Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանն ո՞վ են, որ Թուրքիայի աչքին թոզ փչեն

Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանն ո՞վ են, որ Թուրքիայի աչքին թոզ փչեն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

- Շաբաթ օրը Մյունխենում տեղի ունեցավ պանելային քննարկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Իլհամ Ալիևը Հայաստանին և Արցախին տարատեսակ մեղադրանքներ հղեց, Նիկոլ Փաշինյանի կողմից համարժեք արձագանք չհնչեց: Ձեր գնահատմամբ` ի՞նչ հանդիպում էր դա: 

- Դա կոնֆերանս էր, պանելային քննարկում, մտքերի փոխանակում, սակայն երբ պետությունների ղեկավարներն են դրան մասնակցում, դա քաղաքականության ճշտում է, այստեղ քաղաքականություն է մշակվում, ձեռք են բերվում որոշակի պայմանավորվածություններ: Առաջինն այն է, որ Ադրբեջանի նախագահը և Հայաստանը ներկայացնողը համաձայնեցրին, որ հաջորդ հանդիպումները պետք է լինեն Վրաստանում` Թբիլիսիում: Ադրբեջանի ղեկավարը խոսեց նաև բրյուսելյան ֆորմատի մասին, այն համարելով ցանկալի: Սա հստակեցնում է բանակցային պրոցեսների աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Այսինքն` Ռուսաստանի ֆորմատից բանակցությունները դուրս են գալիս, գնալով դեպի Արևմուտք: Թբիլիսին կարելի է դիտարկել արևմտյան ֆորմատ: Իրանի լռությունը ևս տարօրինակ է: Իրանն ու Ռուսաստանը պետք է անհանգստացած լինեն այս պատկերից:

- Ի՞նչ առումով անհանգիստ, ինչո՞ւ:

- Այստեղ ևս գնում է աշխարհաքաղաքական մրցակցություն: Այնպես չէ, որ այդ մրցակցությունը միայն Ուկրաինայում է: Աշխարհի ցանկացած կետում կա աշխարհաքաղաքական մրցակցություն, թե խնդիրներն ով է լուծելու: Ցանկացած մոդերատոր մոդերացիան իր վրա է վերցնում, տվյալ դեպքում, եթե նայենք բրյուսելյան տարբերակն, ապա Բրյուսելը ևս իր խնդիրներն է լուծում, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահի այն խոսքը, որ Հայաստանը բուֆեր է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, սա կարող է տարբեր բաներ նշանակել: Դժվար է ասել, թե կոնկրետ այդ հայտարարությունն ինչ է նշանակում, որովհետև այն կարող է շատ տարբեր բաներ նշանակել: Հայաստանին կարելի է դիտարկել նաև բուֆեր Իրանի միջև: Կարելի է սրան տարբեր գնահատականներ տալ:

- Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ էր արտահայտվում Հայաստանի և Արցախի մասին: Նիկոլ Փաշինյանի կեցվածքը բավականին կրավորական էր, հավուր պատշաճի չէր արձագանքում Ալիևին: Փաշինյանը ներսում «առյուծ է կտրում», դրսում «մկան ծակն» է մտնում: Ինչո՞ւ է այդպես:

- Ներսում իր պահվածքը կարելի է բացատրել նրանով, որ Փաշինյանը դրսում հովանավորներ ունի, որոնք իրեն թույլ են տալիս անել այն, ինչ ուզում է: Երբ կառավարության ղեկավարը դատարաններ է շրջափակում, իսկ եվրոպական կառույցները դրան նորմալ են վերաբերվում, սա արդեն նշանակում է, որ դրսից այդ մարդն ունի մեծ աջակցություն: Այն կարող է արտահայտվել տարբեր կերպ` ֆինանսական աջակցություն, հասարակական կազմակերպությունների աջակցություն և այլն, և այլն: Իսկ թե ինչու է իրեն դրսում այդպես պահում, եթե լիներ առաջին դեպքը, կարելի էր քննարկել, սակայն այդ նվաստացումները տեղի են ունենում պարբերաբար, ասեմ ավելին` Մյունխենում տեղի ունեցածը համեմատության մեջ քիչ չափաբաժնով էր: Ավելի կոպիտ, վատ, հայտարարություններ էլ են հնչել Հայաստանի ղեկավարի մասին: Վերջին խոսքերն են անգամ ասվել: Սա նորություն չէ մեզ համար: Այդ մարդն ընդունում է իրեն ուղղված նվաստացումները, և դա շատ նորմալ է իր համար, դա ցույց է տալիս անգամ միջազգային ատյաններում:

- Մյունխենյան քննարկումից առաջ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպում ունեցան: Հատկապես Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո շատ է խոսվում հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Հնարավո՞ր է, որ այս պանելային քննարկումը Թուրքիայի աչքին թոզ փչելու համար էր: Գաղտնիք չէ, որ Թուրքիան բազմիցս նշել է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, Թուրքիան սահմանը Հայաստանի հետ չի բացի:

- Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանն ո՞վ են, որ Թուրքիայի աչքին էլ թոզ փչեն: Իրենք իրականացնում են քաղաքականություն, որը հստակ է: Նման քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում տրվում է մի բան, վերցվում` մի քանիսը: Սահմանի բացումը երրորդ երկրների համար է, կարող է նաև Ռուսաստանից և Իրանից ինչ-որ ճանապարհներ բացվեն: Ստացվում է, որ մի կողմից շնչելու հնարավորություն են տալիս, մյուս կողմից էլ վերահսկում են մեզ:

- Իսկ սահմանի բացումը որքանո՞վ է իրատեսական:

- Մարդիկ հստակ ասում են, որ ճանապարհը բացվում է: Թուրքիան հստակ ասում է, որ Անիի կամուրջը բացվելու է, անգամ ժամկետ է նշվում:

- Որոշ մասնագետներ պնդում են, թե Անիի կամուրջն ունի զուտ պատմամշակութային նշանակություն:

- Ես չգիտեմ, թե Հայաստանում ինչ մասնագետներ կան, և առհասարակ ինչ են հասկանում իրենք: Մարդիկ բացում են կամուրջը, որպեսզի բացվի ճանապարհը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image