Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, որոշեց եւս երեք ամսով երկարացնել Վահագն Չախալյանի նկատմամբ նշանակված խափանման միջոց կալանքի ժամկետը: Դատարանն ինչպես իր նախկին, այնպես էլ ներկայիս որոշմամբ գտավ, որ դատավարության տվյալ փուլում արձանագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները «ողջամտորեն բավարար են՝ հիմնավորված համարելու Վահագն Ռուբենի Չախալյանի առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ ահաբեկչություն հանցագործությանը»: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Չախալյանի շահերի պաշտպան, փաստաբան Վրեժ Խաչիկյանը: Նա նաեւ նկատեց. «Բնականաբար, դատավարության սույն նախնական փուլում դատարանը դիտարկել է մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած տեղեկությունները եւ փաստական տվյալները, մինչեւ որ հետագայում դատաքննության փուլում կուսումնասիրվեն բոլոր ապացույցները»:
- Ի՞նչ տեղեկությունների եւ փաստական տվյալների մասին է խոսքը:
- Երբ հանրային մեղադրողներն ասացին, որ Վահագն Չախալյանի կալանքը երկարացնում են, որովհետեւ նա կարող է խոչընդոտել վարույթի ընթացքին, ես հստակ խնդրեցի դատարանին, որ վերջինս հարց ուղղի, թե կոնկրետ որ պարագայում կարող է Չախալյանը խոչընդոտել գործին: Կարո՞ղ է ազդել վկաների վրա կամ այլ ձեւով ազդել գործի ընթացքի վրա: Իմ հարցը մնաց անպատասխան, ոչինչ չպատասխանեցին, ոչինչ չհիմնավորեցին: Դատարանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ վերջինս կարող է ազդել վկաների վրա, սակայն բոլոր վկաներն այժմ դրսում են, բացառությամբ՝ երեք անձի: Վկաների հետ խոսելիս Վահագն Չախալյանի մասին որեւիցե հարցադրում չի արվել, առերեսում չի կազմակերպվել, ի՞նչ վկաների վրա ազդելու մասին կարող է խոսք լինել: Եթե վկաները ցուցմունք չեն տվել, չեն առերեսվել, ինչպե՞ս կարող է նման բան լինել: Պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ Չախալյանի հետ երբեք առնչություն չեն ունեցել, նա եւս փաստել է, որ Չախալյանը լրիվ անմեղ է, որ կողմերի միջեւ անգամ շփում չի եղել: Հետաքննության մարմինը խոսում է ձայնագրությունների մասին, սակայն հայտնի է, որ Բագրատ սրբազանի հետ կապված ձայնագրությունները մոնտաժված են: Ես այժմ կարող եմ եւս մեկ անգամ վկայակոչել այն բառերը, որոնք վերագրվում են Վահագն Չախալյանին: 600 էջի մեջ նրան միայն հետեւյալն է վերագրվում: Ընդ որում՝ զավեշտն այն է, որ անգամ անուն չի նշվում, միայն Չախալյան ազգանունն է հնչում: Ձայնագրառումը կատարած քննիչն ասում է՝ զանգել են, խոսել են Վահագն Չախալյանի հետ: Ասում եմ՝ որտեղի՞ց գտաք Վահագն անունը, եթե ձայնագրության մեջ չկա, գործի նյութերում չկա: Ձայնագրության մեջ Բագրատ սրբազանը հարց է տալիս, ասում է՝ «Ժորա անցանք, Չախալյան», վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ նրանք ցանկացել են ահաբեկչություն կատարել, Չախալյանն էլ Վահագն Չախալյանն է: Այս աշխարհի երեսին, փաստորեն, ուրիշ Չախալյան ազգանունով մարդ գոյություն չունի: Ընդհանուր պատկերը սա է: Ֆանտաստիկա է, այս գործը պայծառատեսության ժանրից է: Նախաքննության մարմինն առաջնորդվում է ենթադրություններով, լսում է «Չախալյան», ենթադրում է, որ խոսքը Վահագն Չախալյանի մասին է: Մի քանի տասնյակ քննիչներից ոչ մեկին չի հետաքրքրում, թե խոսքն ինչ Չախալյանի մասին է: Այս է պատճառը, որ հանրային մեղադրողը չի կարողանում հստակ պատասխան տալ մեր հարցերին: Այս փուլում դատարանի համար է հիմք հանդիսացել մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած տեղեկատվությունը: Ինչպե՞ս կարող է մի քանի բառը հիմնավոր կասկածի շեմը հաղթահարել: Փաստացի վերը նշված հանգամանքները, տեղեկությունները՝ մի քանի բառերը՝ Չախալյան ազգանունով, եւ վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունները հիմք են ծառայում, որպեսզի Վահագն Չախալյանը 5 ամիս հետո եւս 3 ամիս գտնվի կալանքի տակ:
Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը վերջապես վերացվեց, ի ուրախություն մեզ՝ բոլորիս, քանի որ հանրային ճնշումն իր նպատակին հասավ, քանի որ դատարանը ցանկացած որոշում որ կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից, պետք է կայացնի ի շահ ՀՀ շահառուների՝ հայ հանրության եւ ոչ թե ի շահ գործող իշխանությունների: Դատարանը պարտավոր է եւ պետք է արդարադատություն իրականացնի: Կարծում եմ, եթե հայ հանրությունն այնկերպ, ինչպես անմեղ մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի դեպքում իր դժգոհությունն արտահայտեց, նույնկերպ այն արտահայտի սույն քրեական գործով կալանքի տակ գտնվող մյուս արդարների, այդ թվում՝ 2011 թվականից Հայաստանի գրողների միության անդամ, 2001 թվականից ՀՀ սպորտի վարպետ, բազմազավակ հայր, «Կամք» հասարակական միավորման հիմնադիր, Արցախյան պատերազմի մասնակից, մարտական ծառայության մեդալով պարգեւատրված եւ հայ հանրության իրավունքների եւ ազատությունների համար պայքարող Վահագն Չախալյանի համար, ապա կալանքի տակ գտնվող բոլոր արդարների խափանման միջոցները կփոխվեն: