Հասարակություն

Ժողովրդին հարցրե՞լ են՝ պատրա՞ստ են հացի համար 3 անգամ ավել գին վճարել

Ժողովրդին հարցրե՞լ են՝ պատրա՞ստ են հացի համար 3 անգամ ավել գին վճարել

Հայաստանին սպառնացող պարենային ռիսկերի մասին գրել էինք, երբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԱԽՔ Արմեն Գրիգորյանին հուշել էր՝ անհանգստանալ սեփական երկրի պարենային անվտանգության մասին, ու հիշեցրել, որ, օրինակ, ցորենի ներկրման առյուծի բաժինը Ռուսաստանինն է։ Նախօրեին ԱԽՔ-ն Զախարովայի «պորտը տեղը դրեց»՝ հայտարարելով, թե ցորենի փոխարեն բրինձ կուտենք։ Նա, իհարկե, բառացի չասաց, այլ՝ դիվանագիտական ձեւակերպմամբ, թե որպեսզի Հայաստանի ռազմավարական նշանակության ապրանքները չթիրախավորվեն, պետք է ճկուն լինել, մտածել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, դրանք փոխելու մասին, օրինակ՝ ցորենից անցնել բրնձի։ Այս հայտարարությունը սոցցանցային քննարկումներում «բրնձել» կոչեցին, եւ կարելի էր էլի հումորի տալ, եթե դա չասեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով համաժողովի ժամանակ։ 

ԱԽՔ-ն ասում է, այդ թվում՝ պարենային անվտանգության հարցեր է քննարկել Փաշինյանը Բրյուսելում, երբ հայ հասարակության մոտ մեծ դրամական օգնության ակնկալիք էին ձեւավորում Արեւմուտքից։ Նրա խոսքերից հասկացվում է, որ Հայաստանի դիմակայունության բարձրացման տակ հասկացվում է, այդ թվում, պարենային ոլորտում Ռուսաստանի հետ ունեցած ավանդական հարաբերությունների վերանայում։ Հայտնի է, որ Հայաստանը ցորենի առյուծի բաժինը Ռուսաստանից է ներկրում։ Տեղական արտադրանքն ընդամենը 30 տոկոս է կազմում, բայց Արցախի հանձնումից հետո, որտեղից շուրջ 100 հազար տոննա ցորեն էր գալիս Հայաստան, այս թիվն էլ ավելի է նվազել։ Ինչ վերաբերում է բրնձին, ապա Հայաստանը բրնձի արտադրություն չունի։ Այն ներկրվող ապրանք է, ներկրում ենք Թաիլանդից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Պակիստանից, Ռուսաստանից, բայց առյուծի բաժինը ռուսականն է։
Որ ԱԽՔ-ի հայտարարությունն ընդամենը աշխարհաքաղաքական դիվիդենտների նպատակ է հետապնդում, պարզից էլ պարզ է, քանի որ կոմպետենտ պաշտոնյան, այն էլ՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը, նման հայտարարությունների տակ առաջին հերթին թիվ է դնում՝ ուսումնասիրություն ու հետազոտություն։ Հայաստանի նման երկրի համար պարենային անվտանգության թեման ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է, ու ցանկացած ինտերվենցիա եւ գնահատական կարող են իրականացվել բացառապես պարենային ապահովության համալիր գնահատում իրականացնելուց հետո, այսինքն՝ չես կարող հաշվի չառնել։

