Նախորդ գիշեր լրատվականներից մեկում աչքիս ընկավ Ժիրայր Լիպարիտյանի հոդվածը: Արդեն մեկ-երկու էջ կարդալուց հետո սկսեցի նյարդայնանալ ու նայեցի ծավալին. այն ավելի քան 11 էջ էր: Մտաբերելով, թե ինչ քաղաքականություն էր քարոզում դրա հեղինակը վերջին տարիներին՝ որոշեցի խնայել նյարդերս ու ժամանակը: Ու անցա վերջին երկու պարբերությանը: Հարավային Կովկասում երեք հանրապետությունների համակեցության առումով նախավերջինը կարծես թե ընդունելի էր: Վերջին պարբերությունում կարդացի Հայաստանի ինքնիշխանության բարձրացման մասին ու ինքս ինձ շնորհավորեցի, որ 3-11-րդ էջերը բաց էի թողել: Որովհետեւ թշնամական ադրբեջանական բոլոր պահանջներն ընդունելն ու պարտվողական խաղաղության թղթի կտորը նախաստորագրելը որպես ինքնիշխանության ամրապնդում կարող են համարել մեր թշնամիները եւ կամ գործող իշխանությունն ու նրա խամաճիկները: Այդպես չեն համարում նույնիսկ նրանք, ում հետ համարյա տասնամյա ճանապարհ է անցել Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանում: Համենայնդեպս, նրա կարծիքը կիսելու վերաբերյալ որեւէ գրառում չեմ կարդացել Ֆեյսբուքում կամ լրատվական կայքերում:
Լիպարիտյանի հոդվածը կարելի էր բանի տեղ չդնել, եթե նա չունենար ինտելեկտուալի անուն ու չբնակվեր ԱՄՆ-ում: Հատկապես հաշվի առնելով, որ այդ երկրի նախագահ Թրամփի հովանավորությամբ է նախաստորագրվել հայոց պետականությանը նախավերջին մահացու հարվածը հասցնող համաձայնագիրը: Որովհետեւ այդ հոդվածից հետո շատ ավելի թույլ կլինի ԱՄՆ-ում գործող հայկական այն կազմակերպությունների գործունեության ազդեցությունը, որոնք կփորձեն ՀՀ իրականությունը ներկայացնել ամերիկյան պաշտոնատար անձանց կամ լոբբիստական ընկերություններին: Վստահ չեմ՝ հոդվածը գրելու պահին հեղինակը դա գիտակցել է, թե ոչ, սակայն դրանից մեր կազմակերպությունների վիճակը չի բարելավվելու: Հենց այս դեպքի համար է ասված, որ նման բարեկամ (տվյալ դեպքում՝ հայրենակից) ունենալու պարագայում թշնամին էլ ինչների՞ս է պետք: Ի դեպ, կարծես թե ճակատագրի ծաղր է այն հանգամանքը, որ այս արտահայտությունը վերագրվում է վոդեւիլային բնույթի գործերի հեղինակ, կատակերգու, ռադիոհաղորդավար, գիշերային ակումբի դերասան, ամերիկացի Ջոուի Ադամսին (1911-1999), իրական անուն-ազգանունը՝ Ջոզեֆ Աբրամովից:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, նրա օրոք հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանի կարծիքն առաջին հայացքից տրամաբանորեն ամբողջացված է: Եթե ընդունենք, որ հարեւանների հետ, ի վերջո, պետք է խաղաղ համակեցություն ապահովել: Բայց նաեւ ստիպված ենք ընդունել, որ զիջողը պետք է լինենք մենք: Որովհետեւ Ադրբեջանը երբեք չի զիջելու՝ հաշվի առնելով, որ հարուստ երկիր է եւ դրա շնորհիվ միշտ ձեռք է բերելու ՀՀ-ից շատ ավելի ծավալուն եւ արդիական սպառազինություն, ինչպես նաեւ՝ նրան միշտ աջակցելու է Թուրքիան: Ինչը նշանակում է, որ եթե հինգ-տասն անգամ էլ հաղթենք պատերազմում, մի օր կարող ենք նաեւ դաժանորեն պարտվել: Հենց այն, ինչ ասել է վարչապետի աթոռից կառչած անձը: Եվ այդ ամենը՝ այն դեպքում, եթե մենք փորձելու ենք ինքնուրույն բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Իսկ դրանից առաջ, բնականաբար, թշնամություն ենք անելու Ռուսաստանի հետ: Կամ էլ, ինչպես 7 տարի առաջ արտահայտվել էր «դուխով» Նիկոլը, ՌԴ ղեկավարությանը ստիպելու ենք հարմարվել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Ու ձգտելու ենք մաս կազմել եվրոպական ընտանիքին կամ ՆԱՏՕ-ին: Իսկ այդ կազմակերպության հարավ-արեւելյան հենակետը, չմոռանանք, Թուրքիան է: Դա մի սցենար է, որ առաջ է տանում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, եւ որը պաշտպանում է Ժիրայր Լիպարիտյանը:
Կա նաեւ այլընտրանքային սցենար, ինչի մասին բազմիցս է ասվել եւ այդ թվում՝ նաեւ տողերի հեղինակի կողմից: Դա իսրայելական սցենարն է, որը ենթադրում է երկկողմանի անվտանգային համակարգի առկայություն: Որովհետեւ բազմակողմանի անվտանգային համակարգի մասին խոսելն ուղղակի անիմաստ է. նիկոլական թեզը կյանքի չկոչվեց նույնիսկ իր համառ ջանքերի շնորհիվ: Եվ Հայաստանը միայնակ մնաց ագրեսոր պետության դեմ-դիմաց: Շարունակենք․ երկկողմանի անվտանգային համակարգը ենթադրում է քաղաքական եւ ռազմական լոյալություն այն երկրի նկատմամբ, որն ապահովում է քո անվտանգությունը: Այսինքն՝ դա նշանակում է, որ դու չես փոխում կառավարման համակարգը խորհրդարանականի, եթե այն ընդունված չէ քո անվտանգությունն ապահովող երկրում: Միաժամանակ, դու չես կարող քրեական գործ հարուցել նրա ձեւավորած կառույցի՝ ռոտացիոն համակարգով քո երկրի կողմից նշանակված գլխավոր պաշտոնյայի նկատմամբ՝ նրա պաշտոնավարման ընթացքում, ինչը, բնականաբար, նշանակում է հարված թիկունքից:
Եթե դու ապահովում ես այս՝ ոչ այնքան դժվար մի քանի պայմանը, ապա կարող ես նաեւ զարգացնել քո տնտեսությունը, գիտությունն ու ապահովել քո բանակի սպառազինությունը ու դա հասցնել այն աստիճանի, որ քեզնից 8-9 անգամ ավելի մեծաքանակ բնակչությամբ երկիրը (խոսքը Թուրքիա-Իսրայել առնչության մասին է) ոչինչ չկարողանա անել քո դեմ: Նույնիսկ եթե վերջինս էլ վերածվի սպառազինություն արտադրողի ու նույնիսկ դրա այս կամ այն տեսակն արտահանող երկրի: Ի վերջո, եթե ինչ-որ երկիր կարողացել է կես դարում հասնել այդպիսի արդյունքների, ապա ինչո՞ւ չի կարող նույնն անել քոնը: Ուղղակի դրա համար անհրաժեշտ է պետական մտածողության, քաղաքական կամքի ու սեփական հայրենիքին նվիրված լինելու հանգամանքի առկայություն: Այն, ինչ դրսեւորվել է բազմաթիվ վայրերից հավաքագրված ու սկզբնական շրջանում նույնիսկ իրար չհասկացող (նաեւ լեզվի տեսակետից) բնակչությամբ՝ զրոյից ձեւավորված երկրում: Ու այդ պայմաններն ապահովելով՝ քո երկիրը կարող է ընտրել ինքնիշխանության ամրապնդման ու իրական զարգացման եւ ոչ թե պարտվողականությամբ խաղաղություն մուրալու ճանապարհը: Ու ԱՄՆ-ում բնակվող հայազգի մտավորականը ստիպված չի լինի ադրբեջանցիների հետ մեր համակեցությունը պատկերացնել որպես ագրեսոր ուժեղի հետ թույլի հարեւանություն: