Քաղաքականություն

Անիմաստ ժամավաճառություն

Անիմաստ ժամավաճառություն

Երբեմն թվում է, թե այս մարդն ինչ-որ շարժման ղեկավար է, քաղհասարակության ներկայացուցիչ, ինչ-որ աղանդի քարոզիչ, միջին մակարդակի բուհի դասախոս, շինարարական ընկերության փիառշչիկ, բայց ո՛չ վարչապետ: Երբ նայում ես նրա առօրյան, տեսնում ես, որ այնտեղ վարչապետի գործառույթները բացակայում են. նա հյուրեր է ընդունում, որոնք զրո օգուտ կարող են տալ մեր երկրին, տարբեր մշակութային եւ կրթական օջախներ է այցելում, ինչ-որ ծրագրերի մեկնարկի արարողություններին է մասնակցում, որոնք հայտնի չէ` հասնելո՞ւ են իրենց ավարտական փուլին, թե՞ հեռուստացույցների գործարանի նման ամեն ինչ ավարտվելու է հիմնարկեքի տպավորիչ արարողությամբ ու փիառով:

Առհասարակ, եթե առաջնորդվենք կառավարության լրատվականի տրամաբանությամբ` չզարմանաք, եթե վաղը վարչապետի կողմից աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ընդունելու մասին հաղորդագրություն եւ լուսանկարներ տարածեն` դա համարելով լուսաբանման ենթակա իրադարձություն: Մանավանդ` երկուսն էլ սիրում են կամերաների առաջ կանգնելն ու նկարվելը:

Իսկ «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկին» մասնակցելը եւ աղբամանների կողքին ինչ-որ չոլում լուսանկարվելն ընդհանրապես ամոթ է, եթե չասենք` վարչապետի գործը չէ: Ինչպես վարչապետի գործը չէ խառնակչությամբ զբաղվելը, հանրությանը հոգեբանական տեռորի ենթարկելն ու ամեն օր մի կառույցի, մի խմբի դեմ ստատուսներ գրելը: Ինչպես վարչապետի գործը չէ իրավապահներին ապօրինի հրահանգներ իջեցնելը, հատուկ ծառայությունների ծառայողական տեղեկատվությունը ստանալն ու իր շահերի համար օգտագործելը: Իսկ իրեն վախ ներշնչող անմեղ մարդկանց բռնել տալն ու բանտ նետելն ընդհանրապես անօրինականության գագաթնակետն է եւ անբարոյական քայլ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image