Հարցազրույց

Սիրտ-անոթային հիվանդությունները սպառնալիք են ոչ միայն տարեցների համար, այլեւ երիտասարդների

Սիրտ-անոթային հիվանդությունները սպառնալիք են ոչ միայն տարեցների համար, այլեւ երիտասարդների

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում մահացության հիմնական պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են։ Այդ մահերը զգալիորեն քիչ կլինեին, եթե սիրտ-անոթային հիվանդություն ունեցող քաղաքացիները ժամանակին դիմեին բժշկի։ Ինչո՞ւ են երիտասարդների շրջանում շատացել ինֆարկտները։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հրազդանի ԲԿ-ի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ, սրտաբան Տիգրան Գեւորգյանի հետ:

- Հայաստանում մահվան ամենատարածված պատճառներից են արյան շրջանառության հիվանդությունները, որոնց թվում գերակշռում են սրտի իշեմիկ եւ քրոնիկ հիվանդությունների հետեւանքով մահացությունները։ Ձեր պրակտիկայում աճի տենդենց նկատվո՞ւմ է։

- Ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում մահացության թիվ մեկ պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են եւ դրանց բարդությունները: Այս պահին վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում միանշանակ աճի տենդենց կա` պայմանավորված նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբնակեցմամբ ՀՀ-ի տարածքում: Գտնվելով երկարատեւ սթրեսի պայմաններում՝ նրանց մոտ առկա քրոնիկական հիվանդությունները սրվել են, եւ մեզ հաճախ դիմում են չբուժված կամ օպտիմալ բուժում չստացած, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող պացիենտներ: Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները քանակապես կարելի է դասել կայուն բարձր մակարդակի, այսինքն՝ մշտապես շատ են այն հիվանդները, որոնք կարիք ունեն սրտաբանի կողմից զննման, հսկման եւ բուժօգնության ոչ միայն ամբուլատոր, այլ նաեւ ստացիոնար պայմաններում:

- Տարբեր ոլորտների բժիշկներ մեր զրույցների ժամանակ նշում են, որ հիվանդությունները երիտասարդացել են, բայց արմատացած կարծիք կա, որ սրտի հետ կապված խնդիրները լինում են մեծ տարիքում, եւ երիտասարդներին դրանք չեն սպառնում։

- Ես համամիտ եմ կոլեգաներիս հետ եւ կարող եմ փաստել, որ այս ընթացքում հիվանդությունները երիտասարդացել են, դա շատ նկատելի է եւ պայմանավորված է մեր կենսակերպի փոփոխության, նստակյաց ապրելակերպի, ֆիզիկական աշխատանքով ավելի քիչ զբաղվելու, ծխելու, գազավորված ըմպելիքների օգտագործման բարձր մակարդակով: Իսկ վերջին տարիներին, կապված կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ, հաճախացել են սրտամկանի բորբոքման՝ միոկարդիտի դեպքերը՝ ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ:

- Իսկ վերջին տարիներին երիտասարդների մոտ ինֆարկտների թվի աճ կա՞:

- Կդժվարանամ հստակ վիճակագրական ցուցանիշ նշել, սակայն ենթադրում եմ, որ կա երիտասարդների մոտ սրտամկանի ինֆարկտների եւ սուր սրտային այլ պաթոլոգիաների թվի աճ: Հրազդանի ԲԿ-ում նույնպես գրանցվել են դեպքեր, երբ մեզ դիմած բավականին երիտասարդ անձանց մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Առանձնահատուկ տպավորվել է շուրջ 1 տարի առաջ Հրազդանի ԲԿ դիմած 20-ամյա պացիենտի դեպքը, ում մոտ ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Վերոնշյալից կարող ենք հետեւություն անել, որ սիրտ-անոթային հիվանդությունները սպառնալիք են ոչ միայն տարեցների համար, երիտասարդները նույնպես պետք է բավականին զգոն լինեն:

- Իսկ գենետիկ գործոնն այստեղ դեր ունի՞: Որպես ռիսկի գործոն՝ կարո՞ղ ենք դիտարկել նաեւ դիաբետը, ճարպակալումը, ալկոհոլի կիրառումը եւ այլն։

- Գենետիկ գործոնը միանշանակ դեր ունի ինչպես շատ այլ հիվանդությունների, այնպես էլ սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում: Միանշանակ, որպես ռիսկի գործոն, կարող ենք մեկ հարթության մեջ դիտարկել ճարպակալումն ու դիաբետը, քանի որ դրանք շատ հաճախ ուղեկցում են միմյանց:

- Սրտային հիվանդությունները նախանշաններ ունե՞ն: Մարդը կարո՞ղ է ինչ-ինչ նախանշաններով ինքնուրույն հասկանալ, որ սրտի հետ կապված խնդիր ունի:

- Վստահաբար, սիրտ-անոթային հիվանդություններն ունեն նախանշաններ, թեեւ հազվադեպ կարող են դիտվել որոշ բացառություններ։ Ամենատարածված հիվանդություններից, եթե դիտարկենք զարկերակային գերճնշումը, ապա սկզբնական շրջանում այն սովորաբար դրսեւորվում է գլխացավերով եւ ընդհանուր թուլությամբ: Երբեմն մարդիկ ուշադրություն չեն դարձնում այս գանգատներին, ինչը նաեւ դառնում է ժամանակին բժշկի չդիմելու, հիվանդության ընթացքը չվերահսկելու պատճառ: Երկարատեւ զարկերակային գերճնշման հետեւանքով կարող են ի հայտ գալ այլ սիրտ-անոթային խնդիրներ, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, քրոնիկական սրտային անբավարարությունը եւ այլն, սակայն ժամանակին բժշկի դիմելու դեպքում հնարավոր է խուսափել հիվանդության բարդացումից:

