Այլ

Իսրայելի ձեռքում ժամացույցն է, Իրանի ձեռքում՝ ժամանակը 

Իսրայելի ձեռքում ժամացույցն է, Իրանի ձեռքում՝ ժամանակը 

Երեկ ՄԱԿ Անվտանգության խորհրդում նիստ գումարվեց Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները քննարկելու համար։ Զարգացումները Մերձավոր Արեւելքում հետզհետե վերածվում են առանց կանոնների մենամարտի՝ Իսրայելի եւ Իրանի միջեւ։ 

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան մոտ երկու հարյուր հեռահար հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես պարզվեց Իրանի Հեղափոխության պահապանների գնդի (IRGC) տարածած հայտարարությունից, հրթիռային հարձակումը Գազայի եւ Լիբանանի հանդեպ Իսրայելի գործադրած վայրագությունների, «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նաշրալլայի, «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիյեհի եւ Իրանի Հեղափոխության պահապանների գնդի հրամանատար Աբբաս Նիլֆորուշանի ահաբեկչական սպանություններին տրվող պատասխանի մեկնարկն էր՝ առաջին փուլը։ Ըստ IRGC-ի հրթիռները արձակվել էին իսրայելյան հետախուզական եւ ռազմական կենտրոնակայանների, օբյեկտների, զինապահեստների ուղղությամբ եւ թիրախներից շատերը հաջողությամբ խոցվել են։ Հաջորդ օրը Թեհրանից սպառանացին, որ եթե այս անգամ բարի կամք դրսեւորելով միայն ռազմական թիրախներ են նշանառության տակ վերցվել, ապա հաջորդ հրթիռակոծման ժամանակ հարվածներ կհասցվեն նաեւ Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքներին։ Եվ առհասարակ Թեհրանից հայտարարել են, որ Միացյալ Նահանգները ճիշտ կվարվեն մի կողմ կանգնեն եւ մեջտեղում չերեւան, իսկ Իսրայելն էլ, եթե փոձի պատասխանել, «ջախջախիչ» հարված կստանա։ 

Իսրայելից փոխադարձաբար, ի պատասխան հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման, հայտարարել են, թե դա «մեծ սխալ էր» Թեհրանի կողմից, թե Իսրայելն իրեն իրավունք է վերապահում այդ հրթիռակոծությանը պատասխանել «երբ եւ ինչպես» հարմար կհամարի։ Թեեւ Իսրայելից չեն բարեհաճում հասցված վնասի մասին բարձաձայնել, բայց ընդհանուր առմամբ ընդունել են, որ Իրանի հարձակումը լուրջ էր եւ հետեւանքներ առաջացնող։ Իսկապես Իսրայելից պատասխան կտրվի, թե ոչ, կամ ինչ պատասխան կտրվի՝ դժվար է կռահել։ Երեկվա դրությամբ Իսրայելը փորձել էր ավելի վաղ հայտարարված ցամաքային ներխուժման գործողություն սկսել հարավային Լիբանանում, բայց կարծես ոչ մի տեղ էլ չէր հասել։ Իսրայելից պարզ է` չէին հայտարարի, թե ինչ են փորձել, ինչում են ձախողվել։ Հեզբոլլահն էլ, չի բացառվում, ուռճացրել էր իրականությունը` հայտարարելով, թե իսրայելցի զինվորներին ոչնչացնելով իրենք իսրայելյան ուժերին ետ են մղել հարավային Լիբանանում բոլոր այն վայրերից, որտեղ վերջիններս փորձել են առաջանալ կամ ներթափանցել։ 

Ամեն պարագայում, պարզ է, որ Հասան Նաշրալային չեզոքացնելուց «Հեզբոլլահի» մարտիկները չէին անէանալու։ «Հեզբոլլահի» կառուցվածքում, ասում են, նույնիսկ մի ընդարձակ ստորաբաժանում գոյություն ունի Radwan Force՝ մի քանի հազար մարտիկներով, որոնք հատուկ պատրաստություն են անցնում հենց հարավային Լիբանանի եւ հյուսիսային Իսրայելի տեղանքներում մարտնչելու համար։ Այնպես որ «Հեզբոլլահի» սպառնալիքները, թե ցամաքային գործողության մեջ ներգրավված իսրայելցիները տեղում դիակ են դառնալու, կարող է լոկ պատկերավոր արտահայտություն չլինել։  Եթե Իսրայելը գերազանցություն ունի օդային տարածքում, «Հեզբոլլահն» էլ անվիճելի առավելություն ունի ցամաքում, իրեն ծանոթ տեղանքներում։ 

Առաջիկա օրերին, իհարկե, կերեւա, թե Իսրայել-Իրան դիմակայության ներկա ընթացքը action-reaction-counteraction տրաեկտորիայով ուր կհասնի, սակայն ներկա պահին արդեն մի արձանագրում կարելի է անել. Իրանը կարծես հաստատակամ է Իսրայելին հյուծման դիմակայություն պարտադրելու։ Դեռ հոկտեմբերի 1-ի հրթիռակոծությունը չեղած հնչում էին ենթադրություններ, որ հնարավոր է Իրանը բախման մեջ մտնի Իսրայելի հետ, որպեսզի ժամանակ շահի «Հեզբոլլահի» վերակազմակերպման համար։ Թվում է` ենթադրությունները ճիշտ էին։  

Եթե Իսրայելը գրեթե խելահեղության մեջ, մարդասպանություններով եւ հրթիռակածություններով իբր ձգտում է իր շուրջը հյուսված Դիմադրության առանցքի սարդոստայնը քանդել եւ խաղաղության հասնել, Իրանը, թվում է, ընդհակառակը հետամուտ է այդ սարդոստայնի մեջ՝ Համաս-Հեզբոլլահ-Հութիներ-Իրաքյան-սիրիական-շիաներ, Իսրայելին անվերջ պահելու եւ մինչեւ վերջ հյուծելու։ Դիմադրության առանցքի դերակատարները հերթով` պատերազմի փոխանցիկ դրոշը վերցնելով, ակտիվանալ-պասիվանալով` թույլ չեն տալու, որ Իսրայելը պատերազմից դուրս գա։ Մեկ տարում «Համասի» դեմ պատերազմը Իսրայելին հասցրել է տնտեսական կոլապսի եզրին, եւս մի տարի «Հեզբոլլահի» հետ պատերազմ ընթանա, Աստված գիտի` Իսրայելը որտեղ կհայտնվի։ 
Ռազմական գործողությունների ժամացույցը գուցե Իսրայելի ձեռքում է, սակայն անվերջության մեջ հոսող ժամանակն էլ Իրանի ձեռքում է։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image