Այլ

Դրսում գումարված Ժողովը պետության փտախտի ախտանիշ է

Դրսում գումարված Ժողովը պետության փտախտի ախտանիշ է

Նորմալ պայմաններում Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը պետք է գումարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Սա պարզապես վարչական հարմարության հարց չէ։ Էջմիածինը եկեղեցու սիմվոլիկ և ինստիտուցիոնալ առանցքն է՝ համահայկական միասնականության նշան։ Ժողովն  այնտեղ գումարվելու գաղափարը ենթադրում է, որ եկեղեցին գործում է ազատ միջավայրում, առանց արտաքին ճնշումների, և իր ներքին կյանքը կազմակերպում է ինքնուրույն։ Հենց այստեղից է սկսվում խնդրի քաղաքական շերտը։

Ինքը՝ իշխանությունը, իրեն ներկայացնելով որպես «ժողովրդավար», շահագրգռված է, որ ժողովը ձևապես տեղի ունենա Էջմիածնում։ Ոչ թե եկեղեցու ինքնավարությունը հարգելու համար, այլ որպեսզի ստեղծվի քաղաքական ալիբի․ եթե ժողովը Էջմիածնում է, ուրեմն՝ ճնշում չկա։ Այդ կերպ իշխանությունը փորձում է պետական միջամտության պատասխանատվությունը տեղափոխել հենց հոգևորականների վրա՝ հետագայում հայտարարելով, թե ճնշումների մասին խոսակցությունները չափազանցված են կամ հորինված։

Սակայն իրականությունը ձևականությունից շատ հեռու է։  Պետությունը հոգևորականության նկատմամբ կիրառում է տարբեր գործիքներ՝ քրեական հետապնդումներ, շարժման սահմանափակումներ, տեղեկատվական ճնշում, վախի և կոմպրոմատների մթնոլորտ։ Այս պայմաններում ժողովի «ֆորմալ» գումարումը չի նշանակում ազատ կամ լիարժեք ժողով։ Պատմությունը հիշեցնում է․ երբ եկեղեցու նկատմամբ եղել են քաղաքական ճնշում, անվտանգային սպառնալիք կամ պետական միջամտություն, Եպիսկոպոսաց ժողովը ստիպված է եղել դուրս գալ իր բնական միջավայրից։ Օրինակները թվարկելու կարիք չկա։ Կարևոր է մեկ սկզբունքային բան հասկանալ․ դրսում գումարված ժողովը երբեք նախընտրելի մոդել չի եղել։ Այն եղել է բացառապես հարկադրական լուծում՝ եկեղեցու գոյատևման համար։

Դրսում գումարված ժողովը վկայում է ոչ թե եկեղեցու թուլության, այլ պետության ուղիղ ճնշման ու համակարգային միջամտության մասին։ Այն  վկայում է, որ նորմալ վիճակը խաթարված է եղել։ Ի՞նչ վիճակ է այսօր։

Երբ եպիսկոպոսաց ժողովի անդամների մի մասը գտնվում է կալանքի տակ, մյուսի ազատ տեղաշարժը սահմանափակված է, մի մասն ապրում է մշտական ճնշման ու վախի ռեժիմում, իսկ Մայր Աթոռը գտնվում է պետության ուղիղ վերահսկողության և միջամտության ներքո, ապա ժողովը իրականում չի կարող լինել ազատ, անկախ և ամբողջական։ Այստեղ այլևս խոսքը ժողովի վայրը փոխելու մասին չէ, այլ՝ եկեղեցու ինքնիշխանության ժամանակավոր կասեցման։

Խոսքը իշխանական կամ եկեղեցական մրցակցության մասին չէ։ Խոսքը եկեղեցու՝ որպես վերջին ինստիտուցիոնալ ինքնուրույն հյուսվածքի գոյատևման մասին է։

Եվ հենց այստեղ է ամենավտանգավոր կետը։ Եթե այս պայմաններում Եկեղեցին հարկադրված լինի դուրս գալ իր կենտրոնից, դա այլևս պարզապես եկեղեցական հարց չի լինի։ Դա կլինի քաղաքական պայթյուն, որը ցույց կտա, որ պետությունը խորքային փտախտի մեջ է և փորձում է իր ճգնաժամը տարածել այն միակ կառույցի վրա, որը դեռ ունի վերականգնման և վերընձյուղման ներուժ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image