Քաղաքականություն

«Հրապարակ». Կարո՞ղ է ՀՀ սահմաններին կանգնել ԵՄ սպառազեն առաքելություն

«Հրապարակ». Կարո՞ղ է ՀՀ սահմաններին կանգնել ԵՄ սպառազեն առաքելություն

2022-ի սեպտեմբերից ի վեր որքան էլ Իլհամ Ալիեւը ջանում է ՀՀ տարածքների հանդեպ նոր հարձակում ձեռնարկել, չի համարձակվում։ Քաղաքական խոչընդոտը թերեւս այն է, որ ԱՄՆ-ն միջամտում է եւ Հայաստանի շուրջ զարգացումները պահում է ուշադրության կենտրոնում։ 2023-ի դեկտեմբերին Վաշինգտոնից բարձրաձայնեցին, որ ԱՄՆ-ն թույլ չի տա՝ Հայաստանի տարածքով անցնի որեւէ միջանցք, որին դեմ է Հայաստանը։ 2025-ի հունվարին Բայդենի վարչակազմի հետ կնքվեց ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության համաձայնագիր, ինչի մասին Թրամփի կառավարությունն ամեն առիթով բարձրաձայնում է։ 

ԱՄՆ-ի ամրապնդվելը Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ Սիրիայում, բարենպաստ ընթացք է Հայաստանի համար, որի բարձրակետը կարող է դառնալ պատմական Կիլիկիա-Հայաստան տրանսպորտային միջանցքի հաստատումը։ Դա այն է, ինչ Վաշինգտոնում ծրագրված էր անել հարյուր տարի առաջ, երբ Վերսալյան վեհաժողովում ստորագրվեց Սեւրի դաշնագիրը, եւ ԱՄՆ-ն վերցրեց Հայաստանի մանդատը՝ ԱՄՆ նախագահի իրավարար վճռով գծելով Սեւրյան Հայաստանի սահմանները։ Այն ժամանակ ռուս-թուրքական տանդեմը խափանեց Սեւրի դաշնագրի գործադրումը՝ Հայաստանին զրկելով հազարամյակների իր բնօրրանից ու, ինչպես Պողոս Նուբար փաշան էր ասում՝ «թոքերից»՝ դեպի Միջերկրական ծով ելքից։ 

Հիմա կարծես անիվը պտտվում է ետ՝ Հայաստանը Միջերկրական ծովին կապելու մասով, եւ անգամ ավելին՝ Հայաստանի առջեւ ոչ միայն Եվրոպայի հետ հաղորդակցության, այլեւ պոտենցիալ անդամակցության հեռանկար է բացված։ Հուսանք՝ EU-Armenia Partnership Agenda փաստաթուղթը, որն արդեն մեկ տարի է՝ բանակցվում է, եւ դեռ տարեսկզբից ասվում էր, թե ավարտական փուլի է հասել, մոտ ապագայում վերջապես կստորագրվի, եւ հանրությանը տեսանելի կդառնա դեպի Եվրոպա եւ ԵՄ անդամակցություն ճանապարհային քարտեզը։

Իսկ ամենից էականը Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին անվտանգության հարցն է։ Ամենքին տեսանելի է, որ 2022-ից ի վեր Հայաստանի սահմանների ապահովության կարեւոր երաշխիքներից մեկը ՀՀ սահմանները դիտարկող ԵՄ քաղաքացիական առաքելությունն է։ Իսկ կարո՞ղ է արդյոք ՀՀ սահմաններին կանգնել ԵՄ զինված առաքելություն։ 
Մարտի սկզբին ես հարցազրույց էի վերցրել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսից («Հրապարակ», ««ԵՄ-ին ինտեգրումը նշանակում է ինտեգրում Թուրքիային» թեզը բացահայտ կեղծիք է», 5 մարտ, 2025թ․), որտեղ սպառազեն առաքելության հնարավորության մասին ուղիղ հարց էի տվել։

Հարցը հետեւյալն էր․ «Պրն դեսպան, 2022-ի մայիսին ԵՄ-ն ընդունեց մի փաստաթուղթ, որը կարճ կոչվում է Strategic Compass: Քաղաքացիական դիտորդական առաքելությանը զուգահեռ այդ փաստաթուղթը նախատեսում է ԵՄ Արագ գործարկման ուժերի (EU Rapid Deployment Capacity) կազմավորում, մինչեւ 5 հազար զորակազմով, որը 2025-ից պատրաստ է լինելու ԵՄ սահմաններից դուրս տեղակայման: Այս կազմավորումը շատ է նման սպառազեն խաղաղապահ ուժերի, հետեւաբար, ցանկանում եմ հարցնել՝ ի՞նչ խոչընդոտներ, ի՞նչ շահավետություն, նպատակահարմարություն, հեռանկարներ կան EU Rapid Deployment Capacity-ի հետ կապվող առաքելություն Հայաստանում տեղակայելու առումով, եւ մինչ այժմ եղե՞լ են արդյոք քննարկումներ այդ թեմայով»։

