Քաղաքականություն

Մենք սովոր ենք իրենց նամազներին, մնում է` ներկայությունը «վայելենք»

Մենք սովոր ենք իրենց նամազներին, մնում է` ներկայությունը «վայելենք»

Երեկվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այս մասին ազդարարեց նաև Նիկոլ Փաշինյանը: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ, թուրքական կողմը հստակ պահանջ է ներկայացրել հայկական կողմին, որ մինչև փետրվարի 28-ը ռուս սահմանապահներն այնտեղից հեռանան։ Որից հետո միայն թուրքական կողմը խոստանում է` իր նախապայմաններով քննարկել հայ-թուրքական սահմանը բացելու հարցը։ Մեզ պատմեցին, որ ռուս սահմապահները Մարգարան լքել են՝ բավականին տխուր: Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ կարգավիճակ է ստանալու սահմանի այդ հատվածը, նրանց խոսքերով՝ հայկական կողմը հերթական զիջման գնալով Թուրքիային, կարծես պատրաստվում է միակողմանի սահմանը բացել` այն ուղղակի անպաշտպան թողնելով: Ինչ վերաբերում է փոխադարձ կապերին, ուղևորություններին, ապրանքների և մարդկանց երթևեկությանն այդ անցակետով, ապա հակառակ կողմում ոչինչ դեռ չի արվել ճանապարհ կամ անցակետ տեղադրելու ուղղությամբ: Հայկական կողմը, սահմանը բացելու հույսով, թանկարժեք սարքավորումներ է տեղակայել Մարգարայի սահմանակետում, նորոգել, կառուցել, իսկ թուրքերը ոչինչ չեն արել։

Ռուսները մտահոգություն են հայտնել նաև, որ չի բացառվում՝ առաջիկայում Շիրակի մարզի մյուս սահմանակետերից նույնպես իրենց դուրս գալու հարցը քննարկվի։ Նշենք, որ նախօրեին կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Մարգարայի սահմանի բացման մասով տեղեկություն չունի, բայց տեղյակ է, որ Հանրապետության վարչապետի հետ այց է եղել Մարգարայի սահմանային կետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է, իսկ մյուս մասը` քաղաքական որոշման հարց է, որը կախված չէ միայն Հայաստանի դիրքորոշումից: Մարգարայի վարչական ղեկավար Էդգար Ենոքյանից hraparak.am-ը հետաքրքրվեց, թե սահմանի բացման հետ կապված համայնքում աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ ոչ: Եւ առհասարակ, ինչպե՞ս են ընդունել հայ սահմանապահներին, ի՞նչ իրավիճակ է ռուսների հեռանալուց հետո: Պարզվեց ՝ վարչական ղեկավարը ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել: «Ես մի քիչ վատառողջ եմ, հիվանդ եմ, տանն եմ էս պահին, դեռ ոչինչ չեմ կարող ասել, չեմ գնացել, իմ աչքով ոչինչ չեմ տեսել»,-ասաց նա: Փոխարենը որոշ անհանգստություն ունեն Մարգարայի բնակիչները։ Հայ սահմանապահներին այնտեղ տեսնելը ոգևորող է եղել, բայց ռուսների վերջնական հեռանալը՝ անհանգստացնող: Նրանք տարակուսած են՝ արդյո՞ք ի զորու ենք միայնակ՝ առանց դաշնակիցների, պաշտպանել մեր սահմանները` մի քանի հիմնականում անզեն, կրակելու հրահանգ չունեցող հայ սահմանապահների միջոցով: Ինչևէ, գյուղում կրկին բորբոքվել են սահմանի բացման նպատակահարմարության մասին խոսակցությունները։ Մարգարա մտնող ճանապարհը հասնում է անցակետի դարպասներին, որից այն կողմ Թուրքիա տանող կամուրջը փակ է 1993 թվականից ի վեր։

Մինչև երեկ այնտեղ կանգնած էին ռուս սահմանապահները: Բնակիչներից տեղեկացանք, որ դեռ նախորդ տարվանից որոշ վերանորոգման աշխատանքներ են ընթացել, ինչը, սակայն սահմանի բացման հետ չի առնչվում: Մարգարայի բնակիչներից Մանվելը, որ համաձայնեց խոսել մեզ հետ, ասաց, որ գյուղը հիմա երկու մասի է բաժանվել․ մի մասն ուզում է սահմանը բացվի, մի մասը՝ ոչ: Ոչ բոլորն են պայծառ հեռանկարներ տեսնում: «Ախր, հեչ չգիտենք, չենք կարող ասել: Կարող է բացեն ու լավ լինի, հակառակն էլ կարող է լինել: Եթե սահմանը բացվի ու հենց գյուղում հնարավոր լինի փող աշխատել, վատ չի։ Բայց, որ թուրքական ապրանքը լցվեց Հայաստան, մեր երկիրը մրցակցությանը չի դիմանա, ճգնաժամ կսկսվի: Հետո, ոչ մենակ ապրանքը, ուրիշ շատ վտանգներ կան, մենք թուրքերի հետ առևտուր շատ ենք արել, բայց մեկ է՝ հին թշնամանքը կա։ Թե հիմիկվա սերունդը կարողանա լեզու գտնել․․․Դուք գիտեք, որ բացելու եղան, մեր կարծիքը հարցնելո՞ւ են»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ հարևան թուրքական Ալիջան գյուղից Մարգարայի բնակիչներն ամեն առավոտ թուրքական երգերի ու նամազի ձայներ են լսում: «Մենք սովոր ենք իրենց ձայնները լսելուն, մնում է թուրքերի ներկայությունն էլ «վայելենք» ու վերջ․․․»: Նշենք, որ Մարգարայի անցակետը վերջին անգամ շատ կարճ ժամանակով բացվել է 2023 թ-ի փետրվարի 11-ին, երբ Հայաստանը մի քանի բեռնատար մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ այնտեղ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image