Տավուշի մարզպետարանի տվյալներով` 2023 թվականի աշնանը Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնագաղթած 780 ընտանիք, 2 հազար 970 անձ։ 2025թ․ դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել, թե ներկայում Տավուշի մարզում հաստատված՝ Արցախից բռնագաղթած քանի ընտանիք է ապրում, քանի անձ, նրանցից քանիսն է Տավուշի մարզի համայնքներում պետական աջակցության ծրագրով բնակարան ձեռք բերել։
Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Ս․թ․ դեկտեմբերի 16-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 1882 անձ, 550 ընտանիք, իսկ բնակարանային ապահովման պետական ծրագրի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին (ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն)»։ Այսինքն, անցած 2 տարում Տավուշի մարզից հեռացել է արցախցի 230 ընտանիք, 1088 անձ։ Մարզպետը չի հայտնել մարզում բնակարան գնած արցախցիների թիվը, որովհետեւ չնչին թվեր են հանրապետությունով մեկ՝ չեն ասում, որ չասենք ձախողված, ի սկզբանե չաշխատող ծրագիր են իրականացրել։ Սակայն մենք տեղեկացել ենք, որ մինչեւ հիմա Տավուշի մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան համայնքներում բնակարանային ապահովման պետական ծրագրով բնակարան է գնել ընդամենը 10 ընտանիք։