Հասարակություն

«Հրապարակ». Էկոպարեկային ծառայությունում 299 հաստիք թափուր է, այդ թվում՝ վարչության պետերի

«Հրապարակ». Էկոպարեկային ծառայությունում 299 հաստիք թափուր է, այդ թվում՝ վարչության պետերի

2024 թ․ հունվարի 1-ից Անտառային կոմիտեի փոխարեն գործում է Էկոպարեկային ծառայությունը՝ նոր լիազորություններով։  Որքանո՞վ է կայացել այդ ծառայությունը, ծառայության ու դրա աշխատողների վերաբերյալ մի շարք հարցադրումներով՝ դիմել եմ ՀՀ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։ 

Հարցերն այսպիսին էին. որքա՞ն է էկոպարեկների միջին աշխատավարձը, էկոպարեկ աշխատելու համար կրթական, մասնագիտական, աշխատանքային որեւէ ցենզ գոյություն ունի՞, իրենց աշխատանքում տեխնիկական ի՞նչ միջոցներ են օգտագործում էկոպարեկները։

Էկոպարեկային ծառայությունից պատասխանել են․ «ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը պետական ծառայության տեսակ է, էկոպարեկային ծառայողների աշխատավարձը հաշվարկվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ  զբաղեցնելու մասին» օրենքի 9-րդ հավելվածով։ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են ծառայությունում պաշտոնների նշանակվելու պայմանները, ծառայության պաշտոնի անձնագրի՝ կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները։ ՀՀ փոխվարչապետի 2024թ․ հուլիսի 3-ին «Էկոպարեկային ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու մասին» N 450-Ն որոշմամբ սահմանվում են էկոպարեկային ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները։ Էկոպարեկային ծառայողները ծառայության ընթացքում օգտագործում են ավտոմեքենա՝ հատուկ եւ հակահրդեհային կահավորանքներով, ձեռնաշղթա, ռետինե մահակ, համազգեստին ամրացվող տեսանկարահանող սարք, լապտեր, ռադիոկապի միջոցներ, զենք, փամփշտատուփ, գրասալիկ (պլանշետ), տակտիկական գոտի, կրակմարիչ, էլեկտրական պոմպով սրսկիչ տեխնիկական միջոցներ»։ 

Պարզվում է, որ ոչ բարձր աշխատավարձերի, աշխատանքում մեծ ռիսկերի պատճառով էկոպարեկային ծառայությունում շատ են թափուր հաստիքները։ Ծառայությունից մեզ հայտնել են․ «2025թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ էկոպարեկային ծառայողների թիվը 763 է, թափուր է 299 հաստիք։ Թափուր է մարզային վարչության պետերի 5 եւ տեղամասերի պետերի 14 հաստիք»։ Էկոպարեկային ծառայության պետին հարցրել եմ, թե  հոկտեմբերի 16-ի դրությամբ քանի էկոպարեկի նկատմամբ է հարուցվել   քրեական գործ, ինչ հոդվածներով, քանի էկոպարեկ է գտնվում կալանքի տակ։

Ծառայությունից հայտնել են․ «2025թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ էկոպարեկային  ծառայողների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի, 446-րդ հոդվածի 1-ին մասի, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի՝ 3 դրվագ, եւ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ 3 դրվագ, հատկանիշներով հարուցվել է 5 քրեական վարույթ, որոնցով հինգ էկոպարեկային ծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։ Էկոպարեկային ծառայության պետին նաեւ հարց եմ տվել․ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ-անտառտնտեսությունների անտառների հսկողությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը։ Ե՞րբ է սկսվում  էկոպարեկների աշխատանքային ժամը, ե՞րբ է ավարտվում, գիշերվա ընթացքում անտառների հսկողությունն ովքե՞ր են իրականացնում, ի՞նչ եղանակով, ո՞վ է պատասխանատվություն կրում գիշերվա ժամերին անհայտ անձանց կողմից ապօրինի ծառահատումների համար»։ Ծառայությունից պատասխանել են․ «Էկոպարեկային ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչությունում էկոպարեկային ծառայողներն իրականացնում են հերթափոխային ծառայություն 24/7 ռեժիմով, միաժամանակ՝ ՀՀ Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկի» տեղամասում (մինչեւ սեպտեմբերը ներառյալ), Իջեւանի եւ Արծվաբերդի տեղամասում, ինչպես նաեւ ՀՀ Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասում էկոպարեկային  ծառայության հենակետերում ծառայությունն իրականացվում է 24/7 ռեժիմով՝ հերթափոխային ծառայությամբ։ Մյուս դեպքերում էկոպարեկային ծառայության աշխատողների աշխատանքային ժամը սկսվում է 09։00-ին եւ ավարտվում 18:00-ին։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սույն թվականի հոկտեմբերին ՀՀ Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկի» տեղամասում՝ հենակետերում ծառայությունը չի իրականացվում 24/7 ռեժիմով՝ նկատի ունենալով, որ տեղամասը ներգրավված է բնակչության կողմից ոչ արտադրական նպատակով անվճար թափուկ վառելափայտի մթերման հսկողության գործընթացում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image