Քաղաքականություն

«Հրապարակ». Բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում հաստատված պլանից 

«Հրապարակ». Բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում հաստատված պլանից 

Ամսեամիս ՀՀ կառավարությունը զեկուցում է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշների ավելացման մասին։ Հայտնի է, որ պատճառները հիմնականում արտաքին են՝ ռուս-ուկրաինական պատերազմ, «ռելոկանտների» ներհոսք ՌԴ-ից, Ուկրաինայից, զուգահեռ արտահանում դեպի Ռուսաստան։ Սակայն անգամ այս գործոնների պարագայում բյուջեի ավելցուկի մասին խոսելը ճիշտ չէ՝ կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

«Սա բյուջեի եկամուտներն են, բա ծախսե՞րը։ Մենք ունենք 2,6 տոկոս բյուջեի դեֆիցիտ։ Եթե մի քիչ էլ ավելի է հավաքվում, դեֆիցիտն են փակում։ Այսինքն՝ առաջ փակում էին Կենտրոնական բանկի էմիսիայի հաշվին, իսկ հիմա դա չեն անում։ Բյուջեի լրիվ ծախսերն իրականացնելու համար պետք է մոտ 160 մլրդ դրամի էմիսիա անեին, հիմա 30 մլրդ պակաս կանեն, բայց ծախսերը չեն կարողանում իրացնել»։ 

Հիշեցնենք․ կառավարությունը հրապարակել է, որ 2023-ի առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտները գերակատարվել են շուրջ 50 միլիարդ դրամով, իսկ 7 ամսվա արդյունքներով, ըստ Պետեկամուտների կոմիտեի, հարկային եկամուտները եղել են 1 տրիլիոն 265 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 178,4 մլրդ դրամով կամ 16,4 տոկոսով։ 

Կառավարությունում հպարտանում են, թե հարկային եկամուտներն ավելացել են, հավաքագրումն աճել է, եւ դա իրենց աշխատանքի արդյունքն է։ «Պետք է հասկանալ, որ դա 10 տոկոս ինֆլյացիայի եւ արտաքին տնտեսական գործոնների արդյունքն է։ Այնպես չէ, որ լավ են աշխատել ու շատ հարկեր են հավաքել»։ Այսինքն՝ բյուջեն իրականում չի՞ ավելացել։ «ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեի սահմաններում մենք գերակատարում չունենք։ Ավելին, բյուջեի վեց ամսվա ծախսերը հետ են մնում խորհրդարանի կողմից հաստատված պլանից, այսինքն՝ ծախսերը դեռ մի բան էլ չեն կատարվում», - պատասխանում է Բագրատյանը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա պետբյուջեով եկամտային մասը կազմելու է՝ 2 տրիլիոն 301 միլիարդ 291 միլիոն 155.2 հազար դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 միլիարդ 147 միլիոն 50.7 հազար դրամ, պակասուրդը՝ 288 միլիարդ 855 միլիոն 895.5 հազար դրամ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image