Քաղաքականություն

Փաշինյանը և Ալիևն էլ ի՞նչ են պատրաստվում անել Մյունխենյան համաժողովին ընդառաջ

Փաշինյանը և Ալիևն էլ ի՞նչ են պատրաստվում անել Մյունխենյան համաժողովին ընդառաջ

Քովիդ-19 շարունակվող համավարակի պատճառով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն երկրամասում տեղի չի ունենա 57-րդ Մյունխենյան անվտանգային համաժողովը (Die Münchner Sicherheitskonferenz / the Munich Security Conference), որը նախատեսված էր 2021 թվականի փետրվարի 19-21-ին:

Հայտարարել էր ՄԱՀ նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։

Հայտարարության մեջ նշված էր նաև, որ շարունակվելու են աշխատանքները գործընկերների հետ՝ հստակեցնելու համար 57-րդ համաժողովի անցկացման նոր ամսաթիվը, որը կհայտարարվի, հենց որ համապատասխան մարմինների հետ հաստատվի: Այնուամենայնիվ, այս ճգնաժամային պահին բարձրաստիճան ղեկավարներին գլոբալ տեսանելի հարթակ տրամադրելու համար Մյունխենյան համաժողովը որոշել է անցկացնել «Հատուկ թողարկում» (MSC Special Edition) նախատեսված ամսաթվին ու վայրում։

«Արևմտազրկությունից անդին. Անդրատլանտյան համագործակցության նորացում, հանդիպում համաշխարհային մարտահրավերների հետ» [the MSC Special Edition "Beyond Westlessness: Renewing Transatlantic Cooperation, Meeting Global Challenges"] Հատուկ թողարկումը հավաքելու է աշխարհի որոշ բարձրաստիճան որոշում կայացնողներին` քննարկելու, թե ինչպես վերակառուցել ու նորացնել անդրատլանտյան դաշինքը և ընդգծել այն ասպարեզները, որոնցում անդրատլանտյան ու միջազգային համագործակցությունն ամենահրատապ կերպով անհրաժեշտ է: Special Edition-ը կներառի առանցքային խնդիրները, որոնք կվերանայվեն հիմնական համաժողովում և MSC-ի այլ ձևաչափերով ամբողջ տարվա ընթացքում:

Այն մեկնարկելու է փետրվարի 19-ին` Հայաստանի ժամանակով երեկոյան 19:00-ից Մյունխենի «Բայերիշեր Հոֆ» (“Bayerischer Hof“) հյուրանոցում: Հրավիրված բանախոսները միջոցառմանը կմիանան իրենց համապատասխան վայրերից: Միջոցառումը կանցկացվի անգլերեն ու գերմաներեն:

Նախորդ տարի այս համաժողովին ներկա էին եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, որոնք 2020-ի փետրվարի 15-ին համաժողովի շրջանակում մասնակցել էին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» խորագրով քննարկման (Conversation "An Update on Nagorno-Karabakh"), որը վարել էր ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ ու գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Քննարկումից առաջ տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումը։

Քննարկման հաջորդ օրը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 6 կետից բաղկացած գրառում էր կատարել, հնչեցվել էր Մյունխենում Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դրանք նա անվանել էր «Մյունխենյան սկզբունքներ»:

«Մյունխենյան սկզբունքներ.

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»,- գրել էր նա։

Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ 2018 թվականի իշխանափոխությունից հետո սկսած զարգացումները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը ցույց տվեցին, որ իմքայլականների վարած արտաքին քաղաքականության, վտանգավոր հայտարարությունների հետևանքով, այդ թվում՝ իրենց վարչապետի վերնագրած [առանց Մինսկի խմբի հետ համաձայնեցնելու ինչ-որ նոր սկզբունքների մասին հայտարարելը] 6 կետանոց գրառումը, ավելի ու ավելի մեծ փակուղու տարան բանակցությունների ընթացքը։ Պատերազմի հետևանքով Արցախի 70 տոկոսն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, Հայաստանի համար ստեղծվեցին լուրջ անվտանգային խնդիրներ, մարդկային մեծ կորուստներ եղան։ Հայաստանի սահմանների շուրջ լարվածությունը դեռևս շարունակվում է, «քայլող» իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը ստանում է իր համար ցանկալի պետական սահմաններ։

Երեկ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվել էի․ «արդյո՞ք Փաշինյանը մասնակցելու է փետրվարի 19-ին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովին, ելույթ ունենալո՞ւ է, ինչ ձևաչափով է լինելու։ Նախատեսվա՞ծ է քննարկում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարցով՝ հաշվի առնելով պատերազմը, նախատեսվա՞ծ է քննարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես անցյալ տարի եղավ։ Ի՞նչ օրակարգով է մասնակցելու»։

Այս հարցերին խոսնակը որևէ պատասխան չէր տվել բացի Համաժողովի պաշտոնական կայքից հղումներ ուղարկելուց։ Սկզբում ուղարկել էր 57-րդ համաժողովի հետաձգման մասին տեղեկության հղումը։

Ի պատասխան Գևորգյանին ուղարկեցի «Հատուկ թողարկում» անցկացնելու վերաբերյալ հղումը՝ ցույց տալու, որ Համաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառում կա, որին ի պատասխան նա ուղարկեց նույնը։

Այսօր ևս մեկ անգամ հարցեր ուղղեցի իր վերադասի հետ Գյումրի այցելած Մանե Գևորգյանին։ «Եթե Մյունխենյան համաժողովը լինի հայկական կողմից մասնակցություն լինելո՞ւ է և ի՞նչ մակարդակով։ Ի՞նչ է նախատեսված հայկական կողմի համար քննարկելու տեսանկյունից, ի՞նչ հարցեր են քննարկվելու»։ Խոսնակը մինչ այժմ չի պատասխանել, երևի զբաղված էր իր վերադասի կազմակերպած ՓիԱռով ու ֆեյսբուքում «անխնա» տարածելով։

Սա առաջին դեպքը չէ, որ իմքայլականները խուսափում են հրապարակային գործողություններից։ Պատերազմի ընթացքը, դրա ընթացքում ու հետո իշխանական շրջանակների կողմից տարածվող մանիպուլյացիաները, Սյունիքի ճանապարհների մասին Ադրբեջանի հետ ստորագրված ու գաղտնի պահված հուշագիրը դրա վառ վկայությունն են։

Նշենք, որ պաշտոնական տեղեկության համաձայն՝ մինչև Մյունխենի անվտանգային համաժողովի տեղի ունենալը փետրվարի 19-ի «Հատուկ թողարկումը» կսկսի մի շարք միջոցառումներ ու նախաձեռնություններ` «Ճանապարհ դեպի Մյունխեն 2021» խորագրի ներքո: Այս ճանապարհի վրայի «կանգառները» կներառեն բարձր մակարդակի վիրտուալ միջոցառումներ անդրատլանտյան գործընկերության հիմնական ասպեկտների վերաբերյալ, ինչպես նաև ինտերակտիվ սեմինարներ ու սեղանի վարժություններ` MSC 2021-ի համար հող նախապատրաստելու համար։

«Հատուկ թողարկման» շրջանակներում կխոսեն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Ֆորբս Քերին և ամերիկացի գործարար, համակարգչային ծրագրավորող, «Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգային քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար ֆորումն է: Այն դիվանագիտական նախաձեռնությունների հարթակ է` հասցեագրված աշխարհի ամենահրատապ անվտանգային խնդիրներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image