Հարցազրույց

Եթե մեկը կարդա հիմնավորումները և հասկանա, թե ինչու է դիմողը այս գնահատականը ստացել՝ ամոթ լինի ինձ

Եթե մեկը կարդա հիմնավորումները և հասկանա, թե ինչու է դիմողը այս գնահատականը ստացել՝ ամոթ լինի ինձ

«Առաջին մրցույթը, որի մասին կուզենք խոսել․ 2021 թվականին որոշում է կայացվել հանրապետական սփռման մրցույթի վերաբերյալ, որում մեր հեռուստաընկերությունը մասնակցում էր, բայց պարզվել է՝ չի ստացել սլոտ։ Երբ մենք այս որոշումը ստացանք,  ակնհայտ էր մեր համար, որ այդտեղ կա օրենքի խախտում, այսինքն՝ մրցույթն իրականացվել է օրենքի պահանջների խախտմամբ։ Ինչի մասին էլ մենք բարձրաձայնեցինք, տվեցինք ասուլիս, և օրենքով սահմանված կարգով մեր իրավունքները սկսեցինք պաշտպանել դատարաններում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական Երկրորդ հեռուստալիքի փոխնախագահ Լևոն Սուլթանյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, չի ընդունել Հ2-ի մեղադրանքները՝ գտնելով, որ դա անհիմն է, չի համապատասխանում իրականությանը։

«Մենք, պնդում ենք, որ տեղին են և ճիշտ մեր մեղադրանքներն ուղղված ՀՌՀ-ի դեմ։ Օրինակ բերեմ․ դեռևս 2008 թվականին ՄԻԵԴ-ը Ա1+-ի գործով նախադեպային վճիռ ունի, որտեղ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող նույն հանձնաժողովի, նույն թեմայի մասին, որտեղ ասում է․ «Դու, որ արել ես մրցույթ, պետք է անեիր այսպես։ Ընդ որում, շատ հետաքրքիր նրբություն կա՝ Ա1+-ի ժամանակ, երբ որ վճիռը կարդում ենք, այնտեղ նշված է հետևյալը․ ճիշտ է՝ ՀՀ օրենսդրությունը ուղիղ չի պահանջում, որ ՀՌՀ-ի որոշումները լինեն պատշաճ պատճառաբանված և հիմնավորված, բայց ժողովրդավարական հասարակությունը ենթադրում է, որ այդպես պետք է լինի։ ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ նախարարների խորհուրդ գոյություն ունի, որը բազմաթիվ խորհուրդներ է տվել Հայաստանին, որտեղ նշել է, որ օրենսդրությունը պետք է շտկվի»,-ասաց Սուլթանյանը։

Վերջինիս խոսքով, անցել է ուղիղ 13 տարի, և 2021 թվականին ՀՌՀ-ն անում է մրցույթ, որում արդեն Հայաստանի ներպետական օրենսդրությունը հարմարեցված է բոլոր միջազգային պահանջներին և մեր օրենքն ուղիղ ասում է, որ ՀՌՀ-ի որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված։ Բայց ՀՌՀ-ն, միևնույն է, այդպես չի կարծում և չի պատճառաբանում, չի հիմնավորում իր որոշումները։

«2021 թվականի ապրիլի 2-ին Առաջին ատյանի վարչական դատարանը անվավեր է ճանաչում այս մրցույթի որոշումը՝ ասելով, որ ՀՌՀ-ն սխալ է եղել։ Այս որոշման մեջ շատ պարզ, հանգամանալից նկարագրված է, որ ինչ պետք է աներ ՀՌՀ-ն՝ օրենքին համապատասխան, որ չի արել, ինչ թերացումներ կան, ինչն է խախտում եղել և այլն, ինչը նաև 3-րդ ատյանով հաստատվել, վերջացել է, այսինքն, ճիշտ է եղել այդ վճիռը և ոչ մի բան չի փոխվել այդ վճռի մեջ։ Այս վճռից՝ երկու ամիս հետո, ՀՌՀ-ն արել է մայրաքաղաքային մրցույթ, որում, փաստորեն, այդ վճռում նշվածը հաշվի չի առել։ Այսինքն, կարող ենք պնդել, որ կրկին ապօրինի գործողություն է արել։ Փաստորեն պետական մարմինը իր աչքի առաջ ունի որոշում, որի մեջ մանրամասն գրված է՝  ինչ ինքը պետք է անի, սակայն անտեսում է, փոխարենը՝ բողոքարկում է։ Օգոստոսի 25-ին նույն դատարանը, բայց մեկ այլ դատավորի նախագահությամբ, անվավեր է ճանաչվել նաև այս որոշումը՝ որևէ հիմնավորման և պատճառաբանության բացակայության պարագայում։ Շահում ենք նաև այս դատը»,- ասաց Սուլթանյանը։

