Ադրբեջանական սահմանապահները՝ ավտոմատներով զինված, արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքում են, այսպես կոչված, սահմանազատված հատվածում՝ Խրեմլու կոչվող եւ վաղուց գոյություն չունեցող գյուղում, որը մայիսին հանձնվեց Ադրբեջանին։ Կիրանցի բնակիչները պարզ տեսնում են նրանց շարժը։ Մեզ հետ զրույցի պահին, ինչպես պատմեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, ադրբեջանցիներն էքսկավատորով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Թե ինչ` չգիտեն։ «Ավարտից հետո կիմանանք։ Խրեմլու գյուղում կանգնած են, պարզ տեսանելի է իրենց աշխատանքը։ Ամսի 15-ին, երեկոյան 6-ին են եկել։ Էս պահին էքսկավատոր ա եկել, չգիտեմ ինչ ա կտրում։ Սահմանապահ զորքն ա կանգնած, զենքով քայլում են, շատ ազատ»,- «Հրապարակ»-ին պատմեց Կամո Շահինյանը։
Նրա խոսքով, Կիրանցն արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ճանապարհն արդեն փակ է։ Նորը, որը շրջանցելու է թշնամուն հանձնված կամուրջը եւ հարեւան Աճարկուտ գյուղով է անցնելու, մինչեւ ամսվա վերջ կկառուցվի։ Շահինյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Կիրանցի հետ, լինելու բան չէր, բայց «թաղումն արել ենք, պրծել, էլ մտածելու բան չկա, պիտի դարպասը պահենք, թեկուզ կյանքի գնով»։
«Գյուղը վախող գյուղ չի, կանգուն գյուղ ա։ Էս, ինչ կատարվեց, շատ վատ էր, բայց եթե խաղաղություն ա հաստատվելու Հայաստանի համար, մենք էլ դրան պատրաստ ենք։ Գյուղում խուճապ չկա։ Շատ մարդիկ գրում են, թե ի՞նչ եք զոմբիացել, 2 երեխու արյուն եք ծարավել, սահմանազատում ա, նորմալ ա, իրանց հողն ա՝ տվեք իրանց։ Մենք դրան բանի տեղ չենք դնում, մենք պատրաստ էինք ամեն ինչի՝ ե՛ւ պաշտպանվելու, ե՛ւ կռվելու»,- ասում է Կամո Շահինյանն ու չի պատասխանում հարցին՝ խաբե՞ց Փաշինյանը կիրանցեցիներին, երբ գյուղ էր գնացել ու համոզում էր, թե հող չի հանձնելու․ «Թողեք իմ կարծիքն իմ մեջ մնա»։
Թշնամու զինված սահմանապահները գյուղի նոր կառուցվող դպրոցից 50-60 մետր հեռավորության վրա են։ Նիկոլ Փաշինյանը դպրոցականներին պաշտպանելու համար առաջարկեց ծառ տնկել կամ պատ կառուցել։ 3-3,5 մետր լայնությամբ պատ է կառուցվել, ինչպես Փաշինյանն էր ասել, որ երեխաները չտեսնեն ադրբեջանական զինվորներին։ Կամո Շահինյանը դժվարանում է ասել՝ պատն անվտանգության երաշխիք կլինի՞․ «Դպրոցի հարցով ժողովրդի մեջ լարվածություն կա, կարող ա էնձեւ ստացվի, որ ուրիշ դպրոց կառուցենք։ Տեսնենք»։
Դեռ մայիսի 24-ին ԱԱԾ-ն մի խայտառակ հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում էր, թե «ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը»։ Սրանով արձանագրվեցին Տավուշի պաշտպանական գծից հայկական զինված ուժերի դուրսբերման փաստն ու հայկական ամենակայացած ու ամուր բնագծի խարխլումը։
Նույն հաղորդագրության մեջ նշվում էր, թե «պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչեւ 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով»։ Փաստորեն, ադրբեջանական կողմն անգամ այս ժամկետին չի սպասել ու օր առաջ եկել դիրքավորվել է երկու մասի բաժանված Կիրանցում։
ԱԱԾ հաղորդագրությունից առաջ՝ մայիսի 15-ին, ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի գլխավորած հանձնաժողովները ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976-ի քարտեզների հիման վրա համաձայնեցրել են «Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց-Խեյրիմլի, Բերքաբեր-Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների արձանագրություն-նկարագրությունը»:
Տավուշի 4 գյուղերի հանձնումը Նիկոլ Փաշինյանը «պիլոտային» էր անվանել։ Այսպես կոչված, սահմանազատման այս փուլին պետք է հաջորդեր Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից սահմանազատման սկզբունքները ներառող կանոնադրության հաստատումը՝ մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, ինչը փաստացի տապալվեց։ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել էր, որ բանակցությունները «կառուցողական» են ընթանում, ու «հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ»։ Պատճառը, թե ինչու չհաջողվեց համաձայնեցնել կանոնակարգն իրենց իսկ նախանշած ժամկետում, հայտնի չէ։ Իշխանությունը լռում է։ Ավելին, գործընթացի պատասխանատուները եւ այն ղեկավարող Մհեր Գրիգորյանը հուլիսի 22-ից արձակուրդ են գնում։