ԵՄ պատվիրակության ղեկավարը պատասխանել էր․ «Ես շատ հստակ լինեմ. Հայաստանում ռազմական առաքելություն տեղակայելու վերաբերյալ քննարկումներ Եվրոպական Միությունում չկան։ ԵՄ-ի աշխատանքը՝ Արագ գործարկման ուժերի (EU Rapid Deplyment Capacity) կազմավորման, պատրաստության բերելու ուղղությամբ, կապված չէ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների հետ»։

Ցանկացած անձ, ով դիվանագիտական միջավայրի հետ առնչություն ունի, դեսպանի պատասխանն ընկալելու էր նույնկերպ՝ ձեր երկրի իշխանությունները չեն դիմել, ինչի արդյունքում էլ նման հարց չի քննարկվում։ Իսկ ինչո՞ւ չեն դիմել․․․ պատասխանը յուրաքանչյուր հայաստանցի գիտի․ որովհետեւ ՀՀ գործող իշխանությունները տգետ են, անձեռնհաս, ոչ ադեկվատ, անպատասխանատու, եւ այդպես շարունակ։ Եվ հետո՝ ո՞վ պիտի դիմի... հոգեգարի նման ամեն պահի ճչացող, աչքերը ոլորող, իրեն չտիրապետող, պարբերական ցնցումների մեջ ընկնող Նիկոլ Փաշինյա՞նը։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի հոգեկան խանգարումից սեփական ինքնատիրապետումը կորցրած պատգամավորնե՞րը, որ օրը մի լեզվակռիվ-քաշքշոց են բեմադրում Ազգային ժողովում։ Հուսանք՝ ԱԳՆ-ն խնդրով կզբաղվի, քանի որ այդտեղ, ամեն պարագայում, ավելի հավասարակշռված ու հոդաբաշխ մարդիկ են աշխատում։ Այլ հարց, սակայն, որ ԱԳՆ-ն ենթակա կառույց է։ Դժբախտաբար, ներկա պահին ակնհայտ հոգեկան խանգարման մեջ գտնվողներին ենթակա կառույց։ 

Խոչընդոտ չի բարձրաձայնվում

Տա Աստված, որ Հայաստանում օր առաջ իշխանությունը փոխվի, այսօրվա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ասպարեզից հեռանան։ Սակայն միջազգային զարգացումները հայաստանյան անցուդարձով չեն պայմանավորվում, դրա համար էլ մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի վերջին-ապրիլի սկզբին, Հայաստանում պաշտոնավարող ԵՄ բոլոր ռեզիդենտ դեսպաններին (իսկ ԵՄ անդամ 27 երկրներից 14-ը Երեւանում ունեն ռեզիդենտ դեսպաններ) նույնաբովանդակ նամակներ ուղարկեցինք՝ խնդրելով պատասխանել մեկ հարցի․ “Mr. Ambassador, what obstacles, if any, do you see to exploring the prospects for stationing a mission in Armenia tied to the EU Rapid Deployment Capacity?”. Թարգմանաբար. «Պրն դեսպան, Հայաստանում ԵՄ Արագ գործարկման ուժեր տեղակայելու հնարավորությունն ուսումնասիրելու համար Դուք տեսնո՞ւմ եք որեւէ խոչընդոտ»։

Հարցադրումն ուղարկվել է ԵՄ բոլոր ռեզիդենտ դեսպաններին, եւ, ուրախալիորեն, նրանց թվում չգտնվեց մեկը, որ խոչընդոտ մատնանշեր կամ խոչընդոտի մասին բարձրաձայներ։ Ըստ իս, լավագույն պատասխանը տվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին․ «Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) կրում է զուտ քաղաքացիական բնույթ։ EUMA-ն տեղակայումից ի վեր նպաստել է միջադեպերի քննությանը, կեղծ լուրերի հերքմանը, իրադրությունը լարող հռետորաբանության նվազմանը եւ Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում գտնվող բնակչության ինքնավստահությանը։ EUMA-ի մանդատը երկարաձգվել է մինչեւ 2027 թվականի փետրվարի 19-ը։ Եվրոպական իր հանձնառություններից բացի, Ֆրանսիան 2023-ից ընդլայնել է նաեւ իր երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ: Ֆրանս-հայկական պաշտպանական համագործակցությունը կենտրոնացած է Հայաստանի բանակի զինման, զինպատրաստության բարձրացման եւ խորհրդատվության վրա՝ ամրապնդելու իր ժողովրդին, ինքնիշխանությունը եւ տարածքը պաշտպանելու Հայաստանի կարողությունը: 

