Հասարակություն

«Հրապարակ». Կրկին մասնակցելու եմ մրցույթին եւ հաղթելու եմ

«Հրապարակ». Կրկին մասնակցելու եմ մրցույթին եւ հաղթելու եմ

Նախօրեին Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հեղինակած հոդվածին։ ՀՀԽ անդամներն այնքան էին տարվել Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու մտքով, որ հայտարարության մեջ ձեւակերպումներ էին թույլ տվել, որոնք զավեշտի աստիճան անհեթեթ էին։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին գնացել էր Հանրային ռադիո՝ հարցազրույցի, հարցազրույցը հեռարձակվել էր 1 օր անց, որի ընթացքում հնչեցվել էին բազմաթիվ հակահայկական գաղափարներ, թե պետք է հրաժարվել Անկախության հռչակագրից, փոխել Սահմանադրությունը, այլապես Ադրբեջանն ու Թուրքիան կոչնչացնեն Հայաստանը։ Հանրային ռադիոյի հաղորդավար Բարեղամ Ղուկասյանն էլ ոչ միայն Փաշինյանին չէր հակադարձել, այլեւ տեղ-տեղ նույնիսկ համաձայնություն էր տվել նրա մտքերին։

Ղուկասյանի պահվածքը հարցազրույցի ժամանակ այնքան տարակուսելի էր, որ սոցցանցերում շատերը նույնիսկ «երնեկ» էին տալիս Հ1-ի Պետրոս Ղազարյանին՝ նկատի ունենալով, որ Պետրոսը գոնե մեկ-մեկ հակադարձում է Փաշինյանին։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն այդ առիթով հոդված էր հրապարակել Ռադիոյի կայքում՝ անդրադառնալով այդ հարցազրույցին ու ներողություն խնդրելով ռադիոյի ունկնդիրներից։ «Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»»,- իր հոդվածում նշել էր Խումարյանը։

Եվ ահա Խումարյանի հենց այս հայտարարությունն է զայրացրել Հանրային հեռարձակողի խորհրդին։ Նախ նշենք, որ այդ խորհրդի անդամներն են Վահրամ Մարտիրոսյանը, իմքայլական նախկին պատգամավոր Վահագն Թեւոսյանը, նախկին ՀՀԿ-ական, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Հանրային հեռուստաընկերության նախկին հաղորդավար Վարուժան Օլքինյանը, Վանո Սիրադեղյանի տարիներին ոստիկանության «02» թերթի խմբագիր Վասակ Դարբինյանը, գրող-հրապարակախոս Արփի Ոսկանյանը, խորհրդի նախագահն էլ ռեժիսոր Արա Շիրինյանն է։ Այս մարդիկ իրենց հրապարակած հայտարարության մեջ հետեւյալ պնդումներն էին արել․ «Հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը», ապա շարունակել․ «Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենն առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը եւ պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքն անվիճարկելիորեն ներկայացնելու եւ առավելագույն արձագանք ապահովելու համար»։ Հաջորդիվ արտահայտված մտքերն առավել աբսուրդային են եւ ազատ խոսքի կոպիտ ոտնահարումներ, օրինակ՝ «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու եւ ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։
Մենք զրուցեցինք Գարեգին Խումարյանի հետ՝ ի՞նչ կարող է ասել այս հայտարարության վերաբերյալ, մասնավորապես, որ խորհրդի անդամները, նախաքննական մարմնի դեր ստանձնելով, իր հոդվածին քրեաիրավական գնահատական են տվել՝ հայտարարելով, թե ինքը պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տվել, անցել է լիազորությունները, եւ անգամ սպառնացել են, որ դա կարող է իրավական հետեւանքներ ունենալ նրա համար։

«Խորհրդի գործընկերների կարծիքի հետ համաձայն չեմ։ Էթիկա չեմ խախտել, լիազորություն չեմ չարաշահել»,- ասաց Խումարյանը: Ապա, անդրադառնալով իր կողմից Հանրային ռադիոյի կայքը «կամայականորեն» օգտագործելու մեղադրանքին, ասաց․ «Տնօրեն լինելուց զատ լրագրողական մեր մեծ կոլեկտիվի մաս եմ։ Պարբերաբար գրում եմ։ Երբեք խնդիր չի եղել»։ Նա մեզ ուղարկեց նաեւ կայքում իր սյունակի հղումը, որտեղ նա 10 հրապարակում ունի՝ տարբեր թեմաներով։

Խումարյանին հարցրինք նաեւ` ի՞նչ է կարծում ՀՀԽ-ի այն պնդման շուրջ, թե «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ», համաձա՞յն է, որ պետության ղեկավարի հետ պետք չէ բանավիճել, եւ արդյո՞ք սուր հարցադրումները, հակադարձումը` հարցազրույցը վարողի կողմից, բանավեճ է նշանակում։

«Այդ մի պնդման հետ հատկապես համաձայն չեմ։ Համաձայն չեմ, որովհետեւ մենք միասին այ հենց հիմա հինգ րոպե ցանցում կորոնենք ու կգտնենք բազմաթիվ հարցազրույցներ երկրների ղեկավարների հետ, որոնք նորմալ հարցազրույցներ են»։

Գարեգին Խումարյանի հրապարակած հոդվածի վերաբերյալ այլ մեկնաբանություններ եւս եղան։ Մասնավորապես նշում էին, թե Հանրային ռադիոյի տնօրենը Նիկոլ Փաշինյանին քննադատող հոդված է գրել, քանի որ իր պաշտոնավարմանը քիչ ժամանակ է մնացել, այսինքն՝ պաշտոնը կորցնելու վախ չունի, մեկ-երկու ամիս հետո, այսպես թե այնպես, կորցնելու է պաշտոնը։ Խումարյանին հարցրինք՝ ի՞նչ կարող է պատասխանել նման բան ասողներին։
«Պայմանագիրս, այո, ապրիլի կեսերին է ավարտվում։ Նոր մրցույթ է լինելու, որին մասնակցելու եմ եւ հաղթեմ։ Բայց հոդվածի եւ ժամկետների միջեւ պատճառահետեւանքային որեւէ կապ չկա»,- պատասխանեց Ռադիոյի գործադիր տնօրենը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image