Հասարակություն

«Հրապարակ». Տաթեւիկ Վիրաբյանի շահերի պաշտպանությունը հակասում է Բրյուսելում ապրող «Ժանիի» շահերին

«Հրապարակ». Տաթեւիկ Վիրաբյանի շահերի պաշտպանությունը հակասում է Բրյուսելում ապրող «Ժանիի» շահերին

Երեկ կառավարության շենքի դիմաց, ի աջակցություն քաղբանտարկյալների, հավաքվել էին մի խումբ հասարակական գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով, որ ազատ արձակի վերջիններիս։

Գրեթե ամեն շաբաթ ակցիաներ անող Վահագն Չախալյանը մեզ ասաց․ «Մենք հիմա այստեղ ենք սեպտեմբերի 19-ից հետո կալանավորվածների ազատ արձակման պահանջով։ Բայց քաղբանտարկյալ ասելով մենք նաեւ հասկանում ենք, օրինակ, Գրիգորի Խաչատուրովին, Միքայել Արզումանյանին եւ այլոց։ Այս իշխանությունների՝ իշխանության գալու առաջին օրից ի վեր մենք տեսանք, որ քաղաքական հակառակորդներին կոշտ միջոցներով մեկուսացնելու ձեռագիրը չի փոխվել։ Երբ «Կամք» հասարակական նախաձեռնությունից Արթուր Ալեքսանյանին էին ձերբակալել դեռեւս 2019 թվականին, ես ասում էի, որ ինքս քաղբանտարկյալ եմ եղել, եւ շատ դժվար է, որ քաղբանտարկյալ եղած մարդը նման հանցանքի մեջ մտնի եւ իր քաղաքական հակառակորդներին փորձի իր երեխաներից անջատել, եւ ես չեմ պատկերացնում, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժամանակին ինքը քաղբանտարկյալ է եղել, ինքը հիմա ինչպե՞ս է պահում քաղբանտարկյալներ։ Բայց մենք հիմա տեսնում ենք, որ իր համար շատ սովորական է, եւ մենք այսօր ունենք կին քաղբանտարկյալ՝ Տաթեւիկ Վիրաբյանը։ Գիտեք՝ երբ հորն են երեխաներից անջատում, էլի դժվար է, բայց դա մի տեղ անտանելի իրավիճակ չէ երեխաների համար, բայց երբ մորն են անջատում իր երեխաներից․․․, Տաթեւիկ Վիրաբյանը 2 երեխաների մայր է, եւ այսօր նա գտնվում է անօրինական կալանքի տակ, եւ այդպիսիք շատ են։ Մեր պահանջն է, որ սեպտեմբերի 19, 20, 21-ին ձերբակալվածներին ազատ արձակեն»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է իշխանությունը որոշում՝ ով բանտ նստի, ով՝ ոչ, Չախալյանն ասաց․ «Թե ինչ սկզբունքով է ընտրում, կարող ենք ենթադրել։ Օրինակ՝ Նարեկ Մալյանին մեկուսացնելու որոշումը հրատապ, հենց այս օրը կայացվեց, որովհետեւ Նարեկ Մալյանն իր վերլուծություններով բացատրում էր ոստիկանների հոգեբանական վիճակը, եւ, իսկապես, ես տեսա, որ սեպտեմբերի 19-ին ոստիկանները հոգեբանորեն արդեն պատրաստ չէին շարունակել ճնշել ժողովրդին, եւ Նարեկ Մալյանը մասնագիտորեն էր դա ներկայացնում։ Իմ կարծիքով՝ Նարեկ Մալյանին մեկուսացրել են հենց այդ պահի հրամայականով։ Արմեն Աշոտյանին մեկուսացրել են գուցե պատժելու համար, այսինքն՝ այնպես չէ, որ բոլորին կոնկրետ մեկ բանի համար են մեկուսացնում։ Օրինակ՝ Գրիգորի Խաչատուրովին մեկուսացրել են, քանի որ Արցախի հանձնման, Տավուշի անկլավների հանձնման պրոցեսի ժամանակ․․․, տեսեք, նույն՝ սեպտեմբերի 19-ին մարդիկ հավաքվել ու առաջնորդ էին փնտրում, եւ շատերը վանկարկում էին Գրիգորի Խաչատուրովի անունը։ Ես վստահ եմ, որ եթե Խաչատուրովն ազատության մեջ լիներ, ապա այդ տասնյակ հազարավորները կհամախմբվեին Խաչատուրովի շուրջ, իսկ Խաչատուրովը, բնականաբար, միկրոֆոն չէր վերցնի ձեռքը, այլ կոնկրետ առաջարկներ կաներ, թե ինչպես պայքարել Արցախի կամ Տավուշի հանձնման դեմ։ Եվ ես վստահ եմ, որ Խաչատուրովին հենց դրա համար են մեկուսացրել։ Հիմա կալանավորված երիտասարդներ էլ կան, եւ նրանց էլ մեկուսացրել են, որպեսզի իրենց մեկուսացման փաստով վախ ներշնչեն իրենց շրջապատի անձանց»։

