Հարցազրույց

«Հրապարակ». Հայաստանը լուրջ ստրատեգիական դիրք ունի աշխարհագրական առումով

«Հրապարակ». Հայաստանը լուրջ ստրատեգիական դիրք ունի աշխարհագրական առումով

«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ Վահագն Մելիքյանը։

- Երեկ Ձեր ելույթի ժամանակ ներկայացրիք Դիվանագետների համահայկական խորհրդի կազմած փաստաթուղթը, ասացիք, որ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման եւ սահմանագծման հիմք դիտարկելը քրեորեն պատժելի արարք է։ Խնդրում եմ պարզաբանեք։

- Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում իշխանությունները միշտ ասում են, չէ՞, որ սրա հիմքն Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Ուղղակի եկեք արձանագրենք, որ Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ կապ չունի սահմանային նկարագրերի հետ, այսինքն՝ եթե այդ հռչակագրում կա ինչ-որ արձանագրում, ապա դա միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալն է՝ տարածքային հավակնություններ չունենալն է։ Սույն հռչակագիրը որեւէ սահմանային նկարագիր չունի, նշանակում է` դրան կցված չեն ինչ-որ քարտեզներ, որոնցով ֆիքսվում է, որ սա է սահմանը։ Ստացվում է, որ իրենք անում են հակաօրինական ինչ-որ բաներ, որոնք քրեորեն պատժելի են։ Այդ օրինակը բերել ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեցել են սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովներ, այնտեղ վրացական կողմի ներկայացուցիչները սխալ սահմանազատման արդյունքում քրեական պատասխանատվություն են կրել՝ սրա մասին է խոսքը: Ցույց տալու համար, որ սա անօրինական, ոչ իրավական գործընթաց է։ Ցանկացած անօրինական գործընթաց ենթադրում է նաեւ քրեական պատասխանատվություն։

- Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ջանասիրաբար սյուներ էին տեղադրում Տավուշի գյուղերում, լավ կլինի մտածեն ապագայում կրելիք պատասխանատվության մասի՞ն։

- Միանշանակ։ Այդ հռչակագիրն այն փաստաթուղթը չէ, որի հիման վրա դու պիտի կատարես սահմանազատում-սահմանագծում։ Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ այդ հռչակագիրը ճանաչում է, թե Խորհրդային Միության փլուզման պահին ինչ սահմաններ ես դու ունեցել, բայց թե ինչ սահմաններ ես ունեցել, որտեղով են դրանք անցել, ամեն անգամ տարբեր թվեր են, տարբեր տվյալներ՝ մանիպուլյացիայի խնդիր է։ Ամենատարօրինակ հարցն այն է, երբ չունես ստորագրված խաղաղության համապարփակ պայմանագիր եւ չունես դիվանագիտական հարաբերություններ, դու անում ես մի գործընթաց, որը հիմք չունի։ Եթե լիներ խաղաղության պայմանագիր, որտեղ նշված կլիներ, որ այս ամսից սկսվում են սահմանազատման, սահմանագծման աշխատանքները, սկզբունքների մասին, ասենք, կլինի եւ այլն, ու դու հիմք ես ընդունել Ալմա-Աթան ու գնում ես դրա ճանապարհով, նորից եմ ասում՝ այդ հռչակագիրը սահմանային նկարագիր չունի։ Միակ կետը, որին կարելի է հղում անել, այն էլ ինչի են արել, որ փլուզվել է մի ամբողջ համակարգ, որ հանկարծ պետությունը միայն Հայաստանը չէ՝ շատ տեղեր կան, որ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունեն, նկատի առնելով ԽՍՀՄ վարչական ադմինիստրատիվ սահմանները, որոնք բաց էին իրականում, եւ այդ սահմանները մշտապես տեղաշարժվել են։ Դրա փաստը կա երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի, Ֆադեյ Սարգսյանի, Վլադիմիր Մովսիսյանի օրագրերում, գրություններում եւ այդ ժամանակ ձեւակերպված բազմաթիվ արձանագրություններում։ Այդ հայտարարության մեջ երկու գործընթացի մասին անդրադարձ է եղել՝ օրինական երկու գործընթաց կա։

