Երեկ Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի փոխնախարարը հանճարեղ միտք է հայտնել, ասել է` թե բա եթե մեր սկզբունքների խախտում չլինի, պատրաստ ենք Սյունիքի միջանցքի վերահսկողությունը արտապատվիրակել այլ կազմակերպության: Մենք մտածեցինք, որ «արտապատվիրակելու» ենթակա բազմաթիվ ոլորտներ կան մեր երկրում, բայց սկսենք ամենակարևորից։ Առաջարկում եմ Փաշինյանի անվտանգության ապահովման աշխատանքը արտապատվիրակել, պատրաստ եմ կազմել այն արտասահմանյան ընկերությունների ցանկը, որոնք բարեխիղճ և հանգամանալից կկատարեն այդ կարևոր առաքելությունը:
Որպես նախնական տարբերակներ` առաջարկում եմ քննարկել ռուսական ՕՄՕՆ-ին կամ թուրքական հատուկ ծառայություններին ներգրավելու հնարավորությունը, բացառիկ անվտանգություն ապահովելու նպատակով առաջարկում եմ նաև կառավարական առանձնատների անվտանգությունը վերցնել ՊՊԾ գնդի գործառույթներից և վստահել ադրբեջանական հատուկ ծառայություններին, իրենց բարեկամ Փաշինյանի կյանքն ավելի ապահով ձեռքերի հանձնելու այլ տարբերակ չեմ պատկերացնում: Վստահ եմ՝ երեք երկրներն էլ համապատասխան երաշխավորագրերը շատ կարճ ժամանակում կտրամադրեն վարչապետի աշխատակազմին: Երկրորդ կարևոր արտապատվիրակման ենթակա ուղղությունը Ազգային ժողովի անվտանգության ապահովումն է, առաջարկում եմ ընդդիմադիր պատգամավորների ձեռքերը ոլորելու, դահլիճից դուրս հանելու աշխատանքը վստահել բարեկամական Ֆրանսիական լեգիոներներին, նրանք ժողովրդավարական բարձր արժեքների կիրառմամբ` անթերի կկատարեն այդ բարդ, բայց այդքան անհրաժեշտ գործառույթը, անշեղորեն պահելով Փաշինյանի բոլոր սկզբունքները:
Երրորդ հրատապ արտապատվիրակման ենթական աշխատանքը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական միջոցների կառավարումն է, այս գործն անթերի կկատարի Լեմոն Բռազերս ամերիկյան ֆինանսական մագնատը, բացառիկ հմտությամբ և հնարամտությամբ խուսափելով ցանկացած հաշվետվություններ հրապարակելու և թափանցիկ շրջանառություն ունենալու պարտավորություններից: Վերջին, բայց ոչ պակաս կարևոր առաքելությունը` հայ ազգին կրթելու լայնամասշտաբ ծրագիրն է, այն առաջարկում եմ արտապատվիրակել Ախուրյանցի Անոյին, Դռիկ Խչոյին և Պետրոսի հյուր «կյանքի տղա» սարկավագին: Վստահաբար վերը թվարկված անձինք հազարապատիկ ավելի որակով կիրականացնեն վարչապետի և նրա տիկնոջ այս ծրագիրը, իսկ պետությունը ահռելի միջոցներ կխնայի, քանի որ այս անձանց անվտանգությունը ապահովելու, ծաղիկներով դիմավորելու, հյուրասիրելու և խոնարհվելու կարիք չի լինի: Ցանկը շարունակելի է: Ներկայացրեք ձեր առաջարկները: