Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ հանդես գալով ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Ակցիայի մասնակիցները իշխանություններին մեղադրել են մի շարք գործողությունների մեջ՝ հայտնելով, որ վարչապետը անցել է վերջին «կարմիր գիծը»։
Բողոքի մասնակիցներից մեկը հանդես է եկել «Դժոխքում սպասում են Նիկոլին» գրությամբ թիկնոցով՝ խորհրդանշելով «մահվան դեսպանին», ով, ակցիայի կազմակերպիչների խոսքերով, «եկել է դժոխքից՝ ներկայացնելու վարչապետի մեղքերը»։ Ակցիայի կազմակերպիչը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետին մեղադրում են «սրբապղծության, դավաճանության, թալանի, պարտության և այլասերվածության» մեջ։
Նա ընդգծեց, որ այս ակցիայի նպատակը հանրության մեջ շարժում սկսելու կոչն է․ «Բոլորին հորդորում ենք դուրս գալ պայքարի, քանի որ ժամանակն է փոխելու իրավիճակը»։
Կազմակերպիչը նաև կոչով դիմեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ակնկալելով, որ եկեղեցին կլինի առաջամարտիկ պայքարի մեջ։ Նրա խոսքով՝ հանրությունն սպասում է, որ հոգևոր առաջնորդությունն այս պահին կարող է լինել վճռական․ «Առնվազն պահանջում ենք, որ եկեղեցին իրականացնի երթ՝ ազգային ավանդույթի համաձայն արտաքսելու այն չարիքը, որը, ըստ իրենց, զավթել է երկրի կառավարությունը»։