Հասարակություն

Պետությունն ասում է՝ գործատուն ես եմ, ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ ուզի 

Պետությունն ասում է՝ գործատուն ես եմ, ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ ուզի 

Կորոնավիրուսից «կամավոր»-պարտադիր պատվաստման մասին նախագիծը տեղադրված է e-draft -ում սեպտեմբերի 1-ից, և, չգիտես ինչու, ունի «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ անվանումը։ Օրենքի այս փոփոխությունը մտցրել են Հանրային ծառայության մասին օրենքի մեջ, քանի որ մտածում են հանրային ծառայողների առողջության մասին։

Այսպես, կարդում ենք․

«Հարկ է նկատել, որ հանրային իշխանության մարմիններում աշխատող անձինք իրականացնում են հանրության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթներ, որպիսի պարագայում նրանց կողմից վարակիչ հիվանդությամբ վարակվելը կարող է տևական ժամանակով խոչընդոտներ ստեղծել այդ գործառույթների պատշաճ իրականացման համար` վտանգելով նաև այդ գործառույթների իրականացմամբ հետապնդվող հանրային շահերը։ Հետևաբար, համապատասխան կանխարգելիչ միջոցառումների չիրականացումը հղի է հանրային իշխանության մարմինների գործառույթների պատշաճ իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու վտանգով: Պետությունը, այս համատեքստում՝ որպես գործատու, կարող է սահմանել աշխատանքի կազմակերպման իր առանձնահատկությունները` հանրային իշխանության մարմիններում աշխատանքի բնականոն պայմաններն ու շարունակականությունն ապահովելու համար: Իր հերթին, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը հանրային իշխանության մարմիններում աշխատող անձանց կողմից պայմանավորված է մի շարք այլ հանգամանքներով ևս. օրինակ՝ այս մարմինների աշխատողները կազմում են զբաղվածություն ունեցող բնակչության բավականին զգալի թիվը (շուրջ 246,900 անձ՝ 2019թ. տվյալներով), ինչպես նաև պարբերաբար շփումների մեջ են գտնվում հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ և այլն: Ուստի, այդ անձանց կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը կարող է էական ազդեցություն ունենալ վարակի դեպքերը նվազեցնելու և հանրային իշխանության մարմինների գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործընթացում»։

Նաև նշվում է, որ, ի տարբերություն մասնավոր ոլորտի, հանրային ծառայողները և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք ունեն առանձնահատուկ կարգավիճակ. այն, ինչպես նաև՝ նրանց լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են առանձին օրենսդրությամբ, նրանց նկատմամբ գործում են առանձնահատուկ, երբեմն խիստ պահանջներ ու սահմանափակումներ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք, գործունեության այլ տեսակներով զբաղվելու սահմանափակումներ, գույքի և եկամուտների հայտարարագրման պարտականություններ, վարքագծի կանոններ և այլն։

Այսինքն, հանրային ծառայողներն ու հանրային պաշտոն զբաղեցնողներն իրենց կարգավիճակից ելնելով օբյեկտիվորեն տարբերվում են այլ ոլորտի աշխատակիցներից, ընդհուպ` իրենց հիմնական իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների առումով:

«Մյուս կողմից, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների գործատուն, ըստ էության, պետությունն է` իր հանրային իշխանության մարմինների միջոցով, որը կարող է սահմանել իր «աշխատակիցների» համար առանձնահատուկ պահանջներ, կանոններ, պարտականություններ և այլն»:

«Հրապարակը» Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց՝ այնուամենայնիվ, ո՞ր խմբերի վրա է նախագիծը տարածվում։ Նա կրկնեց՝ հղիները և առողջապահական ցուցումներով բացառությունները, որոնց մասին պետք է ներկայացվի բժշկական տեղեկանք։ Մենք հարցնում էինք՝ ո՞ր սոցիալական խմբերի, քանի որ, փաստորեն, օրենքը առաջին հայացքից չի տարածվում նախարարների, պատգամավորների վրա։

«Դա բոլորի վրա է տարածվում, ես ճիշտն ասած, էս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ անվանումն ինչպես է գրված տնտեսվարողների, գումարած պետական և ինքնակառավարման մարմինները, որոնք ևս մտնում են»։ Եթե նկատեցիք՝ նախարարը չասաց՝ կառավարման, այլ ասաց ինքնակառավարման։ Հարցը ձևակերպեցինք ուղիղ՝ նախարարները, պատգամավորները կարո՞ղ են չպատվաստվել։ Նախարար․«Չկա նման բան, բայց մեր մոնիթորինգի արդյունքում բոլոր նախարարներն էլ պատվաստվել են։ Արդեն իսկ»։ Նկատեցինք, որ առաջին ներարկման մասին բոլորն իմացան, երկրորդի մասին՝ ոչ։ Ի դեպ, հիմա արդեն խոսում են երրորդի մասին, նույն ԱՀԿ-ում։

Նախարար․«Գիտեք, առաջինը ստանալուց հետո չեմ կարծում որ կա մարդ, որը երկրորդը չի ստացել։ Չունենք նման դեպք»։ Իսկ ի՞նչ է լինելու նախարարների ու պատգամավորների վիճակը, որոնք այս կամ այն պատվաստանյութն են արել։ Արսեն Թորոսյանն, օրինակ, պատվաստվել էր «Սպուտնիկ», ի՞նչ է, նրա համար Եվրոպայի դռներն այլևս փա՞կ են լինելու։ Այսինքն՝ մարդիկ կամ ՌԴ պետք է գնան, կամ Եվրոպա՞։

Նախարար Ավանեսյան․«Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ ով ինչով է պատվաստվել, որ երկիր է գնացել։ Բայց եկեք չշփոթենք․ վիզա ստանալու համար, այո, պահանջվում է, որ ներկայացնեն պատվաստման թուղթ, բայց եթե անձն ունի վիզա և ՊՇՌ թեստ հանձնել է, նա կարող է գնալ»։  

Նշենք, որ ԱՆ-ը «զինվել է» նաև ՄԻԵԴ նախադեպային որոշումներով․ Օրինակ՝ ՄԻԵԴ-ն իրավաչափ է համարել չպատվաստվելու դեպքում չեխական օրենսդրությամբ նախատեսված սանկցիան, այն է՝ տուգանք՝ մինչև 10.000 չեխական կրոնա (մոտ 400 եվրո)։ «Սոլոմախինն ընդդեմ Ուկրաինայի» գործով թեև ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պարտադիր պատվաստումը միջամտություն է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, այնուամենայնիվ, եզրակացրել է, որ այդպիսի միջամտությունը կարող է հիմնավորված և, հետևաբար, իրավաչափ լինել, եթե այն անհրաժեշտ է վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար։

Փաստորեն, նշված գործողությունը տարածվում է հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։ Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է, մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները : Ընդ որում, այս ժամկետների մեջ տրամաբանորեն չպետք է հաշվարկվեն այն ժամկետները, երբ անձը այսպես թե այնպես չպետք է ներկայանար աշխատանքի, օրինակ՝ գտնվել է արձակուրդի, ժամանակավոր աշխատունակության կամ գործուղման մեջ:

Նշենք, որ որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն նշվում է՝ ներկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, եվրոպական աշխարհամասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ: Բերված են նաև վիճակագրություն, ըստ որի՝ օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում (01-07.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 1,818 դեպք՝ կատարված 43,897 թեստավորումներից (4.14%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 31,  օգոստոսի չորրորդ շաբաթվա կեսի դրությամբ (22-29.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,702 դեպք՝ կատարված 42,890 թեստավորումներից (8.63%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 71:Ընդամենը՝ 10,997 դեպք, 173,150 (6.35%) թեստավորում, 204 մահվան դեպք: Ի տարբերություն, հուլիս ամսին ընդհանուր պատկերը եղել է հետևյալը. հաստատված դեպքեր՝ 5,118, կատարված թեստավորումներ՝ 152,295, մահվան դեպքեր՝ 102:

ԱՀԿ-ն էլ, իր հերթին, զգուշացնում է աշնանը աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի սպառնալիքի մասին՝ խորհուրդ տալով պետություններին ձեռնարկել միջոցներ նոր ալիքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Նախագծի ստորին հատվածում տարբեր հղումներ են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը զգուշացնում է կորոնավիրուսային հիվանդության նոր՝ ալֆա (բրիտանական), բետա (հարավ-աֆրիկյան), գամմա (բրազիլիական) և դելտա (հնդկական) տեսակները առավել վտանգավոր են։ Հետեւաբար՝ հորդորում է չհետաձգել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, որոնք նույն ԱՀԿ-ի տեսակետով՝ անվտանգ են 18 և ավելի տարիքի մարդկանց մեծամասնության համար, ներառյալ տարբեր տեսակի հիվանդություններ ունեցող անձնաց համար. օրինակ՝ աուտոիմունային հիվանդություններ, հիպերտոնիա, շաքարախտ, ասթմա, թոքերի, լյարդի և երիկամների հիվանդություններ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ, որոնք կայուն են և վերահսկելի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image