Սուլթանյանի խոսքով, ՀՌՀ-ն դիմել է նաեւ Վճռաբեկ դատարան։ Սակայն, քանի որ փաստացի հիմնավորված չի եղել՝ բողոքը հետ է վերադարձվել եւ ժամանակ է տրվել, որ շտկեն, ավելացնեն այն հիմքերը, որոնք բացակայում են բողոքի մեջ։ Շտկումներ անելուց հետո, ՀՌՀ-ն կրկին Վճռաբեկ դատարան է ներկայացնում իր բողոքը։ Անցնում է ինչ-որ ժամանակ՝ 2022 թվականի հունիսի 7-ին, վճռաբեկ բողոքը կրկին վարույթ չի ընդունվում, մերժվում է։ Եւ վճիռը մտնում է ուժի մեջ։

«Փաստորեն, մենք ունենք երեք ատյանով հաստատված փաստ, որ ՀՌՀ-ն կոնկրետ այդ մրցույթը արել է ապօրինի, ինչի արդյունքում՝ մրցույթը ճանաչվել է անվավեր։ Այս մրցույթում միակ հաղթող ճանաչված Հանրային Հեռուստաընկերության մայրաքաղաքային նոր ալիքին ստիպված հանում են եթերից, որովհետև այլևս լիցենզիա չունի։ Որոշ ժամանակ անց, ՀՌՀ-ն մայրաքաղաքային մեկ այլ սփռման մրցույթ է անում, արդեն էն սլոտի վերաբերյալ, որը վերաբերում էր «Արմնյուզին»։ Սլոտ էր ազատվել և մասնակցեցինք այդ մրցույթին։ ՀՌՀ-ն, ունենալով երեք ատյանով որոշում՝ որ իրենց մրցույթն արվել է ապօրինի և ունենալով մանրակրկիտ նկարագրություն, թե ինչն է համարվել ապօրինի և որպեսզի իբր համապատասխանեցնեն դատարանի պահանջներին, մրցույթի անցկացման կարգը փոխում է։ Սա, իհարկե, իր իրավասությունների մեջ է։ Բայց փոխարենը փոխի այնպես, ինչպես ասում է դատարանը, որպեսզի նոր որոշումը լինի նորմալ, պատճառաբանված և հիմնավորված, ինքը ավելի է վատացնում իր վիճակը»,- ասում է Սուլթանյանը։

Սուլթանյանն ընդգծում է․ «Օրենքն ունի 7 չափորոշիչ, որով պիտի գնահատվի մրցույթի մասնակից հեռուստատեսությունը։ Հիմա ասում են, որ առանձին չափորոշիչ չի գնահատվում, գնահատում են ընդհանուր առմամբ ներկայացված հայտը և դրվում է մեկ գնահատական։ Այսօր հասկանալի չէ, թե որ չափորոշիչով է թերացել դիմողը։ ՀՌՀ ամեն անդամ գրում է առանձին իբր հիմնավորում, թե ինչու է ինքը այդպես գնահատել։  ՀՌՀ կայքում կան այդ որոշումները՝ հիմնավորումներն էլ կցված են դրան։ Եթե մեկ մարդ լինի, որը կարա կարդա այդ հիմնավորումները և հասկանա, թե ինչու է այս մարդը այս գնահատականը ստացել՝ ամոթ լինի ինձ, դա հնարավոր չի, որովհետև որևէ հղում գնահատականին և ինչի է այդ գնահատականն այդպիսին, գոյություն չունի։ Վճռաբեկը, իրենց բողոքի նաև Հանրապետականի վարույթն է մերժում ընդունել։ Արդյունքում, այսօր ունենք երկու որոշում, որը վերջնական ուժի մեջ մտած է և որը ասում է, որ ՀՌՀ-ի անցկացրած մրցույթները ապօրինի են։ Սրա արդյունքում նաև մեր գործընկերներն են զրկվել լիցենզիայից»,-ասաց Սուլթանյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image