Քաղաքականություն

Տրանսպորտային ապաշրջափակումն ուղղակիորեն կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ․ Քեռյան

Տրանսպորտային ապաշրջափակումն ուղղակիորեն կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ․ Քեռյան

Փետրվարի 16-ին Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարկվեց տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին խոսել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

«Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի ձևերին վերաբերող հարցերի շուրջ», - նշված էր հայտարարության մեջ։

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Մինսկի խմբի գործողություններին պետք է նայել տարբեր տեսանկյուններից։

«Եթե մենք նայում ենք ադրբեջանական քարոզչական մեքենայի դրույթների տեսանկյունից, ապա մի անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմից հետո հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցը լուծված է», «այդպիսի հարց գոյություն չունի», և «մոտ ապագայում Ադրբեջանը կվերականգնի իր սուվերեն իրավունքներն իր ամբողջ տարածքի վրա»։ Այստեղից ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը հույս ունի՝ որոշակի ժամանակ հետո իր ազդեցությունը հաստատել նաև հայկական 2500 քառակուսի մետր փոքրիկ տարածքի վրա։ Եվ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Բաքու, Ալիևը շատ կոշտ և արհամարհական հայտարարեց, որ «Ձեզ այստեղ ոչ ոք չի հրավիրել», «դուք ոչ մի արդյունքի չեք հասել 26 տարվա ընթացքում» և «ձեր գործունեությունն այլևս աննպատակահարմար է», - նշեց Քեռյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմը պատերազմից հետո, կարծես, առավել չեզոք, առավել դրական մոտեցում ցուցաբերեց Մինսկի խմբին։ «Ճիշտ է, վերլուծական, փորձագիտական շրջանակներում, նաև՝ ես, նշեցինք, որ «այս պատերազմը, այս զոհերը հետևանք էին նաև Մինսկի խմբի կրավորական վերաբերմունքի և անարդյունավետ գործունեության», բայց անմեն դեպքում Հայաստանը պատերազմից հետո և ոչ էլ հիմա չի ուզում փակել ԵԱՀԿ ձևաչափը, որովհետև պահպանվել է հայկական վարչակարգ որոշակի տարածքի վրա, որի անունն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։ Բնականաբար հայկական կողմը կուզենա, որ բանակցային գործընթացը շարունակվի՝ գուցե հեռանկարում մտածելով, որ այն կտանի դեպի թեկուզ փոքր տարածքի վրա հայկական պետականության դե ֆակտո ճանաչմանը կամ միջազգային ճանաչմանը»,- ընդգծեց քաղաքագիտության դոկտորը։

Քեռյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը, ավելի քիչ չափով Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ավելի ինտենսիվորեն սկսեցին հարցադրումներ անել, որ «այս ձևաչափում պետք է շարունակվի բանակցային գործընթացը», «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ», որը անմիջականորեն հակասում է Ադրբեջանի նախնական դիրքորոշմանը՝ «Ղարաբաղյան հարցը լուծված է»։ Մինսկի խմբի եռանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ըստ քաղաքագետի, ունեն տարբեր շահեր, սակայն մի կետում նրանք համամիտ են՝ «պետք է շարունակել բանակցային գործընթացը»։

«Արևմուտքը՝ հանձինս Եվրամիության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների, բացահայտ պասիվ, հանցավոր չեզոք վերաբերմունք դրսևորեցին պատերազմի օրերին։ Ոչ մի գործնական քայլ չարեց ԱՄՆ-ն, այդ օրերին ԱՄՆ նախագահ Թրամփը նույնիսկ չիմացավ, թե ինչ կոնֆլիկտ է, որտեղ է, ոչ էլ խորացավ, գործնական քայլ չարեցին, օրինակ՝ պատժիչ գործողություն՝ Ադրբեջանին զսպելու համար։ Չէ՞որ խոսքը գնում էր հազարավոր մարդկանց մահվան մասին։ Ֆրանսիան՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, առավել ակտիվ էր, բայց ակտիվությունը մնաց միայն հայտարարությունների, կոչերի և բարոյական ռևերանսների շրջանակում։ Համանախագահներից թերևս միայն Ռուսաստանն էր, որ ակտիվ կերպով ձգտում էր դադարեցնել պատերազմը։ Եվ ի վերջո, կատարելով միլիարդավոր դոլարների ֆինանսական ծախսեր՝ զորքեր մտցրեց Ղարաբաղ և այդ մի փոքր տարածքի վրա ապահովեց անվտանգային միջավայրը։ Չնայած մի շարք մարդիկ, մոռանալով սա, տարբեր հեռուստաալիքներով հայատրարությոնւններ են անում, որ «պետք է կանչել սկանդինավյան խաղաղապահներին» կամ «այս անել, այն անել»՝ առանց հասկանալու, որ Արևմուտքը մեծ ծախսեր չի անի»,- ընդգծեց ԵՊՀ ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչը։

Պատասխանելով հարցին, թե որո՞նք են եռանախագահների շահերը, Գարիկ Քեռյանն ասաց․ «Արևմուտքը, հասկանալով, որ Հայաստանում բացասական էմոցիաներ կան, և փաստացի չմիջամտելով պատերազմին՝ կորցրել է իր ազդեցության լծակները Հարավային Կովկասում, և ռուս-թուրքական համագործակցութունն ու առավել ակտիվությունն աշխարհաքաղաքական իմաստով բերելու է Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերի ամրապնդելուն, փորձում է վերակենդանացնել Մինսկի ձևաչափը։ Իսկ դրանում առաջնայինը ոչ թե այս հարցի համապարփակ լուծումն է, մարդու իրավունքները, հումանիզմը, այլ՝ ավելի շատ աշխարհաքաղաքական շահերը՝ վերականգնելու Հարավայաին Կովկասում կորցրած ազդեցությունը»։ Ռուսաստանի մասով քաղաքագետն ասաց, որ այն ինչ-որ չափով կողմ է բանակցային գործընթացին, որովհետև քանի կա իրողություն, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, ռուսական վերնախավը շատ ավելի հեշտ կարող է ազդեցության լծակներ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա, և սրանք են ԵԱՀԿ Մինսկի խմբի կենդանության նշանները ցույց տալու պատճառները։

«Իրականում, հայ ժողովուրդը, հայ հասարակական միտքը, նրանք, ովքեր իրական քաղաքականությունից գլուխ են հանում, և ոչ թե արևմտյան գրանտներ ուտող հակառուսները, հասկանում են, որ Արևմուտքը ևս մեկ անգամ արժանի է 19-րդ դարում արված ձևակերպումներին, որ տվել էր Խրիմյան Հայրիկը և հետագայում բոլոր մտածողները և պետական գործիչները․ «Արևմուտքն անբարոյական է։ Ով շատ վճարեց, նրա տակ էլ պառկում է»։ Պատկերացրեք, 26 տարի շարունակ հնչեցվում էր մի պարզ, հասկանալի հարց՝ «Կա մի տարածք, որի վրա ապրում է 100-120 հազար էթնիկական փոքրամասնություն, որն իր ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը կանխելու համար ուզում է ինքնորոշվել»։ Ի՞նչ կար այստեղ բարդ, որ Արևմուտքը ճանաչեր Ղարաբաղի ինքորոշումը կամ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս մեխանիզմ հայտնագործեր։ Հիմա, երբ որ տեղի է ունեցել ողբերգություն, հազարավոր երիտասարդներ թաղված են հողի տակ, նոր-նոր հայտարարում են, որ «բանակցային գործընթացը պետք է շարունակվի»։ Երկակի ստանդարտները բնորոշ են արևմտյան դիվանագիտության կեցվածքին։ Ինչո՞ւ նրանք պետք է Սերբիան այդպես ռմբակոծեին, մարդիկ զոհեին, պատժամիջոցներ կիրառեին՝ հարվածելով տնտեսապես, ամեն կերպով մեկուսացնելով, Եվրոպայի կենտրոնական այդ քրիստոնեա ազգին գցեին այդ օրը, որպեսզի ճանաչի մահմեդական Կոսովոյի անկախությունը և դրոշի վրա թափահարեն

«ինքնորոշման իրավունքի», «մարդու իրավունքների հարգում», բայց Ղարաբաղի դեպքում 26 տարի փնտրտուքների մեջ էին»,- հավելեց նա։

