Հասարակություն

Դպրոցը քաղաքականացվում է և կուսակցականացվում․ Հայկ Փայտյան

Դպրոցը քաղաքականացվում է և կուսակցականացվում․ Հայկ Փայտյան

Ոստիկանությունը բառացիորեն հսկել է նորանշանակ տնօրենի աշխատասենյակի դուռը։ Եվ այն պատճառաբանությունը, թե այնտեղ հասարակական կարգ են պահպանում, ինձ համար հետաքրքիր է, ի՞նչ հասարակական կարգ է խախտվել, ովքե՞ր են խախտողները։

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբովյանի Թիվ 1 ավագ դպրոցի՝ աշխատանքից ազատված «Պատմության» ուսուցիչ Հայկ Փայտյանը։

Աբովյանի դպրոցում փետրվարի ամսից սկսած տևական ժամանակ ճգնաժամ է, մոտ 100 աշակերտ հեռացել է դպրոցից, ուսուցիչների մի մասը կա՛մ հեռացվել է աշխատանքից, կա՛մ իրավիճակից ելնելով՝ ինքնակամ ազատվել է։ Նրանք չեն ընդունում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին ու պահանջում նրա հեռացումը։ 

«Եվ ամբողջ քաղաքն էլ գիտի, որ Աբովյանի Թիվ 1 դպրոցն, ըստ էության, քանդվել է այլևս։ Դպրոցը քաղաքի, եթե ոչ Հանրապետության, լավագույն, կայացած դպրոցն է՝ ազգային ոգով դպրոց։ Այս դպրոցում տեխնիկական, բնագիտական ուղղության հոսքերը շատ կայացած են և նրանք համադրվում են ազգային առարկաների հետ», - նշեց ուսուցիչը։

Ըստ Փայտյանի՝ կառավարությունը, իշխանությունները դպրոցում թույլ են տվել «վառ ընգծված խայտառակ, ապազգային դրսևորում»։ «Մեր ուսուցչական կոլեկտիվի որևէ դիմում, խնդրանք, աշակերտների, մանկավարժների շահերին Հայաստանում որևէ մարմին չարձագանքեց։ Մենք դիմեցինք նախարարություն, կառավարություն, որևէ արձագանք չեղավ։ Բայց բավարար էր, որ մեկ զանգ կատարվեր տիկնոջ [Քարմիլե Առաքելյանի] կողմից, և ամբողջ ոստիկանական, չգիտեմ, ջոկատներ էին հավաքվում դպրոցում։ Կառավարությոնը, ըստ էության, հասավ նրան, որ մեկ ազգային դպրոց քանդվեց Հայաստանում», - շեշտեց նա։

Վերջինիս խոսքերով՝ համարյա բոլոր մարզերից ուսուցիչներ, ծնողներ են իր հետ կապ հաստատել այս իրավիճակի հետ կապված և աջակցություն հայտնել։ 

Դպրոցի նախկին տնօրեն, աշխատանքից ազատված «Պատմության» ուսուցչուհի Մետաքսյա Բաբայանը նշեց, որ այժմ դպրոց հաճախող աշակերտների մի մասը, հատկապես նրանք, որոնք ակտիվ են եղել դասադուլի ժամանակ, խտրական վերաբերմունքի են արժանանում, հեռանում են դպրոցից շրջակա գյուղերի դպրոցներ, քանի որ քաղաքի այլ դպրոցներում տեղ չկա՝ աշակերտ ընդունելու համար։ 

«Կրկին զգալի թվով աշակերտներ, իմ ունեցած տեղեկություններով, սպասում են, որ Աբովյան քաղաքի դպրոցները լիցենզավորվեն, և հեռանան», - հավելեց Հայկ Փայտյանը։

Բաբայանն ընդգծեց, որ Առաքելյանին տնօրենի պաշտոնում նշանակելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանը բողոքարկել է Ընդհանուր իրավասության դատարան, որը վարույթ չի ընդունել հայցը՝ պնդելով, որ պետք է դիմել վարչական դատարան։ «Մենք փաստաբանի հետ այս որոշումը բողոքարկել ենք և սպասում ենք Վերաքննիչ դատարանի պատասխանին։ Նման հարցերով Եղեգնաձորում 1-2 հաստատություն էլի դիմել են Ընդհանուր իրավասության դատարան, բայց նրանց գործը վարույթ ընդունվել է։ Թե ինչու մեր հայցը չի ընդունվել, դատե՛ք ինքներդ։ Բայց արդեն բավական երկար ժամանակ հայցի ընդունումը հետաձգվել է ու ձգձգվում է», - հավելեց դպրոցի նախկին տնօրենը։

Փայտյանի խոսքերով՝ իրենց այս պայքարը մի ամբողջ համակարգի դեմ էր։ «Մեր այսքան բարձրացրած հարցերը՝ դպրոցը կուսակցականացնելու, քաղաքականացնելու վերաբերյալ, թվում էր, թե պետք է ազդակ հանդիսանա, որ գոնե փոփոխեն ինչ-որ մի բան։ Եվ թվում էր, թե ուզում են փոխել ինչ-որ բան, էդպես էին ներկայացնում։ Հիմա փոխել են դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը և ամբողջությամբ հակառակ տրամաբանությամբ։ Սա ամբողջությամբ տանում է նրան, որ դպրոցի տնօրեն ոչ թե ընտրվելու է արդեն, այլ՝ նշանակվելու է։ Դպրոցը քաղաքականացվում է և խայտառակ կուսակցականացվում է», - ընդգծեց ուսուցիչը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image