«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն է:
- Վրաստանի համար առաջիկա գլխավոր իրադարձությունը, թերեւս, հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Դրանք կարելի է բեկումնային համարել մի քանի պատճառով՝ առաջին հերթին ներքաղաքական եւ արտաքին լարվածությամբ պայմանավորված: Ի՞նչ նախընտրական տրամադրություններ են տիրում:
- Անկեղծ ասած, նախընտրական քարոզարշավն առայժմ շատ դանդաղ է ընթանում։ Ամեն ինչ կենտրոնացած է իշխող կուսակցության հայտարարությունների եւ դրան ընդդիմության արձագանքի վրա։ Ոչ մի նորարարական բան:
- Ներքաղաքական ինտրիգներից մեկը կապված է նախագահ Զուրաբիշվիլու եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, նույնն է թե՝ երկրի կառավարության միջեւ առկա տարաձայնությունների հետ: Ամիսներ շարունակվող կոնֆլիկտը կազդի՞ ընտրությունների ելքի վրա:
- Իմ կարծիքով, դա որեւէ ազդեցություն չի ունենա, քանի որ մեր նախագահը ոչ մի իշխանություն չունի երկրում եւ միայն իր իշխանությունն է փրկում։
- Օրերս վարչապետ Կոբախիձեն հայտարարեց, որ իշխող կուսակցությունն ընտրություններից հետո մտադիր է հակասահմանադրական ճանաչել նախկին նախագահ Սահակաշվիլու կուսակցությունն ու նրա արբանյակներին՝ «ինչպես ժամանակին Գերմանիան մաքրեցին Հիտլերի կողմնակիցներից, նույնկերպ էլ Վրաստանում կվարվեն»: ԵՄ-ի թեկնածու-երկրի համար սա մերժելի խոսույթ չէ՞:
- Ըստ էության, սա ազդարարում է ընտրություններից հետո քաղաքական հնարավոր ռեպրեսիաների մասին, իսկ իշխող կուսակցության այս խոստմանը չհավատալու պատճառ չկա։
- ԵՄ-ն դատապարտել է Վրաստանի իշխանությունների այս հայտարարությունը: Բրյուսելում բացահայտ հայտարարում են՝ ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է հայտարարել: Այս ֆոնին ի՞նչ արդյունքներ սպասել ընտրություններից:
- Արդյունքները կարող են լինել ցանկացած բան, սակայն առայժմ նախընտրելի են իշխող կուսակցության դիրքորոշումները։
- Ամեն դեպքում, հոկտեմբերի 26-ին վրաց ժողովուրդը կարեւոր ընտրություն է կատարելու. կամ երկրում շարունակելու է կառավարել «Վրացական երազանքը», եւ ԵՄ անդամակցության` շարքային վրացիների երազանքը հայտնվում է հարվածի տակ:
- Այստեղ էլ դժվար է ինչ-որ բան կանխատեսել, բայց միտումն ակնհայտ է՝ Վրաստանն արդեն իսկ չունի արեւմտամետ կուրս։
- Ակնհայտ է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները չեն կարող չազդել Հարավային Կովկասի երկրների վրա, այդ թվում` Հայաստանի: Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է աջակցելու վիրահայ համայնքը:
- Հայ համայնքը վրաց հասարակության անբաժան մասն է, նրա ներկայացուցիչների թվում կան թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը աջակցողներ։ Կարծում եմ՝ նույն համամասնությամբ, ինչ ամբողջ երկրում։
- Ձեր գնահատմամբ, խորհրդարանական ընտրությունները կոնկրետ ինչպե՞ս կազդեն Թբիլիսի-Երեւան հարաբերությունների վրա: Թե՞ մեծ փոփոխություններ պետք չէ ակնկալել:
- Դա նաեւ կախված է նրանից, թե ինչպես կփոխվեն Երեւանի քաղաքականությունը եւ Հայաստանի դիրքավորումը։ Այս պահին անհանգստանալու պատճառ չկա. հարաբերությունները բավականին դինամիկ են զարգանում, սակայն ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ կլինի վաղը։