Ըստ Քեռյանի՝ սրա տակ թաքնված են էներգետիկ շահեր, արևմտյան նավթային և էներգետիկ ընկերությունների հակահումանիստական քաղաքականությունը։ «Չմոնառանանք, նաև, որ պատերազմի ամենաթեժ օրերին, երբ որ փրկության ելք էր փնտրում հայ ժողովուրդը, երբ որ փորձ արվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ղարաբաղի պատերազմի հարցը բարձրացրել չակերտավոր դեմոկրատիայի կենտրոն, բաստիոն Մեծ Բիտանիան վետո դրեց, և թույլ չտվեց Ղարաբաղի հարցի քննարկումը։ Այն էլ այն դեպքում, երբ որ մի ձրիակեր Նավալնի, որ ոչ մի օգտակար աշխատանքով չի զբաղվել, միլիոնավոր դոլարներ է կուտակել՝ Արևմուտքի հետ հակառուսական, հակապետական գործունեության համար, այդ մի ախմախի ձերբակալության պատճառով, Արևմտյան տերությունները գնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների։ Իսկ հնարավո՞ր չէր՝ պատերազի ժամանակ հանուն երիտասարդների կյանքի փրկության պատժամիջոցներ կիրառեին Ադրբեջանի դեմ», - շարունակեց նա։

Քաղաքագետը որևէ հույս չի կապում Մինսկի խմբի ձևաչափի հետ։ «Միակ հույսն այն է, որ ռուսները, ելնելով իրենց ազգային-պետական շահերից, գոնե 5 տարով ապահովեն անվտանգային միջավայր, մինչև որ Հայաստանը ոտքի կանգնի, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու»,- նշեց Քեռյանը։

Հարցին՝ եթե հաշվի առնենք կոմունիկացիաների ապաշրջափակման թեման և Մինսկի խմբի ձևաչափը, արդյո՞ք համահունչ են իրար, պատասխանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նվիրված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Իսկ այն, ինչը որ անում է Ռուսաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցած, սա ես ավելի շատ կվերնագրեի որպես ազդեցության գոտիների բաժանում, կոմունիկացիաների բացում»,- նշեց Գարիկ Քեռյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ այդ կոմունիկացիաների բացման տակ յուրաքանչյուր կողմը ձգտում է առավել ապահովել իր պետական-ազգային շահերը։ «Օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են տրանսպորտային կապ հաստատել [հիմնականում շահագրգռված են Մեղրիով միջանցքի վրա]։ Ռուսաստանը ձգտում է մեծացնել Հարավկովկասյան երկաթուղու միջոցով իր ազդեցությունը։ Իրանը, որ պատերազմի ժամանակ ցուցաբերեց կրավորական չեզոքություն, փորձում է այդ ծրագրերում ակտիվություն ցուցաբերելով իր դերը վերականգնել։ Այսինքն՝ այժմ Հարավային Կովկասում գնում են էներգետիկ-տրանսպորտային կոմունիկացիաների, տնտեսական ազդեցության գոտիների, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցության ուղիների ապահովման գործըթնացներ, որտեղ ամեն մեկը, շտապելով, առաջ է ընկնում՝ փորձելով իր հարցերը լուծել։ Տրանսպորտային կոմունիկացիաների առումով, կարծես, Ղարաբաղը մնում է դեպի վեր, նրա միակ ուղին այսօր մնում է Ստեփանակերտի օդանավակայանը, որ Ռուսաստանի հետ օդային կապ ունենա։ Նաև ռուսական ռազմական ներկայության վրա հիմնվելով՝ Լաչինով կապվեն Հայաստանի հետ։ Տրանսպորտային ապաշրջափակումն, ըստ էության, ուղղակիորեն կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ։ Դա Ղարաբաղյան հակամարտության հետևանքն էր․ օրինակ՝ հայ-թուրքական սահմանի փակումը, երկաթուղային կապի ոչնչացումը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև և այլն։ Սրանք հետևանքներ են, որոնք իրենց փորձում են հիմա լուծել, բայց առայժմ դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի 5 տարի հետո, եթե ռուսական ներկայությունը, Աստված ոչ անի, վերանա Ղարաբաղում»,- եզրափակեց Քեռյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image