփականության իրավունքը, ինչպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ ռազմաքաղաքական իրավիճակը լարվում է և այլն։ Այսինքն՝ բոլոր առումներով սա Ադրբեջանի՝ Հայաստանին վնասներ հասցնելու գործընթացի դրսևորում է։
- Իշխանությունները հայտարարեցին, որ եթե կադաստրի թուղթ ունենա Հայաստանը, ապա դա կլինի խաղաղության երաշխիք, այսինքն, մեզ չեն ասի՝ դուրս եկեք երկրի տարածքներից, մյուս կողմից էլ հայտարարեցին, որ գործարանի ուղղությամբ կրակելը Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչնդոտելու միտում ունի։ Հիմա իշխանությունները մի կողմից հավատում են Ադրբեջանի հետ խաղաղությանը, մյուս կողմից ասում, որ ուզում են մեր պետության տնտեսությունն էլ ոչնչացնել։
- Իշխանություններն իրենց հայտարարություններով ՀՀ-ին մղում են ծուղակ, և Ադրբեջանի համար հնարավորություն ստեղծում առավել ագրեսիվ գործելու, որովհետև նախ հայտարարվում է, որ Արցախը պատրաստ են ճանաչել Ադրբեջանի կազմում, խոսում են կադաստրի թուղթ չլինելու մասին․․․ սա, ըստ էության, ավելի հեշտացնում է այն հիմքերը, որ Ադրբեջանը միջազգայնորեն նախապատրաստվում է Հայաստանի նկատմամբ ագրեսիա կամ ավելի կոշտ ճնշումներ գործադրելուն։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որը արտահայտվում է նաև նրանց հանրային հայտարարություններով, Ադրբեջանի համար շահեկան վիճակ է ստեղծում` ինչպես բանակցային գործընթացի առումով, այնպես էլ ուժի կիրառման տեսանկյունից։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների այսօրվա գլխավոր նպատակը ոչ թե դարձել է եղած հնարավորությունների օգտագործումը և հայկական շահերի առավելագույնս ներկայացումը, այլ լրիվ հակառակը, և մեծ առումով Հայաստանի իշխանությունների քայլերը նաև լեգիտիմացնում են Ադրբեջանի ագրեսիան, և Արցախի և Հայաստանի նկատմամբ։
- Թեև ՀՀ իշխանություններն անընդհատ ասում են, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու և նույնիսկ հորդորում են այդ բառակապակցությունը չօգտագործել, սակայն Ալիևը վերջերս ևս հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցք լինելու է։ Ձեզ համար հասկանալի՞ է, թե՞ ինչ են պայմանավորվել ՀՀ իշխանությունները սրա հետ կապված։
- Նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր չեն, այսպես կոչված, միջանցքը տրամադրել, այստեղ այլ խնդիր է առաջ գալիս, որովհետև եթե դու քո դիրքերը չես պահպանում՝ հատկապես Սյունիքում, Վայոց Ձորում կամ մեկ այլ ուղղությամբ, քո թուլությամբ հնարավորություն ես տալիս Ադրբեջանին գործել, ապա դա ևս նշանակում է տալ միջանցք, կամ Ադրբեջանին հնարավորություն տալ գործելու այնպես, ինչպես նրա օրակարգն է թելադրում։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ երբ Հայաստանը ինչ-որ տարածք է կորցնում, իշխանություններն առաջինը ասում են, թե զինված ուժերը պայքարել են, բայց չեն կարողացել։ Այսինքն՝ նրանց համար ավելի լավ է տեսնեն, որ թեկուզ զոհերի գնով կա դիմակայություն, բայց դա նրանց պետք է ոչ թե դիրքը պահելու կամ բանակցային գործընթացում կամ մեկ այլ մակարդակում իրավիճակը վերահսկելու համար, այլ իրենց համար «փաստ» ստեղծելու՝ ասելու համար, որ գիտեք` մենք պայքարեցինք, բայց չստացվեց, Ադրբեջանը օբյեկտիվ առումով ուժեղ էր։ Այսինքն՝ այն պարտվողականության գաղափարը, որը իշխանության հայեցակարգն է կազմում, ինքնին բոլոր հնարավոր դեպքերում մեզ տանելու է պարտության և պարտության շատ ավելի ծանր իրավիճակների։
- Ադրբեջանի կողմից այս սադրանքների պարագայում իշխանությունը չպե՞տք է հայտարարեր, որ նման պայմաններում չի կարող Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, և հարցը առկախեր։
- Այս իշխանությունները բանակցային գործընթացում իրենց ողջ զենքն ու զինամթերքը մի կողմ են նետել, ձեռքերը վերև են բարձրացրել, և ադրբեջանին տվել են առավելագույնս մանևրելու և գործելու հնարավորություն, և այս պայմաններում արդեն իսկ հետքայլ անելը գնալով դառնում է շատ ավելի անհնարին։ Մյուս կողմից Ադրբեջանն ուզում է հասնել խաղաղության պայմանագրի, իսկ այդ խաղաղության պայմանագիրը շատ չակերտավոր է ասված՝ հատկապես ՀՀ-ի համար, որովհետև Ադրբեջանը փորձում է մի կողմից լեգիտիմացնել իր վերահսկողության և օկուպացիայի տակ հայտնված տարածքները՝ Գեղարքունիքի, Ջերմուկի, Ներքին Հանդի և մնացած բոլոր ուղղություններով, որոնք արձանագրվել են հետպատերազմական ժամանակահատվածում, մյուս կողմից ուզում են այդ փաստաթղթում ամրագրել իրենց նոր հավակնությունները, և դրանով է պայմանավորված, որ նրանք շտապում են։ Դրան խաղաղության պայմանագիր ասելը խիստ հարաբերական է, գուցե դա Ադրբեջանի համար խաղաղության կամ հաղթանակի պայմանագիր է, բայց Հայաստանի համար` նոր պարտության։