«Ես հետեւում եմ պատկան մարմինների, պատասխանատու կառույցների հայտարարություններին, հավատացեք, ակնհայտ է, որ իրենք չգիտեն՝ ինչ է պարենային անվտանգությունը։ Ես երեկ ինտեգրացիոն գործընթացների մասին հաղորդում էի նայում, որտեղ որեւէ փորձագետի չէին հրավիրել՝ խոսելու պարենային անվտանգության խնդիրներից, իսկ աշխարհում ցանկացած ինտեգրացիոն գործընթացում երկու ամենաբարդ ռեֆորմները, որ երկիրը պետք է իրականացնի, առեւտրի տեխնիկական խոչընդոտների ու սանիտարիայի եւ բուսասանիտարիայի ռեֆորմներն են։ Մյուս բոլոր հայտարարությունները ռոմանտիզմի, ցանկությունների ու կենացների շարքից են։ Մարդիկ տարբեր ցանկություններ կարող են ունենալ, բայց պետք է նայել ազգային անվտանգության ռազմավարությանը»,- «Հրապարակ»-ին ասում է Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
Նա եղել է Հայաստանի պարենային անվտանգության ռազմավարության մշակման խմբի անդամ, շեշտում է՝ Հայաստանում պարենային անվտանգության մասին խոսելիս բոլորը նշում են միայն պարենի առկայության խնդիրը, ինչը հնացած պատկերացում է ու կապ չունի իրականության հետ, իրականում պարենային անվտանգությունը 3 անքակտելի բաղադրիչ ունի՝ պարենի առկայություն, պարենի հասանելիություն եւ պարենի կիրառելիություն կամ օգտագործում։ Պիպոյանը բացատրում է՝ եթե երկրում կա պարենային ապրանք, որը հասարակության որոշակի խմբերին տնտեսապես հասանելի չէ, ուրեմն երկրում պարենային անվտանգություն չունես։

«Հիմա Հայաստանում մենք միս ունե՞նք, թե՞ ոչ, իհարկե՝ ունենք, բայց կան բազմաթիվ մարդիկ, որոնք այն ձեռք բերելու հասանելիությունը չունեն։ Ավելին ասեմ՝ մեր կենտրոնը 3 տարի շարունակ Իտալիայի մեր գործընկերների հետ իրականացրել է չափազանց կարեւոր մի ծրագիր՝ Պարենային անվտանգության եւ սննդանյութերի ընդունման գնահատման կարողությունների զարգացման ծրագիրը։ Մենք ուսումնասիրեցինք ազգաբնակչության սննդակարգը՝ հասկանալու համար, թե որոնք են այն աղբյուրները, որոնցից մարդիկ ստանում են իրենց հասանելի կալորիաները։ ՀՀ ազգաբնակչության զգալի մասի մոտ օրական կալորիաների 50 տոկոսը ստացվում է ալրային հիմքով մթերքներից։ 30 տոկոս ազգաբնակչության համար օրվա կալորիաների 60 տոկոսը ստացվում է ալրային հիմքով մթերքներից եւ կարտոֆիլից։ Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ թիվ է։ Սա լավ օրից չէ․․․ Հասկանալու համար, թե ինչ նշանակություն ունի այդ ապրանքը մեր երկրի համար, պետք է նայենք, թե որքան է հացի սպառումը, ուստի, նմանատիպ հայտարարություններ անողները թող բարի լինեն՝ ծանոթանան այս ամենին եւ հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում ալրային հիմքով մթերքների տնտեսական կարեւորությունը մեր երկրի համար, թող համեմատեն ցորենի ալյուրի գինը բրնձի ալյուրի գնի հետ։ Մենք ունենք 3 անգամ ավելի թանկ ապրանք։ 26 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրում, երբ խոսում են ժողովրդի անունից, ժողովրդին հարցրե՞լ են՝ պաստրաս՞տ է կամ ի վիճակի՞ է հացի համար 3 անգամ ավել գին վճարել»։ 
Սննդաբանն օրինակ է բերում՝ ամռան ամիսներին, երբ բանջարեղենի գները ցածր են, բանջարեղենի, մրգի սպառումն ավելանում է, բայց սեզոնային փոփոխություններն այս ընտանիքներին խոցելի են դարձնում, ձմռանը սպառումը նվազում է։ 2019-ին իրականացված հետազոտությունների արդյունքներով՝ հատիկեղենը եւ ալրային մթերքները մեկ շնչի համար ամսական 10,1 կգ են կազմել, տարեկան՝ 120 կգ մթերք, ինչը, մասնագետի խոսքով, հստակ ցուցիչ է։ Բացի այս, Հայաստանի ազգաբնակչությունը բրնձի մեծ սպառող չէ՝ հիմնականում հնդկաձավար ենք սպառում։ Անդրադառնալով ներկրումների դիվերսիֆիկացմանը, Դավիթ Պիպոյանը շեշտում է․ պետք է հաշվի առնենք՝ անգամ եթե բոլոր երկրները պատրաստ են մեզ բրինձ կամ ցորեն վաճառել, մենք մինչեւ չափում չիրականացնենք, թե գինն ինչպիսի ազդեցություն է թողնելու բնակչության պարենային ապահովության եւ պարենի հասանելիության տեսանկյունից, չենք կարող պատկերացում կազմել։ 

