Հարցազրույց

Մեզ միավորել է Կալիֆորնիայի դատավոր Կասիա Աբգարյանը

Մեզ միավորել է Կալիֆորնիայի դատավոր Կասիա Աբգարյանը

Մեր զրուցակիցը Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի համակարգող Անահիտ Հարությունյանն է:

- Ինչո՞վ է զբաղվում ձեր կենտրոնը, երբվանի՞ց է գործում: 

- Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը ստեղծվել է 2020 թ. պատերազմից հետո` մի խումբ ամերիկահայ փաստաբանների կողմից, ովքեր պատերազմից հետո ամեն կերպ փորձում էին լսելի դարձնել տեղի ունեցած պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: 30-ից ավելի փաստաբան միավորվել է եւ աշխատանք տարել այդ ուղղությամբ: Հիմնական ուղղությունը պատերազմական հանցագործությունների արձանագրումն է, միջազգային դատարաններում արդարադատության հասնելը։ Միջազգային իրավունքի մասնագետները մեզանում այնքան էլ շատ չեն, որոշ բուհերի հետ համագործակցությամբ փորձում ենք այդ բացը լրացնել: Առաջին բուհը Հայ-ռուսական՝ Սլավոնական համալսարանն էր, հետո՝ ԵՊՀ-ն, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաեւ՝ Արցախի համալսարանն ու Ամերիկյան համալսարանը: Այս բուհերի ուսանողների հետ սկսվեց աշխատանք, որպեսզի յուրացնեն, թե ինչպես ճիշտ հավաքագրել վկայությունները, փաստերը եւ ինչպես աշխատել վկաների հետ: 100-ից ավելի ուսանողներ վերապատրաստվել են` Արցախում եւ Հայաստանում: Նրանցից մի քանիսն արդեն իսկ աշխատում են:

- Կենտրոնն արտերկրում մասնաճյուղեր ունի՞:

- Կենտրոնը համարվում է միջազգային կառույց, նախ գրանցվել է ԱՄՆ-ում, մեր գլխամասը գտնվում է ԱՄՆ-ում, մենք հայաստանյան մասնաճյուղն ենք ներկայացնում:

- Ովքե՞ր են ամերիկահայ 30 փաստաբանները, ովքեր հիմնադրեցին կառույցը:

- Բոլորիս միավորել է Կալիֆորնիայի դատավոր Կասիա Աբգարյանը: 
Փաստերի հավաքագրումը մեր առաջին քայլն է, հետո արդեն՝ այդ ամենի հիման վրա զեկույցների պատրաստումն ու տարբեր կառույցների դիմելը: Մասնավորապես` ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե անհատական բողոքներ են ուղարկվել` գերիների վերաբերյալ: Այս ապրիլին մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ մեր կազմակերպության կողմից զեկույցներ ներկայացվեցին Կոմիտեին, քանի որ դիտարկվում էր նաեւ Ադրբեջանը։ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց եզրափակիչ դիտարկումներ Ադրբեջանի մասով՝ նշելով, որ խորապես մտահոգված է միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին հաղորդումներով, որոնք իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ ռազմագերիների եւ էթնիկ կամ ազգային ծագում ունեցող հայ անձանց նկատմամբ: Գերիների հարցերով ենք մշտապես զբաղվում, փորձում ենք տարբեր ատյաններում բարձրացնել հարցը: Այդ թվում` ԱՄՆ կառավարությունում, ՄԱԿ-ի կառույցներում եւ այլն: Նաեւ զեկույցներ ենք հրապարակել Արցախի բլոկադայի մասին, այդ ընթացքում աշխատել ենք մի շարք կարեւոր միջազգային փորձագետների հետ, որոնք տեղի ունեցածը որակեցին ցեղասպանություն: Առանձին զեկույցներ ունենք արցախցիների տեղահանության հետ կապված` որպես իրականացված էթնիկ զտում, Հակարիի կամրջի դեպքերի հետ կապված, ինչպես նաեւ՝ այժմ արցախցիների վերադարձի իրավունքի մասով ենք զեկույցներ պատրաստում` միջազգային ատյաններ ներկայացնելու համար:

- Գերիների մասով կոնկրետ ո՞ր կառույցին եք զեկույց ներկայացրել:

- Առաջին զեկույցը, որ ներկայացրինք, կոչվում էր Սպիտակ թուղթ, որն ուղղված էր ԱՄՆ կոնգրեսին` 2021-ին, հետո ուղարկվեց երկրորդ զեկույցը` որպես առաջինի լրացում: Վերաբերում էր անհետ կորածներին: Դրանից հետո դիմել ենք ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե` անհատական բողոքների տեսքով: Հաջորդ զեկույցը գերիների մասին 2023-ին էր, որից հետո՝ դեկտեմբերին, գերիների մի մասն ազատ արձակվեց, որի վրա կարող էին ազդեցություն ունենալ նաեւ վերը թվարկված զեկույցները։

- Ձեզ արձագանքո՞ւմ են այդ կառույցներից, ի՞նչ են ասում:

- Իհարկե: ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեն արձագանքել էր եւ իր հրապարակած եզրափակիչ դիտարկումներում անդրադարձել էր հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքին ու խոշտանգումներին: Դա, կարելի է ասել, մեծ հաղթանակ է: Մենք շարունակում ենք աշխատել այն գերիների ընտանիքների հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ համագործակցել: Փորձում ենք միջազգային կառույցներին հնարավորինս տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, որպեսզի գերիներն օր առաջ վերադարձվեն հայկական կողմին:

ՀԳ․ Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը՝ ՀՀ ՍԴ-ի հետ, սեպտեմբերի 11-13-ը կազմակերպում է միջազգային համաժողով՝ «Մարդու իրավունքներ եւ հաշվետվողականություն. հետկոնֆլիկտային արդարադատության ուղիներ» խորագրով, որը տեղի կունենա Մատենադարանի շենքում։ Համաժողովին մասնակցելու է միջազգային իրավունքի 30-ից ավելի փորձագետ՝ տարբեր երկրներից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image