Հայաստան է պաշտոնական այցով ժամանել Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։ Այցելության օրակարգի առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ու դրանում Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) միջնորդական դերը։
Լինդեն իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառումներ է կատարել Հայաստանում հանդիպումների վերաբերյալ։ ԵԱՀԿ գործող նախագահը նախ տեղեկացրել է Երևանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպման մասին՝ այն գնահատելով «լավ»: «Կարևոր ներդրում և արդյունավետ քննարկում ընթացիկ իրավիճակի և ապագայի վերաբերյալ: Քաղաքացիական հասարակությունը, ներառյալ՝ կանանց կազմակերպությունները, կարևոր դեր ունեն խաղաղության կառուցման գործընթացներում», - նշել է շվեդ դիվանագետը:
ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լարա Ահարոնյանը։ Լինդեի գրառումից կարելի է ենթադրել, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին ուղղված ինչ-որ քայլեր են կատարվում ու ձեռնարկվում։
Հաջորդ գրառմամբ Շվեդիայի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՀ նախարար Արա Այվազյանի հետ բանակցություններին՝ դրանք գնահատելով «կառուցողական» «Լիակատար աջակցություն է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտությանը կայուն լուծում գտնելու ջանքերին», - գրել է նա:

