Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել այսօր, որի ժամանակ մի քանի ընթացիկ ցուցանիշ ներկայացրեց. ՀՆԱ աճը առաջին եռամսյակում եղել է 9,2 տոկոս, ավելի ցածր է եղել աճը գյուղատնտեսության և ծառայությունների որորտում։ Արտահանումը աճել է 104 տոկոսով, ներմուծումը՝ 98: Բայց 100 օրը ենթադրում է հաշվետվություն՝ ի՞նչ է արել նախարարը այդ ընթացքում, ի՞նչ խնդիրներ է վեր հանել, ի՞նչ նոր մոտեցումներ ունի։
Պապոյանի ասուլիսը սակայն ավելի շատ ապագայի խոստումների, գեղեցիկ բառերի ու ծրագրերի շարք էր։ Նա պատմում էր ձեռներեցության զարգացման, ՓՄՁ սատարման նոր հիմնադրամ ստեղծելու, ՀԴՄ կիրառման խախտումների համար պատասխանատվությունը մեղմացնելու, բիզնեսի համար արտոնություններ եւ ծրագրեր անելու մասին։ Իսկ ծրագրեր նրանց համար, ովքեր կորցրել են բիզնեսը, կա՞ն։ «Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, իրենց տանք՝ դա դժվար եւ խնդրահարույց բան է։ Պետական միջոցները ձեր միջոցներն են, եթե դուք համաձայն եք նման առաջարկին, պետք է ասեք, որ տվյալ թունելը, ջրամբարը չպետք է կառուցենք, կենսաթոշակը․․․մեր տնտեսական քաղաքականությունները պետք է լինեն մեր հնարավորությունների շրջանակում եւ չխաթարեն մրցակցային իրավիճակը», - ասում է նախարարը։
Գիտելիքահեն մասնավոր ընկերություններին են օգնելու, հարկային արտոնություններ են տալու, սև մետալուրգիան են խրախուսելու. «Մի քանի տասնյակ մլն դոլարի ներդրումներ են իրականացվել այդ ոլորտում, բայց գնահատում ենք, որ առաջիկա տարիներին մինչև 100 մլն դոլարի նոր ներդրումներ կիրականացվեն և լրացուցիչ կստեղծենք 550-750 աշխատատեղ»։ Ասաց, որ Խաչիկ գյուղի բնակիչներին 66 մլն դրամ են տրամադրել` ժամկետանց վարկերի մարման համար, 30 ներդրումային ծրագրի մաքսային արտոնություն են տվել և այլն։
Իսկ լրագրողներին ոչ թե նախարարի խոստումներն էին հետաքրքրում, այլ տապալված ծրագրերը։ Անդրադառնալով նախկին նախարար Քերոբյանին առաջադրած մեղադրանքներին, Պապոյանն ասաց, որ ոչ ժամանակ է ունեցել, ոչ ցանկություն` խորանալու դրանց մեջ, դա իր գործը չէ, այլ իրավապաներինը։ Ինտենսիվ այգիների հետ կապված չարաշահումների մասին ասաց, որ «դրական իրավիճակ ունեն»։ «Բազմաթիվ քաղաքացիներ ունենք՝ տասնյակներով, որոնք ասել էին 11 հա այգի ունեն, բայց մենք ասել ենք՝ ո՛չ, 7 հա է: Հիմա իրենք գալիս են, կնքում համաձայնագիր, որ փոխհատուցում ստանան»:
Մեզ հետաքրքրեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ANIF-ի գործը` ընկերությունը լուծարվում է, իսկ ի՞նչ եղավ «Ֆլայ Արնա» ազգային ավիափոխադրողին բյուջեից տրված 10 մլն դոլարը, մյուս գումարները։ Նախարարը պատասխանեց, որ ANIF-ում կան բազմաթիվ «առողջ ակտիվներ», որոնք շարունակելու են գործել և որոնցով հետաքրքրվողներ կան, հավանաբար, դրանք կվաճառվեն։ «Դա նորմալ գործընթաց է, երբ մեկը իր ակտիվը վաճառում է մյուսին, բնականաբար, այդ պահի շուկայական գնով։ Ենթադրում եմ, որ այդ գործընթացը տեղի կունենա, բայց քանի որ ANIF-ը կառավարության որոշմամբ տեղափոխվել է պետգույքի կառավարման կոմիտե, ապա ես այս պահին լիազորված չեմ պատասխանելու, թե որ ակտիվը ինչպես են վաճառելու, ինչպես են իրացնելու, ինչ է տեղի ունենալու», - ասաց նախարարը։ Նրա պատասխանից չհասկացվեց, թե ինչ է լինելու այն գումարների հետ, որոնք ՀՀ-ն տվել է ANIF –ին` տարբեր տապալված ծրագրերի համար։
Մեկը 200 Մվտ հզորության արևային ԱՅԳ-1 կայանի ծրագիրն էր, որը ավարտվելու էր 2025-ին, սակայն, մեր տեղեկություններով, ծրագիրը չեղարկվել է, եւ արաբական «Մասդար» ընկերությունը, որը միջոցներ է ծախսել, դժգոհ է ՀՀ կառավարիչներից, հիմա նախարարությունը բանակցում է արաբների հետ, արդյունք կա՞, հարցրեցինք Պապոյանին. «Մասդարի հետ կապված բանակցությունները շարունակվում են, իմ տպավորությամբ մենք երկուստեք պոզիտիվ տրամադրություն ունենք։ Եւ սպասում ենք արաբական գործընկերների կողմից վերջնական համաձայնեցված դրույթներին։ Այսինքն, ունենք բանավոր համաձայնեցված կետեր և մեր կողմից, և արաբական կողմից, և սպասում ենք իրենցից գրավոր մեկնաբանություն, որի շուրջ արդեն կառավարության որոշում կլինի, և ես լիահույս եմ, որ այդ ներդրումային ծրագիրը Հայաստանում տեղի կունենա, էկոնոմիկայի նախարարությունն իրենից կախված ամեն ինչ կանի։ Էլի չեմ ուզում շատ փակագծերը բացեմ, բայց «Մազդարի» մասով իրավիճակը շատ պոզիտիվ է»։
Առհասարակ, Պապոյանը շատ պոզիտիվ էր տրամադրված, անգամ տապալված ոլորտի՝ գյուղատնտեսության մասին խոսելիս։ Պատմում էր, որ հունվարի 1–ից հունիսի 10–ը ՀՀ–ից ՌԴ 2 անգամ ավելի խնձոր, տանձ, ծիրան ու կեռաս ենք արտահանել: Ոչխարաբուծությունն ու այծաբուծությունն է խրախուսվելու, մեղվաբուծությունն է վերականգնվելու, Գյումրիում Լոզանի դպրոց է հիմնվելու, Համաշխարհային առևտրի կենտրոն է բացվելու Հայաստանում, որի տեղը դեռ որոշված չի, բայց արդեն հաշվել են, որ 10000 աշխատատեղ կունենա։ Հիշեցինք` Նիկոլի 40 հազար աշխատատեղը եւ 100 քայլի այլ դրույթներ: