«Նյու-Յորքի քաղաքային ղեկավարությունը նկարահանել է մի հոլովակ, որտեղ ԱՄՆ-ի քաղաքացիներին շատ մանրակրկիտ բացատրվում է, թե ինչ անել, եթե քաղաքը ենթարկվի միջուկային հարվածի։ Սա, իհարկե, բնավ չի նշանակում, որ վաղը կսկսվի միջուկային պատերազմ (սա ավելի շատ միտված է հիստերիայի գեներացմանը, որ ամերիկացիները «ըմբռնումով» մոտենան ԱՄՆ-Ռուսաստան առճակատմանը Ուկրաինական ճակատում)»,- «Հրապարակին» ասաց քաղաքական գործիչ Արման Աբովյանը։
Վերջինս ընդգծում է, որ հաշվի առնելով ակնկալվող աշխարհաքաղաքական գլոբալ ցնցումները ամբողջ երկրագնդի մասշտաբով՝ գրեթե բոլոր խոշոր պետությունները նախապատրաստվում են տարատեսակ արհավիրքների` սկսած աննախադեպ էներգետիկ ճգնաժամից, ավարտած պարենի կտրուկ գների աճով և սակավությամբ։
Քաղաքական գործչի խոսքով, գրեթե բոլոր վերլուծական կենտրոնները պնդում են, որ, այսպես կոչված, «վտանգավոր լարվածության» գոտու մեջ մտնում է նաև Հարավային Կովկասը (հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային հավակնությունները հարևան պետությունների նկատմամբ): Սակայն դա ոչ մի կերպ չի խոչնդոտում, որ Հայաստանը իր հերթին շարունակի անկապ, անիմաստ, վտանգավոր, անհասկանալի, թրքահաճո, ադրբեջանամետ և, ի վերջո, աբսուրդի տիրույթում գտնվող քաղաքականությունը թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի հետ «սիլի-բիլի» անելու ուղղությամբ՝ անվանելով այս ինքնասպան խելագարությունը «խաղաղության դարաշրջան»: