Հասարակություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը դատարանում տարբեր պատճառաբանություններ բերեց, բայց ոչ մի ապացույց

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը դատարանում տարբեր պատճառաբանություններ բերեց, բայց ոչ մի ապացույց

Մեր դատական վեճի եւ հաղթանակի մասին արդեն գրել ենք՝ ներկայացրել ենք, որ «Հրապարակը» մեկամյա դատական վեճից հետո հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին: Եվ ապացուցել, որ այն երկու հրապարակումները, որոնք media.am կայքը համարել էր «ֆեյք նյուզ» եւ Ֆեյսբուքի ադմինիստրացիայի միջոցով սահմանափակել մեր տեսանելիությունն այս սոցիալական ցանցում, դատարանը ճանաչել է օրենքին համապատասխանող եւ պատասխանողին  պարտավորեցրել՝ հերքել, ներողություն խնդրել եւ փոխհատուցել մեզ պատճառած բարոյական վնասը։ Մեր շահերը դատարանում ներկայացրել է «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակը՝ փաստաբան Իրմա Ճաղարյանը։ Մենք զրուցել ենք փաստաբանի հետ։

«Անցյալ տարվա հունիս ամսին «Հրապարակ» օրաթերթը դիմել էր «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակ։ Օրաթերթի ներկայացուցիչ Զառա Մարգարյանը ներկայացրել էր փաստաթղթեր, որ վրացական մի կայքում տեղադրվում են «Վճիռ» վերնագրով տեքստեր, որոնց եզրափակիչ մասում կոնկրետ լրատվամիջոցների, կոնկրետ նյութերի վերաբերյալ դատողություններ են արվում, թե այդ նյութերն իրենց մեջ կեղծ լուր են պարունակում։ Այդ «վճիռների» հիման վրա էլ Ֆեյսբուքում որոշակի սահմանափակումներ են կիրառվում այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք տարածում են նշված նյութերը։ Կոնկրետ «Հրապարակ» օրաթերթի մասով մենք ունեինք երկու այդպիսի «վճիռ», որոնք վերաբերում էին մեկը՝ մի հարցազրույցի։ Հարցազրույց տվող անձի հայտնած տեղեկություններն էին «սուտ լուր» որակվել, մյուսը՝ երրորդ անձի զրույցը, խոսակցությունն էր դիտարկվել որպես կեղծ լուր»,-  ասաց փաստաբան Իրմա Ճաղարյանը։

Փաստաբանը պատմեց, որ ի սկզբանե խնդիր էր ծագում, թե ինչպես են  իրենք վրացական կայքին պատասխանատվության ենթարկելու, քանի որ Հայաստանում օրենսդրությունը չի նախատեսում վրացական որեւէ կազմակերպության դեմ հայցադիմում ներկայացնելու հնարավորություն։ Հետագայում, սակայն, որոշակի ուսումնասիրություն կատարելով պարզել են, որ «վճիռները» կազմողը «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն է, որը Հայաստանում գրանցված եւ գործող կազմակերպություն է, որն էլ համագործակցում է վրացական այդ կայքի հետ։ 
«Վրացական կայքում գրված է, որ համագործակցում են «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ։ Երկարաժամկետ համագործակցության պայմանագիր են կնքել միմյանց հետ, դրա հիման վրա էլ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նյութեր է տրամադրել վրացական կայքին։ Եվ հենց այս սկզբունքից ելնելով էլ դիմեցինք դատարան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ։ Մոտավորապես մեկ տարի տեւած դատական վեճ ենք ունեցել։ Պատասխանողը գտնում էր, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն թեեւ հանդիսանում է նյութի հեղինակը, թեեւ համագործակցում է վրացական կայքի հետ, բայց պատասխանատվություն չի կարող կրել։ Տարբեր հիմնավորումներ էին բերում, սկզբից ասում էին, որ դա արվել է լավագույն նպատակներով՝ մեր հանրությանը կեղծ տեղեկատվությունից զերծ պահելու նպատակով։ Հետագայում ասվում էր, որ դա, ամեն դեպքում, գնահատողական դատողություն է, հետո սկսեցին ասել, որ իրենք ոչ թե ասել են, որ լրատվամիջոցն է կեղծ տեղեկություններ տարածողը, այլ՝ կոնկրետ նյութը, այսինքն՝ իրենք լրատվամիջոցին չեն ձեռք տվել, այլ պարզապես նյութի վերաբերյալ են վճիռ տվել, եւ այնտեղ որեւէ կերպ լրատվամիջոցի անունն ու համբավը չեն արատավորվել»,- պատմեց փաստաբանը։

