Մարտունու բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար Սիրակ Սիրականյանի եւ բժշկական կենտրոն հունվարի 6-ին դիմած Վարդ Պապիկյանի միջեւ լեզվակռիվ եւ վեճ է տեղի ունեցել։ Մեզ դիմած քաղաքացին պատմել է, որ իր 2,3 տարեկան երեխան տանը քրոջ հետ խաղալիս ընկել է, վնասել ոտքը։ Դեպքից անմիջապես հետո դիմել են մոտակայքում գտնվող միակ հիվանդանոց՝ Մարտունու ԲԿ։
«Մտել ենք հիվադանոց, ոչ ոք չի եղել, «անհետաձգելի բուժօգնության» բաժին ենք մտել, հերթապահ մի քույր է եղել, ասել ենք՝ երեխան ընկել է, մտածում ենք՝ գուցե կոտրվածք լինի, ասել է՝ սպասեք, զանգել են ռենտգեն անող բժշկին, որ գա։ Մենք էրեխուն 15 րոպե այդպես պահել ենք, հետագայում արդեն Երեւանում իմացանք, որ կոտրվածք ունի։ Ռենտգենի բժիշկը 20 րոպե հետո ժամանեց, արեց հետազոտությունն ու ասեց՝ վճարում արեք, նոր մեզ կտրամադրի պատասխանը։ Զարմացել էինք, որ երեխայի ռենտգենի համար պետք է վճարենք, բայց 5000 դրամ վճարեցինք ադմինիստրացիայում, մեզ ինչ-որ թուղթը գրեց տվեց աշխատակիցը, որը տվեցինք ռենտգեն անող բժշկին»։
Քաղաքացին նշում է, որ այդ հետազոտությունից հետո ռենտգեն անողը բժիշկը զանգել է ԲԿ-ի վիրաբույժներից մեկին, վերջինս ասել է՝ անշարժացրեք ոտքը, ուղարկեք Երեւան․ «Դրանից հետո բուժքույրը մեզ ասաց՝ գնացեք վիրաբուժական բաժանմունք, մենք գնացել ենք մայրապետի հետ վիրաբուժական բաժին՝ բաժնի ղեկավար Սիրակ Սիրականյանի մոտ, նա մեզ տեսնելով սանիտարին ասաց՝ ինչի՞ ես եկել ստեղ, սանիտարն ասաց՝ ուղարկել են, որ անշարժացնեք, ինքն էլ ասաց՝ ինչի՞ ես առել, եկել ստեղ, գնա ընդունարանի վիրակապարակ, կգամ, ես էլ ասեցի՝ շատ պե՞տք է երեխուն էս վիճակով գրկած ման գամ հիվանդանոցի մեջ, ինքն էլ ասեց՝ չեք հասկանում, կգամ, կվիրակապեմ, ու դա ասում ա՝ մունաթով։ Դրանից հետո ինքը իմ հետևից դուրս եկավ, ասեց՝ դե որ տենց ես խոսում, մինչև մասնագետը չգա, էդ ժամանակ երբ հարմար եղավ, կգամ»։
Ըստ մեր զրուցակցի՝ այդ դեպքից 15 րոպե հետո եկել է մեկ այլ բժիշկ, փորձել է ձեռքի տակ եղած պարագաներով անշարժացնել երեխայի ոտքը, այնուհետև եկել է Սիրակ Սիրականյանը․ «Սիրակ Սիրականյանն եկավ, ասեց՝ էրեխուն չե՞ք սրսկել, ասեցին՝ չէ, ասեց՝ բա ո՞ւմ էիք սպասում, դրանից հետո նոր սրսկեցին։ Հետո էլի մունաթով, աշխատողների վրա գոռալով գիպս դրեցին, իմ հետ էլ մունաթով խոսելով, ասում ա՝ մի քիչ էլ էրեխուն գրկես, ոսկորները կառանձնանան։ Բայց հարցն այն է, որ իբր թե նոր հիվանդանոց ա, բայց որեւէ պարագա չգա, կարդոն էին ման գալիս, որ անշարժացնեին։ Ես էրեխուն գրկել էի մինչեւ հարմարանքներ գտնեին դրա համար»։
Փորձեցինք կապ հաստատել բժշկի հետ․ Մարտունու ԲԿ-ի ընդունարանից խոստացան մեզ հետ կապ հաստատել, սակայն այդպես էլ ոչ հետ զանգահարեցին, ոչ էլ հետագայում մեր հեռախոսազանգերին պատասխանեցին։
Նշենք, որ Սիրակ Սիրականյանը նախորդ տարի հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում։ Մոլի ՔՊ-ական վիրաբույժը, ըստ մամուլի, իր մոտ 3 տասնյակ ընկերների հետ ծեծի էր ենթարկել «Մարտունի» ԲԿ-ի այլ բժիշկների։