Քաղաքականություն

Խելամիտ ընտրություն․ անցումային շրջանի վարչապետ Վազգեն Մանուկյան

Խելամիտ ընտրություն․ անցումային շրջանի վարչապետ Վազգեն Մանուկյան

Երեկ Փաշինյանին տրված մի մականուն կարդացի` Ղժղժիկոլ (երաժիշտ Դավիթ Ամալյանի գրառման մեջ, ում որդին, ինչպես մամուլում է հաղորդվել, դժբախտաբար նույնպես զոհվել է այս պատերազմում), որն այնքան խորը եւ ամբողջական է բնութագրում Փաշինյանին, որ այլեւս անհնար է այդ մականունը թողնել ու Փաշինյանի ազգանունը օգտագործել:  

Եվ այսպես, ՀՀ վարչապետի պաշտոնը 2,5 տարի զավթած, ռուս-թուրքական շահերին անմնացորդ ծառայած, հընթացս Հայաստանին անհաշվելի կորուստներ պատճառած Ղժղժիկոլը նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը ստորագրելուց շուրջ մեկ ամիս անց կարծես վերջապես կհեռանա Հայաստանի իշխանական համակարգից: Այն, որ Ղժղժիկոլը նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական պակտի ստորագրումից հետո ամբողջ 24-25 օր մնաց վարչապետի աթոռին Ռուսիայի եւ Թուրքիայի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու համար, բացատրվում է մասամբ Մոսկվայի շահագրգռությամբ, որ այս բացառիկ դավաճանը մնա պաշտոնին եւ իր սեւ գործը հայության հանդեպ ու մեծ ծառայությունը՝ Ռուսիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ, հասցնի ավարտին:

Բայց արտաքին այդ շահագրգռությունը բավարար չէր լինի Ղժղժիկոլին վարչապետի պաշտոնում գրեթե ամբողջ մի ամիս պահելու համար, եթե նրա դեմ միավորված ընդդիմությունը` մասնավորապես 17 կուսակցությունների խմբավորումը սխալների ու տապալումների մի ամբողջ շքերթ չկատարեր այս երկու-երեք տասնօրյակում: Նախ նրանք շատ ավելի զգայական, քան գիտակից վիճակում փողոցներ դուրս եկան եւ սկսեցին պահանջել Ղժղժիկոլի հրաժարականը, թե դա անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական պակտի գործադրումը կասեցնելու համար: «17-ի խմբավորումը» իր հախուռն մղումի մեջ չէր գիտակցել, որ նման հայտարարությունը հնարավոր է  ոչ այնքան ապասում կամ վստահություն ստեղծի, թե 17-ից մեկը, մի քանիսը կամ բոլորը միասին կկարողանան տխրահռչակ թղթի իրագործումը կասեցնել, որքան՝ անցանկալի վախ ներշնչի, թե 17-ը ռեւանշի համար երկիրը նորից ռազմական բախումների կտանեն: 

Դա շոշափելի սխալ էր եւ դրա արդյունքում հետագա բոլոր օրերին 17-ը շատ ավելի քիչ մարդ կարողացան հավաքել Ազատության հրապարակում, քան առաջին օրը: Երկրորդ մեծ սխալը, որ նպաստեց Ղժղժիկոլի`պաշտոնում ամբողջ 20 օր մնալուն այն էր, որ 17-ի խմբավորումը  հայտարարում էր բացահայտ հակասահմանադրական գործընթացի` ինչ-որ ինքնահռչակ  Փրկության կոմիտե ձեւավորելու մասին, որտեղ փողոցից պիտի ընդգրկվեին մարդիկ, եւ հավակնեին երկիր առաջնորդել:  Սա էլ ավելի վանեց մարդկանց 17-ի խմբավորումից եւ բերեց մի վիճակի, երբ վերջապես խմբավորումում գիտակցեցին, որ որքան էլ Հայաստանում զայրացած են Ղժղժիկոլի արածներից, նոր փողոցային իշխանազավթում այս երկրում ոչ ոք չիցանկանում տեսնել: ինչ-որ տեղ պարզ էր, որ 17-ի խմբավորման բացարձակ մեծամասնությանն էլ ոչ ոք չի ցանկանում ոչ աջակցել, ոչ իշխանությունում տեսնել:  

Դրանից հետո հասան այնտեղ, որ անգամ ՀՀԿ-ականները սկսեցին հայտարարել, թե պատրաստ են ոչ միայն իշխանության չհավակնել, այլեւ, պատկերացրեք, քաղաքականությունը թողնել` միայն թե Ղժղժիկոլը հեռանա եւ երկրին ավելի չվնասի ու չվարկաբեկի: Սա շրջադարձի կետ էր, որ նշանավորում էր 17-ի խմբավորումում իշխանատենչության զսպման մասին: Պարզ էր, որ Հայաստանի հասարակությունը մերժում է իշխանությունում անորոշությունը, իսկ դա այլեւս մեկ ճանապարհ էր թողնում Ղժղժիկոլին իշխանությունից հեռացնելու համար` ընդդիմադիր առաջնորդին որոշելը:

Հայաստանը անհատների երկիր է եւ ինչ իրավիճակ էլ լինի, մարդիկ կարող են մերժել ուժերի, բայց ընտրում են առաջնորդներին: Իսկ ընդդիմության առաջնորդի առումով եթե նման դերի հավակնություն եւ ցանկություն չունեն նախկին նախագահները, ապա Հայաստանում հաջորդիվ Վազգեն Մանուկյանն է, ում կենսագրությունը, պատասխանատվության զգացումը, ինտելեկտը, երկրի առջեւ ծառայությունները, անկախ իր հայացքների հետ համաձայնությունից կամ անհամաձայնությունից, վստահություն են ներշնչում իր անձի, պաշտոնավարման եւ երկրի վաղվա օրվա հանդեպ:

Ըստ շրջառվող լուրերի կարծես 17-ի խմբավորումում էլ այդքանը գիտակցել են եւ հավանաբար այսօր կհայտարեն վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանին առաջադրելու մասին: Ինչ խոսք նա ամենաճիշտ թեկնածուն է անցումային այս շրջանի համար եւ անհամեմատ մեծ ներուժ ունի հասարակությանը իր շուրջ համախմբելու եւ Ղժղժիկոլին պատմության աղբանոցը նետելու համար, քան այլեւայլ փրկության կոմիտեները կամ ազգային համաձայնության կառավարությունները:  

Պահի հրամայականը վարչապետի պաշտոնի համար Վազգեն Մանուկյանի թեկնածության հայտարարումն է եւ հասարակության կողմից նրան ըստ ամենայնի սատարելը` եւ ի սեր Հայաստանի փրկության, եւ ի սեր Ղժղժիկոլից փրկվելու:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image