- Սրտի ստենտավորման անվճար ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում, նախատեսված է անհետաձգելի դեպքերի համար։ Եթե դեպքը սուր կամ անհետաձգելի չէ, կա՞ ցուցում սիրտը ստենտավորելու, թե՞ բժիշկը պետք է որոշի։

- Հայաստանում գործում է Stent for Life-«Ստենտ կյանքի համար» ծրագիրը, որը նախատեսում է կյանք փրկելու նպատակով պետական պատվերի շրջանակներում ստենտի տեղադրում այն պացիենտների մոտ, ում մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ ST սեգմենտի կայուն բարձրացմամբ, սակայն, բացի սուր եւ անհետաձգելի դեպքերից, ստենտավորումներ կատարվում են նաեւ պլանային կարգով: Կան պացիենտներ, որոնք ունենում են որոշակի գանգատներ, որոնցից ելնելով՝ պացիենտին կարող է ցուցվել կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտություն, որի արդյունքում է որոշում կայացվում՝ պացիենտը կարիք ունի՞ կորոնար անոթի ստենտավորման, թե՞ ոչ։ Այս դեպքերը հարաբերականորեն ավելի բարեհաջող դեպքերն են, քանի որ ավելի վաղ փուլում հայտնաբերվում է խցանված կամ խցանման եզրին գտնվող անոթի առկայությունը: Հակառակ դեպքում այդ անոթը կարող է պատճառ դառնալ սրտամկանի սուր ինֆարկտի՝ վերջինիս հնարավոր բարդություններով։

- Սրտային հիվանդությունների ի՞նչ պատկեր ունենք Հրազդան քաղաքում:

- Հրազդան քաղաքը գտնվում է բարձրադիր գոտում եւ աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ աննպաստ պայմաններ է ստեղծում Հրազդան քաղաքի եւ հարակից գյուղերի բնակչության համար: Մեզ հիմնականում դիմում են զարկերակային հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, հետինֆարկտային, քրոնիկական սրտային անբավարարությամբ պացիենտներ: Ցավոք սրտի, շատ են նաեւ այն պացիենտները, ովքեր երբեւէ չեն դիմել բժշկի, որեւէ բուժում չեն ստացել կամ դիմել են բժշկի, սակայն նշանակված դեղորայքային բուժմանը չեն հետեւել:

- Ինչպիսի՞ն եք տեսնում սրտաբանության ոլորտի զարգացումը Հայաստանում:

- Կարծում եմ՝ սրտաբանությունն ամենազարգացած ճյուղերից մեկն է Հայաստանում, եթե ոչ ամենազարգացածը։ Ոլորտը գտնվում է թե՛ առողջապահության նախարարության, թե՛ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի եւ թե՛ պատասխանատու այլ կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին բավական թվով նորարարական մեթոդներ են ներդրվել սրտաբանության ոլորտում: Խոսքը վերաբերում է ոչ միայն առաջատար բուժկենտրոններին, այլ նաեւ մարզային բուժկենտրոններին, որոնք շատ նկատելի արագությամբ զարգանում են: Այս առումով կարող եմ գոհունակությամբ խոսել մեր բժշկական կենտրոնի հագեցվածության մասին, որը լինելով մարզային ԲԿ՝ հագեցած է գրեթե բոլոր հնարավոր լաբորատոր եւ գործիքային հետազոտության մեթոդներով՝ ժամանակին եւ ճշգրիտ ախտորոշման, բուժման սխեմայի ընտրության նպատակով։

- Ի՞նչ անհետաձգելի կամ հետաքրքիր դեպքեր են եղել Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:

- Կդժվարանամ նշել առանձնահատուկ որեւէ դեպք, սակայն մշտապես հիշվում են այն դեպքերը, երբ կարիք է լինում սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների ձեռնարկման: Հրազդանի ԲԿ-ում իմ եւ մեր ռեւմատոլոգների կողմից կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման բազմաթիվ միջոցառումներ, որոնք, հուրախություն մեզ, շատ հաճախ ավարտվում են դրական ելքով, այսինքն՝ սրտի կանգով կամ կլինիկական մահով պացիենտի մոտ կարողանում ենք վերականգնել սրտի բնականոն աշխատանքն ու հասնել կենսական կարեւոր ցուցանիշների կայունացմանը: Նմանատիպ գրեթե բոլոր դեպքերն եմ հիշում, սակայն առանձնահատուկ մի դեպք կա, որը, կարծում եմ, երբեք չեմ մոռանա։ Խոսքը մոտ 40 րոպե տեւած սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդու մոտ դիտված սրտի ռիթմի վերականգնման մասին է: Մինչ օրս կապ ենք պահում այդ պացիենտի հետ, ընկերացել ենք եւ շատ հաճախ հանդիպում ենք: Մյուս բոլոր դեպքերն էլ ուշադրության արժանի են, եւ, հուրախություն մեր կենտրոնի հմուտ բժիշկների, մեզ դիմած սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտները ստանում են պատշաճ բուժօգնություն: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image