- Հայտարարության մեջ անդրադարձաք նաեւ ուժային այլ կենտրոնների հետ համագործակցության հաստատման ու խորացման անհրաժեշտությանը։ Ներկա կառավարությունն ամեն ինչ արել է՝ փչացնելու փոխհարաբերությունները բոլորի հետ, որո՞նք են այդ կենտրոնները, որոնց հետ հնարավոր է հարաբերություններ կառուցել։

- Բոլոր այն ուժային կենտրոնների հետ, որոնց շահերը կարող են համադրելի լինել մեր շահերի հետ, կամ մեր շահերը կարող են գտնել համադրման եզրեր, եւ բոլոր այն ուժային կենտրոնների հետ, որոնց շահերն այսօր տարածաշրջանում կա՛մ բախվում են, կա՛մ այդ ուժային կենտրոններն ունեն մեր տարածաշրջանում։ 

- Անուններ կնշե՞ք։

- Իրանը պարտադիր մեջն է, Թուրքիան պարտադիր մեջն է, Վրաստանը, Ադրբեջանը, Մոսկվան, Արեւմուտքը՝ կլինի դա Ֆրանսիան, կլինի Բրյուսելը, Միացյալ Նահանգները, մերձավորարեւելյան երկրները, Ծոցի երկրները, այսինքն՝ շատ մեծ համակարգ է։ Մենք շատ հստակ ասում ենք, որ պետք է զերծ մնալ հակառուսականությունից, հակաարեւմտականությունից, «հակա»-ներով առաջնորդվող որեւէ քաղաքականությունից։ Մենք պետք է մեր ազգային օրակարգն ունենանք եւ դա փորձենք համադրելի դարձնել մնացած ուժային կենտրոնների հետ, իսկ դա դիվանագիտություն է կոչվում, որը չկա, չենք տեսնում։ Ընդհակառակը, ինչ-որ պիտակավորումներ ենք լսում սրա-նրա շուրթերից։ 

- Իշխանությանն աջակից շրջանակները հակադարձում են, թե Հայաստանն աշխարհին կամ ուժային կենտրոններին առաջարկելիք ոչինչ չունի՝ Հայաստանում ո՛չ նավթ կա, ո՛չ գազ։

- Ճիշտ պատասխանը դիվանագիտությունն է։ Հիմա այնքան երկիր կա, որ ո՛չ նավթ ունի, ո՛չ ջուր ունի, ո՛չ գազ ունի, բայց ունի ստրատեգիական նշանակություն։ Հայաստանն այսօր լուրջ ստրատեգիական դիրքի մեջ է` իր աշխարհագրական առումով, որը զրոյական օգտագործում է ստանում, կիրառելի չէ, որովհետեւ այս իշխանությունների ձեռքով Հայաստանն այլեւս կորցրել է իր սուբյեկտայնությունը եւ դարձել է ուղղակի գործիք՝ մեծ պետությունների շահերի բախման կամ այդ շահերի ձեռքում՝ ով ոնց ուզի, ինչպես ուզի, կվարվի, դուք ոչ մի բան չունեք, ավելի լավ է մենք ձեզ օգտագործենք: Հետո գեղեցիկ բառերով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ ինչ-որ բաներ կներկայացնենք, օրինակ՝ visa free ռեժիմ կանենք դեպի եվրոպական անուշ երկրներ եւ այլն։ Իրենց վերաբերմունքը տեսաք, թե մյուս երկրներին ինչ օժանդակություն է գնում, նկատի ունեմ, օրինակ, դեպի Ուկրաինա կամ թեկուզ` Իսրայել, ու թե Հայաստանին ինչ առաջարկություն արվեց։ Ամոթ էր ուղղակի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image