Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ և կայուն խաղաղության ուղով»,-շեշտել է Պետքարտուղարության խոսնակը և հավելել, որ Վաշինգտոնը երկկողմանիորեն և բազմակողմանիորեն նեգրավված է եղել այդ ջանքերում։
«Մենք կշարունակենք անել հնարավոր ամեն բան կողմերի հետ ուղիղ, ինչպես նաև՝ բազմակողմ կառույցների և խմբավորումների միջոցով, այդ գործն առաջ մղելու համար: Հույս ունենք, որ մյուս երկրները կուղարկեն ճիշտ նույն ուղերձը», - ասել է Փրայսը։
Պետդեպի ներկայացուցիչը նաև ողջունել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Երևանի և Անկարայի միջև շփումները։