Հարցազրույց

«Հրապարակ». Հետո կպահանջեն Հանրապետության հրապարակն անվանափոխել Ալիեւ հոր անունով

«Հրապարակ». Հետո կպահանջեն Հանրապետության հրապարակն անվանափոխել Ալիեւ հոր անունով

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին. «Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին եւ անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին»։ ԱԳՆ մամուլի քարտուղարն էլ սեպտեմբերի 10-ին ելույթ է ունեցել եւ ասել. «Ադրբեջանը, հավատարիմ մնալով հումանիզմի սկզբունքներին, մինչ այժմ Հայաստան է տեղափոխել բոլոր ռազմագերիներին»: Այս ոչ դիվանագիտական հայտարարությունների մասին զրուցել ենք Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ: 

- Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ իրենց բանտերում ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ ռազմական հանցագործներ: Դիվանագիտական պրակտիկայում կա՞ նման բան, երբ պետության ԱԳՆ-ն ռազմագերիների հարցին անդրադառնա, որակումներ տա, որոնք ավելի շատ դատավճռի են նման, միաժամանակ խոսի հումանիզմի մասին: 

- Ի՞նչ կարեւոր է, թե Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ինչ է ասում հայ ռազմագերիների մասին: Նրանք գերի ու պատանդ են, որոնք գտնվում են Ադրբեջանի բանտերում՝ միայն այն բանի համար, որ  հայ են: Կարծում եմ՝ սա մեծ պատկերի մի մասն է, որը փաստում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկացած պատրվակ օգտագործելու է, որպեսզի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չկնքի, այն պարզ պատճառով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, խաղաղություն հաստատել, որովհետեւ չեն ցանկանում Հայաստանի գոյությունն առհասարակ: Նրանք ՀՀ-ի գոյությունը համարում են թյուրիմացություն, իրենց երկարաժամկետ ծրագրերում դա չեն էլ թաքցնում: Մենք գիտենք նրանց մտադրությունների մասին: Դեռեւս 90-ականներից, իհարկե՝ ոչ բոլորի, սակայն շատերի մտքում կար այն թեզը, որ ինչ-որ բան զիջելով` խաղաղության կարող ենք հասնել: Առաջին նախագահը հենց այս գաղափարի կրողն էր, բայց ես եղել եմ այն մարդկանցից, ով հակադարձել է՝ պնդելով, որ դա, ցավոք սրտի, անհնար է, որովհետեւ Ադրբեջանը, Թուրքիան չեն ցանկանում խաղաղություն Հայաստանի Հանրապետության հետ: Հետեւաբար, ինչ էլ զիջենք, խաղաղություն չի լինելու, եւ դրան ուղղակի տրամադրվել է պետք: Օրինակ` Իսրայելը մի երկիր է, որից մենք շատ բաներ պետք է ընդօրինակենք: Իսրայելը գիտի, որ ինչ էլ պատահի, իր հարեւաններից մի քանիսը խաղաղություն չեն հաստատելու իր հետ: Այդ մտքի հետ համակերպված Իսրայելն այսօր առաջ է շարժվում, զարգանում է եւ այլն: Ցանկալի կլիներ, որ թե՛ Իսրայելը, թե՛ Հայաստանը բոլոր հարեւանների հետ ունենային բարիդրացիական հարաբերություններ, ազատ սահմաններ, բայց քանի որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով դա անհնար է, պետք է համակերպվենք այդ մտքի հետ: Ադրբեջանն ու Թուրքիան գոնե կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն կնքելու: Դրա վկայություններն էլ այն անհեթեթ պատրվակներն են, որոնք առաջ են քաշվում: Օրինակ՝ խոսում են Սահմանադրության փոփոխության մասին, զինանշանի մասին, Մասիս սարի հեռացման մասին: Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները գնան այդ քայլերին եւ կատարեն Ադրբեջանի այդ պահանջները, նրանք գնալու են ավելի անհեթեթ պահանջների: Օրինակ` կպահանջեն, որ Արցախի հերոսների անուններով Հայաստանում փողոցներ չլինեն, նույնիսկ կարող են անվանումներ պարտադրել, ասենք` կարող են պահանջել, որ Սախարովի հրապարակն Ազիզբեկովի հրապարակ դառնա, կամ Հանրապետության հրապարակն անվանափոխվի Ալիեւ հոր անունով, եւ այդպես շարունակ: Այդ ամենը փաստում է այն մասին, որ Ադրբեջանը պարզապես Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ցանկություն չունի: Իհարկե, այս ամենից պետք չէ ողբերգություն սարքել, պարզապես, որպես հասարակություն, որպես պետություն, պետք է ընկալենք, որ երկար ժամանակ կարող ենք այս կարգավիճակում լինել: Պետք է ներքին ռեսուրսները, պոտենցիալն օգտագործելով` առաջընթաց ապրել, որպեսզի ամուր պետություն դառնանք ու հակադարձենք Ադրբեջանին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանն ու նման պրակտիկային, ապա ասեմ, որ չի բացառվում՝ այդ հայտարարությունն արվել է ինչ-որ արտաքին ազդակի ազդեցության տակ։ Դա ավելի շատ հակադարձման, պատասխանի էր նման: Ադրբեջանն այն պետությունը չէ, որի տիպային մոդելը քննարկման առարկա դարձնեն, որպես լավագույն մոդել:

- Ի՞նչ եք կարծում` հայ ռազմագերիների վերադարձը հնարավո՞ր է դիվանագիտական ասպեկտում: Փաստացի, Ադրբեջանն ակնարկում է, որ գերիներին չի վերադարձնելու:

- Միակ տարբերակը, որ հնարավոր կդարձնի հայ ռազմագերիների ազատ արձակումը, արտաքին ճնշումն է: Արտաքին ճնշում՝ նշանակում է բարեկամ երկրների մասնակցություն եւ ոչ միայն երկրների, այլեւ միջազգային կազմակերպությունների, ոչ կառավարական կառույցների ակտիվ աշխատանք եւ այլն: Չեմ կարծում, որ այսօր այս հարցն օրակարգում է, եւ դա մեծ խնդիր է:

- Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդանյանի մասին խոսելիս մեղադրեց նրան՝ ակնարկելով, որ նա գործուղվել է Արցախ ոչ բարի նպատակներով: Նկատենք, որ նման հայտարարություններից հետո է Ադրբեջանն ավելի լկտիանում:

- Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եւ շատ հարգում եմ: Կարծում եմ` նրա անձը չի կարելի առանձին դիտարկել, խնդիրը նրա անձի մեջ չէ: Կան տասնյակ ռազմագերիներ, եւ պետք է մտածել բոլորի մասին՝ թե՛ որպես պետություն եւ թե՛ որպես հասարակություն:

- Նիկոլ Փաշինյանն է առանձնացնում Վարդանյանին` բացասական իմաստով:

- Պետք է բոլորի մասին խոսել, անգամ՝ զինվորների, սակայն ոչ բացասական իմաստով: Նրանք՝ բոլորն էլ հայեր են, եւ պետք է բոլորի ճակատագրի մասին մտածել, այստեղ չի կարող երկրորդ կարծիք լինել:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image