Ըստ նրա՝ իր համար բավականին տարօրինակ վեճ է եղել դատարանում։ Եվ անկախ այդ բոլոր փաստարկներից եւ իրարամերժ բացատրություններից, ակնհայտ է, որ փաստացի վնաս են հասցրել լրատվամիջոցին՝ կեղծ լուրեր տարածողի պիտակավորում են կպցրել, եւ լրատվամիջոցի տեսանելիությունը խիստ ընկել է հենց այս գործողությունների արդյունքում։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ զրպարտությունը տեղի է ունեցել հենց լրատվամիջոցի հասցեին։ 

«Նյութերից մեկը վերաբերում էր «Հրապարակի» այն նյութին, որը վերնագրված է՝ «Ալիեւը պատրաստ է երկու թոփալ ոչխար տալ Աշոտ Փաշինյանի դիմաց», մյուս նյութը՝ «Թե ինչպես են մասոններն ու սորոսականները գրավում երկիրը», Թերեզա Մխիթարյանի հարցազրույցն է։ Այս երկու նյութերի մասին էր «վեճը»։ Եվ իրենք ասում էին, որ մենք փաստացի պետք է ապացուցենք, որ այս նյութերն իրականությանը համապատասխանում են։ Մինչդեռ վեճը բոլորովին այդ մասին չէր, այլ  վերաբերում էր նրան, որ մեկը լրատվամիջոցի հեղինակային նյութը չէ՝ լրատվամիջոցի աշխատակիցը կարծիք չի հայտնել, պարզապես քաղաքացին իր կարծիքն է հայտնել, եւ լրատվամիջոցը՝ որպես օբյեկտիվ եւ բազմակողմանի գործունեություն ծավալող լրատվամիջոց, հարցազրույցը տարածել է՝ առանց գրաքննության ենթարկելու։ Այսինքն՝ այս դեպքում անգամ, եթե կա հասցեատեր, այդ հասցեատերը չպետք է լիներ լրատվամիջոցը։ Մյուս դեպքում հրապարակումը հիմնված է որոշակի աղբյուրի վրա, որը լրատվամիջոցն իրավունք ունի գաղտնի պահելու․․․ Մենք ներկայացրինք ապացույցներ, որով հավաստում էինք, որ հենց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն է համագործակցում վրացական կայքի հետ։ Ինչպես նաեւ  հրավիրեցինք «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցչին՝ Զառա Մարգարյանին, որպեսզի նա  որպես վկա հանդես գա եւ դատարանին ներկայացնի, թե ինչպես է այս ամբողջ պատմությունն ընթացել, ինչպես են իմացել, որ կան այդպիսի վճիռներ, ինչ բացասական հետեւանքներ է կրել լրատվամիջոցն այդ վճիռների հետեւանքով, ինչպես է աշխատում Ֆեյսբուքի ալգորիթմը եւ այլն։ Եվ արդյունքում մենք ունեցանք վճիռ, որով մեր կողմից ներկայացված հայցադիմումը բավարարվել է, ոչ միայն բավարարվել է այն մասով, որ ներկայումս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ստիպված է լինելու հերքել վարչական բնույթ կրող նյութը, այլեւս պարտավորվելու է լրատվամիջոցին վճարել 500 հազար դրամի չափով հատուցում, որը, ըստ էության, այն հատուցման չափն է, որը դատարանը գտել է բավարար «Հրապարակ» օրաթերթի գործարար համբավը վերականգնելու, եւ բոլոր այն վնասները, որը կրել է, վերականգնելու համար»,- ասաց փաստաբան Իրմա Ճաղարյանը։

Ի՞նչ նպատակ է հետապնդել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ փորձելով վարկաբեկել հայաստանյան լրատվամիջոցի բարի համբավը։ 

«Չեմ կարողանա հստակ ինչ-որ բան պնդել, բայց կարծում եմ՝ որոշակիորեն ուղղորդված է եղել կոնկրետ ինչ-որ ֆինանսավորողների կողմից։ Ես, ամեն դեպքում, այդպես եմ տեսնում, չեմ կարող այս հարցում ինչ-որ մեկին զրպարտել։ Մենք տեսնում ենք, որ «Հրապարակ» օրաթերթը միակ լրատվամիջոցը չէ, որ դարձել է այս «վճիռների զոհը», պարզապես «Հրապարակը» միակն է, որ դիմել է դատարան։ Լուրջ վնասներ են հասցվել լրատվամիջոցներին, եւ հանրության վրա հասանելիության տեսանկյունից լրջագույն սահմանափակումներ են դրվել, քանի որ այսօր ամենաշատ կարդացվող դաշտը «Ֆեյսբուք» սոցիալական կայքն է, եւ երբ դու այնպիսի սահմանափակումներ ես մտցնում, եւ քո վճիռներն այնպիսի ազդեցություն են ունենում, որ ֆեյսբուքյան դաշտում քո նյութերը սկսում են ավելի քիչ երեւալ, միանշանակ ակնհայտ է, որ այս գործընթացը որոշակիորեն ուղղորդված է հենց դրան։ Երբ մենք նայում ենք ոչ միայն «Հրապարակի» վերաբերյալ այս երկու «վճիռները», այլ նաեւ մի շարք այլ վճիռներ, տեսնում ենք, որ այստեղ որոշակի լուրջ աշխատանք, լուրջ հետազոտություն չի արվել»,- ասաց Ճաղարյանը։

Փաստաբանը եկել է այն համոզման, որ պարզապես ընտրողաբար վերցրել են որոշակի նյութեր եւ առանց հետազոտություն իրականացնելու, «վճիռներ» են կայացրել։ Ճաղարյանը նշեց. «Այդ հարցը դատարանում էլ ենք բարձրացրել։ Ասել ենք՝ ընդունենք, որ անում եք լավ գործ, փորձում եք հանրությանը զերծ պահել կեղծ տեղեկություններից, բայց մինչ այդ վճիռները կազմելը ի՞նչ աշխատանք եք կատարում, դրանք հիմնված են զուտ ձեր ենթադրությունների՞ վրա։ Այսինքն՝  դուք կարծում եք, որ անհնա՞ր է, որ Սորոսի գրասենյակն ինչ-որ աշխատանք տանի, եւ դրա արդյունքում պետությունը վնասներ կրի, թե՞ դուք հետազոտություն եք իրականացրել եւ հաստատել եք, պարզել եք, ձեռք եք բերել լրջագույն ապացույցներ, որով վստահ եք, որ Սորոսի գրասենյակը պետության խնդիրների հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Սա՝ մի դրվագ։ Մենք ամբողջ մեկ տարվա պրոցեսում փորձում էինք պահանջել, ստանալ պատասխանողից գեթ մեկ ապացույց, որով իրենք ասում են, որ այդ տեղեկությունները կեղծ են։ Ամեն ինչ տանում էր նրան,  որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը չունի որեւէ ապացույց, որովհետեւ որեւէ ապացույց իրենք դատական պրոցեսի ընթացքում չներկայացրին։ Պարզապես իրենց ենթադրությունների վրա հիմնվելով՝ ինչ-որ «վճիռներ» են կայացրել, որոնք չունեն որեւէ փաստական հիմք»։

Փաստաբանը կարծում է, որ լրատվամիջոցները նման դեպքերում պետք է անպայման դիմեն դատարան, պաշտպանեն իրենց իրավունքները, եւ վստահ է, որ հետագայում եւս համանման իրավիճակներն անխուսափելի են, ուստի պայքարել պարտադիր պետք է։ Եվ առաջարկում է նման դեպքերում դիմել իրենց փաստաբանական գրասենյակին՝ «Ջեյ-Փի»-ին, օգնություն ստանալու եւ հաղթանակ տանելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image