Այսօր Բեռլինում կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Հիշեցնենք՝ դրանք մեկնարկել են նախօրեին՝ փետրվարի 28-ին, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Ավելի ուշ բանակցությունները շարունակվել են եռակողմ ձևաչափով՝ մասնակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի։ Բացի այդ, կայացել է Միրզոյան-Բերբոք հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով: