Պատմական փաստերը վերանայելու, պատմությունը կեղծելու եւ ըստ պահի քաղաքական նպատակների վերաշարադրելու միտումը մեզանում միշտ է եղել: Փողոցներ ու քաղաքներ են վերանվանվել, արձաններ են հանվել, պատմության դասագրքեր են վերաշարադրվել: Բայց մարդկանց վաստակը, ծառայությունները նսեմացնելն ու նրանց անունը պատմությունից ջնջելը մանկուրտներին, նեղմիտներին բնորոշ բան է:
Լուսանկարում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ու Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակը։ Լուսանկարն արվել է Երեւանում՝ 2006 թվականի սեպտեմբերի 30-ին, Սայաթ-Նովա եւ Մաշտոց պողոտաների հատման կետում: Այդ պահին երկուսն էլ գործող նախագահներ էին, ու նրանց, Շառլ Ազնավուրի եւ բազում այլ մարդկանց ներկայությամբ այդ հատման կետ-հրապարակն այդ օրն անվանակոչվեց Ֆրանսիայի անունով։ Համապատասխան ցուցանակ տեղադրվեց:
Երկրորդ լուսանկարն արվել է օրեր առաջ` նույն Ֆրանսիայի հրապարակում։ Այսինքն՝ 18 տարի առաջ այս հրապարակում կար եւս մեկ ցուցանակ, որից մարդիկ տեղեկանում էին, որ հրապարակը բացվել է 2006 թվականի սեպտեմբերի 30-ին՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի մասնակցությամբ։
Հիմա երկրորդ ցուցանակը, որն իրազեկում էր այն, ինչ եղել է 2006-ին, այժմ չկա։ Ո՞վ է փորձում ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը պատմության այս էջից։
Փորձեցինք մեր հարցի պատասխանը ստանալ քաղաքապետարանից։ Հարցրինք․ ե՞րբ է հանվել Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի անունով ցուցանակը, ինչո՞ւ, ո՞վ է հանել։
Երեւանի քաղաքապետարանից մեր հարցին տարօրինակ պատասխան տվեցին: Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Տարոն Գեւորգյանը նշեց, որ տեղյակ չեն, թե ուր է անհետացել ցուցանակը` ենթադրում են, որ 2022-ին Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիաների ընթացքում ընդդիմադիրներն են վնասել` պոկել ցուցանակը: Թե ինչու պետք է ընդդիմադիրներն իրենց քաղաքական առաջնորդի մասին պատմող ցուցանակը պոկեին, անհասկանալի մնաց: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ չե՞ն վերականգնելու ցուցանակը։ Մեզ ասացին, որ քաղաքապետարանի ղեկավարությանը կարող են առաջարկել, սակայն թե ինչ որոշում կկայացվի՝ չգիտեն:
ՀԳ․ Տպավորություն չձեւավորվի, թե «Հրապարակի» ուշքը գնում է Ռոբերտ Քոչարյանի համար, կամ մանր հարցերով ենք զբաղված։ Բնավ։ Բայց պատմության խմբագրումը փոքր հարց չէ։
Արեգ Մարգարյան
