Հասարակություն

«Հրապարակ»․ Ինչպես ձախողվեց Դիլիջանում բնակարանաշինության ծրագիրը

«Հրապարակ»․ Ինչպես ձախողվեց Դիլիջանում բնակարանաշինության ծրագիրը

Դիլիջան համայնքը 2017թ․ նոյեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա»՝ ԱՍԲԱ  հիմնադրամի՝ 2011թ․ հոկտեմբերի 27-ին կնքված համաձայնագիրը եւ 2012թ․ օգոստոսի 17-ին կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը լուծելու, հողամասը վերադարձնելու, հողամասի նախկին տեսքը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջներով։ 2017թ․ նոյեմբերի 23-ին հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ։ 

Դատարանի 2018թ․ հունիսի 27-ի որոշմամբ, «Բնակարանների երաշխավորման հոլանդական միջազգային  կազմակերպություն» հիմնադրամը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող 3-րդ անձ։ Դատարանի 2018թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ, հայցվորի միջնորդությունը՝ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության վերաբերյալ, բավարարվել է։ Դատարանի 2019թ․ հունիսի 9-ի որոշմամբ, սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է, մինչեւ թիվ ՎԴ/9301/05/18 եւ թիվ ՎԴ /0329/05/19 վարչական վարույթներով վերջնական դատական ակտեր կայացնելը։ Դատարանի 2024թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ, սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է։ Դիլիջանի քաղաքապետարանի  ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ 2011թ․ հոկտեմբերի 27-ին կնքված համաձայնագրով համայնքը պարտավորվել է ԱՍԲԱ-ին որպես սեփականություն  հանձնել Դիլիջան քաղաքի Մոլդովական թաղամասի 33 000քմ հողը եւ դրանց վրա գտնվող շինությունները, վերապահումով, որ ՀՀ կառավարությունը պետք է տա իր համաձայնությունն այդ հողամասի հատկացման հարցում։ Սակայն կառավարությունը համաձայնություն է տվել միայն 10 հազար 116 քմ հողամասի ու դրա վրա առկա շինության համար։ Կողմերի միջեւ դրա վերաբերյալ պայմանագիր է կնքվել, որով քաղաքապետարանը սեփականության իրավունքով ԱՍԲԱ-ին է փոխանցել Դիլիջանի Մոլդովական փողոցի 7/2 կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ 10 հազար 116 քմ սպասարկման հողամասով։ 

Հողամասը պետք է սեփականության իրավունքի ձեւակերպում ստանար, եւ այնտեղ պետք է 45-50 բնակարան կառուցվեր` հետագա 10 տարվա ընթացքում։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՍԲԱ-ն 45-50 միավոր անշարժ գույքի փոխարեն կառուցել է 14-ը, կիսատ է թողել ծրագրի իրականացումը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ԱՍԲԱ-ի կողմից վարկային պարտավորությունների խախտման հետեւանքով պարտապանը սկսել է գույքի արտադատարանական իրացման գործընթաց, ինչի արդյունքում տրամադրված տարածքը կարող է դառնալ այլ անձի սեփականություն։ 3-րդ անձի ներկայացուցիչը դատարան առարկություն է ներկայացրել, հայտնել է, որ 2012թ․ ապրիլի 23-ին «Բնակարանների երաշխավորման հոլանդական միջազգային կազմակերպություն» կամ Դի Այ Ջի Էյջ-ի եւ «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի՝ ԱՍԲԱ-ի միջեւ կնքվել է վարկային համաձայնագիր, որով Դի Այ Ջի Էյջ-ը ԱՍԲԱ-ին տրամադրել է 361 միլիոն 784 հազար 304 ՀՀ դրամ երկարաժամկետ վարկ, որը համարժեք է 711 հազար 750 եվրոյին։ 

2012թ․նոյեմբերի 29-ին Դի Այ Ջի Էյջ-ի եւ ԱՍԲԱ-ի միջեւ կնքվել է գրավի (հիպոթեքի) պայմանագիր, որով վարկային համաձայնագրով ԱՍԲԱ-ի ստանձնած վարկային պարտավորության համար գրավադրվել է ԱՍԲԱ-ին սեփականության իրավունքով պատկանող Դիլիջանի Մոլդովական փողոց 7/2 հասցեում գտնվող 10 հազար 116  քմ հողը եւ անավարտ շենք-շինությունը, ինչպես նաեւ՝ վարկային համաձայնագրով նախատեսվող, նոր կառուցվող 30 բնակարանները։ 2026թ․ հունվարի 30-ին դատավոր Գրիգորի Վարդանյանը վճռել է Դիլիջան համայնքի հայցն ընդդեմ «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի, մերժել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image