Հայաստանում շարունակվում է քաղաքական խորը ճգնաժամը։ Ըստ հայտարարությունների՝ հունիսի 20-ին նախատեսվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Սրան զուգահեռ տարբեր հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ։
«Հայ կառուցողական» կուսակցությունը՝ Անդրիաս Ղուկասյանի գլխավորությամբ, վերջին շրջանում համագործակցում է «Ազգային ինքնորոշում» միավորում (Պարույր Հայրիկյան), «Հայաստանի եվրոպական», (Ալեք Պողոսյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Պետրոս Մակեյան), «Հայրենիք և պատիվ» (Գառնիկ Մարգարյան), «Հայք» (Հայկազուններ) (Արտյոմ Խաչիկյան), «Պահպանողական» (Միքայել Հայրապետյան), «Ժառանգություն» (Նարինե Դիլբարյան) կուսակցությունների հետ։
Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, 2013 թվականին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ։
- Պարո՛ն Ղուկասյան, հայտնի դարձավ, որ ընտրություններն են նախատեսվում, սկսե՞լ եք քննարկումներ, գործողություններ, Ընտրական օրենսգրքի հետ կապված ի՞նչ դիտողություններ ունեք։
- Հիմա գնում են քննարկումներ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Նաև իրադրությունն ունի հետևյալ հարթությունը, որ ծավալվում է կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք։ Եվ դա խնդրահարույց հարց է առաջացնում՝ արդյո՞ք մինչև հունիսի 20-ը կառավարությունն ի վիճակի կլինի երկրում ստեծել ոչ միայն քաղաքական, այլև՝ ֆիզիկական պայմաններ այդ ընտրությունների անցկացման համար։ Ինչ վերաբերում է քաղաքական պայմաններին։ Դա ամենակարևոր հարցն է, որ հիմա հուզում է տարբեր կուսակցությունների։ Ղեկավարությունն ինչպե՞ս պետք է իրականացնի այս արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Հասկանալի է, որ էական օրենսդրական փոփոխություններ չեն կարող լինել։ Դրա հետ կապված կան նաև այլ տեսակի հարցեր՝ սկսած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրական հանձնաժողովների համակարգի նկատմամբ անվտահությունից վերջացրած՝ ի՞նչ քաղաքական պայմաններ են հնարավոր լինելու։ Այդ բոլորը մահոգում են բոլոր գործիչներին։ Եվ գնում են ակտիվ քննարկումներ՝ այսպես ասած «ինչպե՞ս գնահատել ստեղծված իրավիճակը» և «ի՞նչ քայլեր անել»։ Մեր կուսակցությունը մտադիր է մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ ձևաչափով և այլն, դա դեռ որոշված չէ։
- Նկատի՞ ունեք՝ ինչ դաշինքով։
- Այո՛, շատ ժամանակ չի անցել այդ [ընտրություններ անցկացնելու] հայտարարությունից հետո, որպեսզի դաշինքների մասին որևէ հիմնավոր խոսք հնարավոր լիներ ասել։
- Դուք քննարկումնե՞ր եք ունենում այն կուսակցությունների հետ («ԱԻՄ», «Հայք» (Հայկազուններ)), որոնց հետ նախկինում հայտարարություններով հանդես եկաք, «Ժառանգություն»։
- Մենք ունենք արդեն ձևավորված պլատֆորմ՝ համագործակցելու։ Եվ 8 կուսակցությունները տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են իրականացրել այս ամբողջ հետպատերազմական ժամանակահատվածում։ Այդ թվում՝ և հիմա։ Մենք մտադիր ենք փոխադարձ կարծիք լսելով հասկանալ՝ ի՞նչ հարցերում ենք կարող համագործակցել, ի՞նչ ձևաչափով ենք կարող համագործակցել, և հնարավոր կլինի՞ ընդհանուր որոշումներ ունենալ, թե՞ առանձին-առանձին։
- Պարո՛ն Ղուկասյան, հիշում եմ, որ 2018-ի նախընտրական շրջանում, երբ որ Փաշինյանը հրաժարական էր տվել, Դուք և Պարույր Հայրիկյանն այնպիսի հարց էիք բարձրացրել, որ Փաշինյանը [վարչապետի] պաշտոնակատար լինելու իրավունք չունի։ Էլի պնդո՞ւմ եք ձեր դիրքորոշումը։
- Պարույր Հայրիկյանն էր այդ հարցը բարձրացրել։ Սահմանադրական նորմերի մեկնաբանման հետ էր կապված։ Ես գտնում եմ, որ դա վիճելի հարց է։ Բայց այդ հարցի էությունն այլ է։ Վերաբերում է, ինչպես ասացի, առկա անվստահությանը կառավարության կարողությունների նկատմամբ՝ անցկացնել ազատ, արդար ընտրություններ։ Հանրության մեջ օր-օրի ամրապնդվում է այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը, այդ կառավարությունն արդար ընտրություններ կազմակերպելու համար վստահելի չեն։ Եվ այն հանգամանքը, որ Տիգրան Մուկուչյանը շարունակում է պաշտոնավարել ԿԸՀ նախագահի պաշտոնում, ԿԸՀ-ն և մյուս հանձնաժողովները չեն փոխվել Սերժ Սարգսյանի ժամանակահատվածից սկսած, առ այսօր այդ տեսակ կասկածներն ավելի են ամրապնդվել։ Դրա համար ես այդ հարցին ավելի լայն եմ նայում՝ կարելի՞ է վստահել Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ։ Եվ եթե ընտրություններն անցնեն անվստահության մթնոլորտում, ապա ի՞նչ քաղաքական հետևանքների է դա բերելու։ Դա էլ է կարևոր հարց, որովհետև այս ընտրությունները կոչված են Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու։ Բայց օբյեկտիվ, արդար և ազատ ընտրություններ անցկացնելու պայմանների բացակայության դեպքում կարող են բերել և հակառակ իրավիճակին, որ ճգնաժամն ավելի խորանա։
- Այսինքն՝ հստակ մեխանիզմների մասին որո՞շ ժամանակ հետո դիրքորոշում կհայտնեք։
- Դեռևս հստակ որոշումների համար հարցը բավարար քննարկված չէ։ Ինձ թվում է, որ ևս 3-4 օր հարկավոր կլինի դրա համար։ Բայց գլխավոր խնդիրը, ինչպես ասացի, հետևյալն է՝ որպեսզի ճգնաժամը հաղթահարվի, անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ։ Եվ իմ անձնական կարծիքն է, որ ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչները [ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ], ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը չպետք է մասնակցեն այս ընտրություններին։
- Նիկոլ Փաշինյան ասելով՝ նկատի՞ ունեք և՛ «Իմ քայլը» խմբակցությունը, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
- Անձամբ իրեն նկատի ունեմ։