2023-ին Հայաստանը ներկրել է 343 հազար տոննա ցորեն եւ 9 հազ․ 800 տոննա բրինձ՝ ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «1կգ ցորենի մաքսային արժեքը եղել է 0,18 դոլար, իսկ բրնձինը՝ 0,82 դոլար, այսինքն՝ բրինձն ավելի թանկ ապրանք է, քան ցորենը, ու ներկրվող ցորենի 95 տոկոսը եւ ավելին ներկրում ենք ՌԴ-ից, մինչեւ այդ ներկրում էինք Արցախից՝ մոտ 70-90 հազար տոննա, եւ Ուկրաինայից, ինչը 2022-ից դադարեցվեց, իսկ Արցախի ցորենի ներկրումը դադարեցվեց 2020 թվականին։ Հայկական ռացիոնում բրնձի պահանջարկը բավականին ցածր է»,- ներկայացնում է տնտեսագետը։

Իսկ սննդաբանը հիշեցնում է, թե ինչ էր կատարվում խանութներում քովիդի ժամանակ, երբ ընդամենը մի քանի օր ՌԴ-ն հատիկի ներկրումը դադարեցրել էր։ Եվրոպական երկրներում, որոնք իրենք էլ ցորենի խնդիր ունեն, եւ հացի գինը բավականին բարձր է, սպառումը Հայաստանից մի քանի անգամ պակաս է, որովհետեւ այնտեղ մարդիկ կալորիաները ստանում են այլ աղբյուրներից՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք։ «Դու չես կարող հաշվի չառնել քո երկրի դաժան իրականությունը։ Նաեւ չենք պատկերացնում, թե ինչ է կատարվում մարզերում։ Մենք էլ ենք իրականությունից կտրվում, իսկ իմ դաշտային խմբերն աշխատում են բոլոր մարզերում։ Եթե նայեք մեր հարցաթերթերն ու տեսնեք, թե ինչպիսի սննդակարգ ունեցող ընտանիքներ կան, Դուք պարզապես չեք կարող պատկերացնել, թե ինչպես են նրանք մեզ հետ կողք-կողքի ապրում։ Ժողովուրդ ջան, Հայաստանը Երեւանի կենտրոնը չէ»,- ասում է Դավիթ Պիպոյանն ու շեշտում, որ սննդային սովորույթների առումով մենք պահպանողական ենք։ Անգամ հացի ասորտիմենտի մեջ շուկայում ճնշող մեծամասնությունը ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստված հացն է, մնացած բազմազանությունը շուկայի մեկ տոկոսն էլ չի կազմում։

«Այսօր մանկապարտեզներում պարտադիր է, որ ցորենի բարձր տեսակի ալյուրից բացի երեխաներին նաեւ այլ տեսակի հաց տան, եկեք գնանք Երեւանի 20 մանկապարտեզ ու տեսնենք՝ ցորենի բարձր տեսակի ալյուրից բացի այլ հաց ուտո՞ւմ են երեխաները։ Երեխան իր ընտանիքի սովորություններին է սովոր, նա սովոր է ցորենի բարձր տեսակի ալյուրին»,- ասում է Պիպոյանն ու հիշում հեռավոր 90-ականների սովը, երբ Իրանից սոյա էին բերում, որը բարձրարժեք, սպիտակուցներով հարուստ ուտելիք է, բայց մարդիկ, միեւնույն է, ժամերով հերթ էին կանգնում մի կտոր հացի համար։ «Հիմա դա հերթի ձեւով չի լինելու, լինելու է բարձր արժեքի տեսքով եւ ուղղակի հացի քանակի կրճատման, որը մեր ազգաբնակչության կալորիաների հիմնական աղբյուրն է, ինչն էլ իր հերթին հանրային առողջապահական բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image