Ակտիվիստ Արման Մխիթարյանը նշեց, որ հասարակությանը պետք է պարբերաբար հիշեցնել, թե ինչ ապօրինություններ են տեղի ունեցել 2018 թվականից հետո․ «Մեր հասարակության հիշողությունը պետք է պարբերաբար թարմացվի։ Օրինակ, 2018 թվականից սկսած՝ բազում դեպքեր են եղել, որ մենք ուղղակի մոռացել ենք՝ բազում իրավախախտումներ, քաղաքական սպանություններ, չբացահայտված դեպքեր։ Օրինակ, տեսեք՝ 2001 թվականին սրճարաններից մեկում նախագահի ներկայությամբ սպանեցին մեկին, եւ մինչ օրս ամեն երկրորդ քաղաքացին գիտի այդ մասին ու հիշում է։ Խոսքը Պողոս Պողոսյանի մասին է։ 2018 թվականից սկսած՝ ուժայիններ ինքնասպան եղան կամ սպանվեցին՝ Գեորգի Կուտոյանը, Հայկ Հարությունյանը, ինքնահրկիզման դեպքեր եղան, նոյեմբերի 9-ին երիտասարդները, որոնք ներխուժել էին ԱԺ շենք, մի քանի օր հետո սպանված գտան, հղի կնոջ վրաերթի դեպքը՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից։ Սրանք բոլորը չբացահայտված սպանություններ են։ Մենք պարբերաբար պիտի հիշեցնենք հասարակությանը, որ կան այսպիսի դեպքեր, որ այսպիսի ապօրինություններ են կատարվում, եւ մենք ամենեւին էլ ժողովրդավարության բաստիոնում չենք ապրում։ Ես կարծում եմ, որ եթե մենք այս օրակարգով գնանք ու պարբերաբար հիշեցնենք իշխանությունների արածները, ապա հանրությունը կարթնանա, եւ մենք էլ մեր անելիքները կիմանանք»։

Գրող, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին հարցրինք, թե, ըստ իրեն, ինչն է պատճառը, որ նախկինում իրավապաշտպանի համարում ունեցող անձինք, որոնք պարբերաբար թմբկահարում էին քաղբանտարկյալների թեման, այժմ չտեսնելու են տալիս այդ ձերբակալությունները։ «Դա ինձ հիշեցնում է, երբ կաթոլիկ եկեղեցում որեւէ հոգեւորական մանկապղծություն էր անում, եւ եկեղեցին ամեն կերպ փորձում էր թաքցնել, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Հիմա իրավապաշտպանության անվան տակ գործունեություն ծավալողներն այդ «պեդոֆիլ տերտերներն» են, որոնք թաքցնում են մարդու իրավունքների այն հսկայածավալ ոտնահարումները, որոնք այս 5 տարիների ընթացքում տեղի են ունենում Հայաստանում՝ սկսած դատարանների շրջափակումից ու դատավորների դեմ ապօրինություններից։ Մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ այդ կազմակերպությունները, քանի որ ես իրենց հետ եմ եղել նախկինում, փաստորեն, իրականում ստեղծված էին այլ երկրի հարկատուների շահերը պաշտպանելու համար, այլ ոչ թե Հայաստանի։ Հիմա Հայաստանի քաղբանտարկյալները, այդ թվում՝ կին քաղբանտարկյալ Տաթեւիկ Վիրաբյանը, որին պետք է այդ կանանց հարցերով կազմակերպությունները պաշտպանեին, չեն պաշտպանում, որովհետեւ Տաթեւիկ Վիրաբյանի շահերի պաշտպանությունը հակասում է, օրինակ, Բրյուսելում ապրող «Ժանիի» շահերին։ Տաթեւիկ Վիրաբյանը, Գրիգորի Խաչատուրովը, Նարեկ Մալյանը, Միքայել Արզումանյանն ու այլք, այն մարդիկ են, որոնց գործունեությունը չի համապատասխանում եվրոպացու շահերին, իսկ եվրոպացու շահն այս ժամանակաշրջանում այն է, որ Հայաստանից Արցախն անջատվի, ռուսական ազդեցությունը դուրս գա, Իրանին ավելի սեղմեն օղակի մեջ»,- ասաց Իշխանյանը։

Քաղբանտարկյալներին աջակցելու էր եկել նաեւ կոմպոզիտոր, Հայաստանի եւ Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ Արսեն Հարությունյանը․ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, եւ իշխանությունները պետք է փոխվեն, պետք է գան այն իշխանությունները, որոնք պատուհաս չեն դառնա հայ ժողովրդի գլխին։ Ներկայիս իշխանություններն ընդամենը 3-4 տարվա ընթացքում պատուհաս դարձան մեր գլխին․ Արցախը հայաթափվել է, Սյունիքը վտանգի տակ է, մենք պետք է համախմբվենք, որ կարողանանք փրկել մեր հայրենիքը, մեր չքնաղ Հայաստանը։ Բոլոր մասնագիտությունների մարդիկ, նաեւ՝ արվեստագետները, պետք է միանան, դա իմ համոզմունքն է, մենք պետք է ազգովի միանանք՝ անկախ մեր մասնագիտություններից, հայացքներից, մենք պետք է միանանք ազգի փրկության շուրջ, որովհետեւ այդ պատուհասին, որը 2018-ից զավթել է մեր իշխանությունը, այլեւս դիմանալ հնարավոր չէ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image