Ֆրանսիայի դեսպանությունը նշում է, որ Հայաստանում տեղակայված օտարերկրյա ռազմակայանների եւ օտարերկրյա ուժերի առկայությունը չի կանխել 2021 թվականի մայիսին եւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիաները եւ դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքներից մեծ կտորների բռնազավթումը»։ 

(“The European Union Mission in Armenia (EUMA) is of a purely civilian nature. Since its deployment, EUMA has helped establish incidents, dispel fake news, deflate escalatory rethorics and reassure vulnerable populations along the military contact line with Azerbaijan. Its mandate has been extended until 19 February 2027.
Besides its European commitments, France has stepped up its bilateral cooperation with Armenia since 2023. French-Armenian defense cooperation focuses on equiping, training and advising the Armenian Army, in order to enhance Armenia's capability to defend its people, its sovereignty and its territory.

The French Embassy notes that the presence of Foreign military bases and Foreign forces stationed in Armenia did not prevent agressions against Armenia's sovereign territory in May 2021 and September 2022 and the subsequent occupation of large swathes of Armenian territory.”)

Հայաստանում Գերմանիայի դեսպանի՝ Կլաուդիա Բուշի գնահատմամբ, հարցը՝ «Տիկ դեսպան, Հայաստանում ԵՄ Արագ գործարկման ուժեր տեղակայելու հնարավորությունն ուսումնասիրելու համար Դուք տեսնո՞ւմ եք որեւէ խոչընդոտ», վերաբերում էր «ոչ թե երկկողմ հարաբերություններին, այլ՝ եվրոպական համատեղ անվտանգային ու պաշտպանական քաղաքականությանը», այդքանով էլ դեսպանատան իրավասություններից վեր է հարցին պատասխանելը։ Տիկին դեսպանի մոտեցման հետ կարելի էր համաձայնել կամ՝ ոչ։ Ամեն պարագայում, ես հարցն ուղարկեցի նաեւ ԵՄ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչություն։ Ներկայացուցչությունում համարել էին, թե հարցի ավելի ճիշտ հասցեատեր կլինի պաշտպանության նախարարությունը, եւ հարցը վերահասցեագրել էին Գերմանիայի ՊՆ-ին։ ՊՆ մամուլի խոսնակի պատասխանն էր․ «Հարցի դիվանագիտական կողմի առնչությամբ, կխնդրենք հարցն ուղղել Դաշնային արտաքին գործերի նախարարությանը»։ (“With regards to the diplomatic dimension of the issue, please address your request to the Federal Foreign Office”)։ ԱԳՆ-ից նույնպես պատասխանեցին՝ որեւէ խոչընդոտ չբարձրաձայնելով։ Արդյունքում՝ ո՛չ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից, ո՛չ Բրյուսելում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունից, ո՛չ Գերմանիայի պաշտպանության նախարարությունից, ո՛չ ԱԳՆ-ից որեւէ խոչընդոտ չնշվեց Հայաստանում ԵՄ Արագ գործարկման ուժեր տեղակայելու հնարավորությունն ուսումնասիրելու հարցում։ 

Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ խոսնակի՝ տիկին Վիլեմեյն Վելդմանի (Willemien Veldman) պատասխանը նույնն էր, ինչ Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի դիրքորոշումը, այն է՝ ոչինչ չունեն ավելացնելու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի՝ հարցազրույցում ԵՄ Արագ գործարկման ուժերի վերաբերյալ հարցին տված պատասխանին։ Դեսպան Մարագոսի պատասխանով բավարարվել էին նաեւ մի քանի այլ երկրների դեսպաններ։ Եղան նաեւ դեսպաններ, ովքեր իմ նամակը եւ հարցը ստացել էին, սակայն պատասխան չհետեւեց։ Եղավ նաեւ կարեւոր մի երկրի ուղիղ գնահատական, որ խոչընդոտ չեն տեսնում։ 

Իսկ եթե դեսպանները հրապարակավ խոչընդոտ չեն բարձրաձայնում՝ Հայաստանում ԵՄ Արագ գործարկման ուժերի հետ կապված սպառազեն առաքելություն տեղակայելու հարցն ուսումնասիրելու համար, Հայաստանի իշխանություններին մնում է հարցն ըստ հարկի նախապատրաստել եւ ԵՄ-ի հետ երկխոսությունում քննարկել։ Հուսանք՝ իրենք դա կանեն ավելի արագ, քան հարցադրումը մեր կողմից կուղարկվի եվրոպական խորհրդարանի խմբերի եւ խմբակցությունների ղեկավարներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image