Հասարակություն

Արցախցի Նարեկը՝ արցախցի երեխաների համար

Արցախցի Նարեկը՝ արցախցի երեխաների համար

2020-ի պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված Նարեկի ընտանիքն անցել է աշխատանք փնտրելու եւ  զբաղվածությունը սեփական ուժերով ապահովելու ճանապարհով: 22-ամյա Նարեկը մասնակցել է 44-օրյա պատերազմին, մասնագիտությամբ ծրագրավորող է: Արցախում արժանացել է տարբեր պատվոգրերի, խրախուսանքների: Հայաստան գալուն պես նա քրոջ հետ սկսել է տարբեր մասնավոր աշխատանքներ կատարել: Այնուհետեւ ընտանիքը որոշել է ինքն իր համար աշխատանք ստեղծել. վարկային միջոցներով գնել են տարածք, որտեղ Նարեկը պետք է համակարգչային դասեր անցկացներ: Մինչ տարածքը մասնակիորեն պատրաստ է եղել շահագործման, տեղի է ունեցել արցախցիների բռնագաղթը, եւ Նարեկը որոշել է իր հնարավորությունների սահմաններում օգնել արցախցի երեխաներին: Արդեն մեկ ամիս է, ինչ նա արցախցի երեխաներին անվճար ուսուցանում է համակարգչային գիտելիքներ, որպեսզի հետագայում էլ սովորեցնի ծրագրավորողի մասնագիտությունը: 

«Ես՝ ինքս, եկել եմ Արցախից եւ լավ եմ հասկանում այն մարդկանց, ովքեր հարկադրված լքել են իրենց տներն ու եկել առանց որեւէ կարողության` բնակություն հաստատել այստեղ: Մարդիկ ապրում են հաճախ այնպիսի անմարդկային պայմաններում, որը դժվար է տուն ասել: Երեխաները ոչ մի զբաղմունք չունեն: Ծնողներն էլ ֆինանսական հնարավորություն չունեն երեխաներին տարբեր պարապմունքների տալու, ժամանցը հետաքրքիր դարձնելու համար: Պետք է երեխաների ժամանցը ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ արդյունավետ դարձնել, որպեսզի այսօրվանից հիմք դրվի նրանց մասնագիտական կարողություններին: Մեզ հիմա, առավել եւս, պետք է գրագետ սերունդ, որը կարողանա քայլել ժամանակին համահունչ: Ծրագրավորման գիտելիքներն այսօր աշխարհում ամենապահանջվածն են: Ես եւ իմ ընտանիքը որոշեցինք այդ հարցում օգնել երեխաներին: Ճիշտ է, հնարավորություններս սահմանափակ են, բայց հնարավորության դեպքում ավելին կանեմ նրանց համար»,- ասում է Նարեկը, ում ընտանիքը եւս ունի տեղահանված արցախցիներին բնորոշ բոլոր սոցիալական խնդիրները, բայց նա փորձում է օգնել մյուսներին: Իսկ իր ցանկացած արդյունք ապահովելու համար պետք է մեծացնել տեխնիկական հնարավորությունները: Նարեկը նշում է, թե որոնք են իր հնարավորությունների մեծացման ուղիները. եթե կարողանա կից սենյակը վերանորոգել եւ այն նույնպես դարձնել դասավանդման սենյակ, ավելի շատ երեխա կընդունի: Համակարգիչների սակավության խնդիր կա: Իրենց միջոցներով ռոբոտ են գնել, որն էժան չէ: Բայց դեռեւս տեխնիկապես համալրվելու կարիք կա, ծախսած հոսանքի վարձը մարելու եւ այլ խնդիրներ էլ կան: Աջակցություն ստանալու դեպքում ավելի շատ արցախցի երեխա կարող է Նարեկի մոտ համակարգչային գիտելիքներ ստանալ ու ձեռք բերել ծրագրավորողի մասնագիտություն: 

ՀԳ․ Նարեկը 2022-ին առցանց դասընթացներ է անցկացրել սահմանամերձ գյուղերի եւ Վրաստանի հայ համայնքի երեխաների համար, ինչի համար արժանացել է շնորհակալագրերի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image