Ապրիլի 13-ին ողջ համացանցը խոսում եւ վրդովվում էր, որ անհայտ անձը պղծել է հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանը։ Նույն օրը ժամը 18։18-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, թե ապրիլի 13-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին արարքը կատարողի ինքնությունը: Երեւանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել էր։ Երեք օր մեկուսարանում մնալուց հետո ազատ էր արձակվել։
Անմիջապես մեկուսարանից դուրս գալուց հետո 58-ամյա տղամարդը եկել էր «Հրապարակի» խմբագրություն եւ ասում էր, որ իրեն Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները ծեծի են ենթարկել, եւ հիմա բողոքում է՝ ոստիկանությունից իրեն չեն տրամադրում դատաբժշկի ուղեգիր ու քրեական գործ չեն հարուցում։ Սկզբում նա հրաժարվում էր ասել, թե ինչն է եղել իրեն բերման ենթարկելու պատճառը։ Իսկ երբ ասացինք, որ մինչեւ չիմանանք բերման ենթարկելու պատճառը, չենք կարող հրապարակում անել, խոստովանեց, որ ինքն է վնասել Ազգալդյանի արձանը, եւ սկսեց հիմնավորել, թե ինչու է նման բան արել: Ասում էր, թե Ազգալդյանն է մեղավոր մեր բոլոր խնդիրների մեջ, եւ 2020 թվականի պարտության ու զոհերի մեղավորն էլ է նա։ Երկար հարցուփորձից պարզեցինք, որ նա Ազգալդյանի քրոջ հետ ինչ-որ խնդիրներ է ունեցել եւ ատում է Ազգալդյանների ողջ ընտանիքը:
Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ուր են հասել այս գործի քննության հարցում: Հայտնի է, որ վնասված արձանն արդեն վերականգնվել է, ըստ նախաքննության մարմնի` մոտ 3 միլիոն դրամ է ծախսվել դրա վրա, որը դրվել է արձանը վնասած անձի մեղադրանքի հիմքում, եւ նա պետք է այդ վնասը փոխհատուցի: Ի դեպ, արձանի վերականգնումը կատարվել է մասնավոր անձի կողմից, ում ինքնությունը չեն բացահայտում: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին․ «58-ամյա Կարեն Խաչատրյանի՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ավարտական փուլում է, եւ գործն ուղարկվում է դատարան»։
Փորձեցինք խոսել նաեւ հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանը վերանորոգող քանդակագործի` Տիգրան Արզումանյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց խոսել արձանի վերանորոգման աշխատանքներից՝ պատճառաբանելով, թե Ազգալդյանի արձանը պղծող անձին մենք հերոսացրել ենք մեր հրապարակումներում, իսկ Ազգալդյանին որպես ազգի թշնամի ենք ներկայացրել, եւ այնպես էր պատասխանում` կարծես արձանը պղծողը հենց մենք ենք, ոչ թե սույն անձը։ Ըստ ամենայնի, նա կարդացել կամ դիտել է սույն անձի հետ մեր կայքում հրապարակված հարցազրույցը, բայց բազմաթիվ նյութեր, որտեղ մենք դատապարտել ու մերկացրել ենք այդ հիվանդ անձին եւ նրա արարքը, չի տեսել:
Մեր խնդիրն էր՝ լսել ու ներկայացնել հանցանք կատարած սույն անձի բացատրությունը եւ ցույց տալ, որ մեր հասարակության մեջ նաեւ նման մարդիկ կան: Եթե չհասկանանք նման արարքների հիմքերն ու բուն պատճառները, ինչպե՞ս ենք կանխելու նման դեպքերի կրկնությունը։ Մեր աշխատանքի իմաստը ցանկացած երեւույթի խորքային լուսաբանումն է եւ այն հանրությանը ներկայացնելը։