Վերջին ասուլիսի ժամանակ հերթական անգամ ականատեսը եղանք ,որ մեզ բախտ է վիճակվել ունենալ մի ղեկավար,ով կարող է հանրությանը հանդես գալ տարբեր դերերի մեջ, կրել մի քանի անձանց կերպարներ,սկսած՝ Պապ թագավորից, Հիսուս Քրիստոսից,մինչև ավտոբուսի սովորական ուղևոր,իսկ երբ պետք է՝ վերափոխվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի,պատասխանատու է, բայց ոչ մեղավոր:
«Վերջին շաբաթների,օրերի զարգացումներն առավել խորքային ու ամբողջական պատկեր ստեղծեցին, ու դա ունեցավ նաև իր դրական կողմը՝ ժողովրդի քաղաքացիական հասունությունն աճեց»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասում է «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը:
«Եկեղեցուն աջակցելու համար բարերար Սամվել Կարապետյանին,ինչպես նաև հոգևորականներին կալանավորելուց հետո հոգին չփառավորվեց, է՛լ ռազմական հեղաշրջման տեսարաններ բեմականացրեց, իբր ահաբեկչական խմբավորումներ բացահայտեց ու էլի մարդկանց կալանավորեց, հետո որոշներին բաց թողեց, բայց դրանից որևէ մեկը ո՛չ զարմացավ, ո՛չ վախեցավ,ո՛չ էլ ահաբեկվեց, քանզի օրակարգն է այդպիսին՝ ձերբակալություն, խուզարկություն, սուտ ցուցմունքներ, մեկուսարան, դիմակավորված հատուկ ջոկատայիններ, կալանք, քաղաքական հաշվեհարդար՝ ոտնատակ անելով անմեղ ու մեղավոր, օրենք ու իրավունք, դատ ու դատաստան, բայց խոստովանենք, որ այս մեթոդները վաղուց սպառել են իրենց: Մարդիկ գիտակցելով, որ գործ են կարել, ինքնակամ գնում են՝ «Ձերբակալե՛ք, հոգին փառավորվի», բայց չե՛ն հանձնվում, փառք ու պատիվ նրանց ու նրանց ընտանիքներին, իրականում դա ապտակ է,ստորացուցիչ ապտակ սեփական ժողովրդին հոգեկան ու ֆիզիկական ճնշումների ենթարկող բռնապետին: Տեսարանները նվաստացուցիչ էին ուժային կառույցների ծառայողների համար, ովքեր ստիպված էին «Հյուսիսային տերևաթափ» օպերացիա բեմականացնել,նվաստացուցիչ են կալանքի պատվերներ ընդունող դատավորների համար, ովքեր ստիպված էին գիշեր- ցերեկ դատարաններում հերթապահել»,-նշում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով:
«Օրինակ , եթե եկեղեցուն աջակցելը հանցագործություն է, ապա ինչու՞ մարդասպաններին աջակցելը, հովանավորելը հանցագործություն չէ... Տխրահռչակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով տարիներ շարունակ քողարկում է խմբի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություններ, «видите ли»՝ անձամբ է հաղորդում տվել Սամվել Կարապետյանի, այսինքն՝ մասնավոր անձի դեմ և ոչ միայն հաղորդում է տվել,այլ նաև քրեական վարույթ հարուցել, այլևս անելիք չթողնելով հսկող դատախազին:Մեղադրանք է առաջադրել իբր իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:Մինչդեռ Սամվել Կարապետյանի հայտարարությունը, մասնավորապես՝ եկեղեցուն իրենց ձևով աջակցելու մասին ձևակերպումներում գեթ մեկ տեղեկություն առկա չէ իշխանությունը զավթելու կոչերի մասին: Հետևապես,ես ողջամիտ կասկածներ ունեմ,որ Աննա Վարդապետյանի կողմից կատարվել է ենթադրյալ սուտ մատնություն: Իսկ սուտ մատնությունը՝ իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալն է:Սուտ մատնություն կատարելու հատկանիշներով նախատեսված հանցագործության համար առավել խիստ պատիժ է նախատեսվում,եթե այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ կատարվել է մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելու զուգորդմամբ , կամ նախատեսված արարքը անզգուշությամբ հանգեցրել է անձի կալանավորման և այլն:
Տվյալ դեպքում խիստ ուշագրավ է դիտարկել սույն հոդվածում նկարագրված հատկանիշները Ս.Կարապետյանին վերագրված շինծու մեղադրանքի համատեքստում:
Բացի այդ,չի բացառվում, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ սա կարող է լինել նաև գլխավոր դատախազի էմոցիոնալ պոռթկումը՝ քրեական վարույթ նախաձեռնելու մատուցմամբ:
Սամվել Կարապետյանին անձամբ չեմ ճանաչում, նրա մասին պատմում են կատարած գործերն ու անցած ճանապարհը: Մարդուն տարել կալանավորել են,թե բա իրենց ձեռքից իշխանությունը «տանելու», իշխանությունը զավթելու կոչեր է արել:Տպավորություն չստեղծվի, թե Ս.Կարապետյանի գովքն եմ անում,կարծում եմ նա դրա կարիքն էլ չունի, բայց , երբ տեսնում ես, թե ինչ անբարո վերաբերմունք է դրսևորվում հայ մարդու նկատմամբ,ով աշխարհին է հայտնի, ով այսօր փորձում է օրհասական պահին իր ազգի ու եկեղեցու կողքին լինել ,աջակցել, ի դեպ՝ իր ձևով,սակայն ինչ որ անհայտ ծագման խմբակ,որոնց ուղղակի հանձնեցին իշխանությունը՝ «Ես սխալ էի,նիկոլը ճիշտ» փաթեթավորմամբ՝ փորձում է անվանարկել ,ուղղակի չեմ կարող չասել՝ «Նիկո՛լ,դու կերազերիր Սամվել Կարապետյանի «քաշն ու կշիռն» ունենայիր, նրա անցած ճանապարհն ու պատիվ- հարգանքն ունենայիր», ժողովուրդն էլ դրանից միայն ուրախ կլիներ:
Միգուցե հենց սա է նաև պատճառը, որ Նիկոլի քաղաքական գործընկեր՝ Աննա Վարդապետյանը, ով չափազանց բարձր է գնահատում իր մասնագիտական գիտելիքները՝ գոնե առնվազն գիտակցում է,որ իր կողմից հանցագործության մասին տրված հաղորդմամբ նախաձեռնված քրեական վարույթն օրերի ու ժամերի կյանք ունի, հետևաբար անհրաժեշտ էր մեկ այլ՝ նոր, շինծու մեղադրանք առաջադրել, մեղադրել փողերի լվացման մեջ,ժամանակ սպառել, ճնշումներ գործադրել,դրանով իր ծառայությունները մատուցել,թեկուզ ժամանակավորապես «ցավազրկել» իր քաղաքական տիրոջը»:
Ռուզան Ադանալյանը կարծում է, որ եթե Ս.Կարապետյանն իշխանական կամ ինչ որ այլ քաղաքական մտադրություններ ունենար, ապա անկախ քաղաքացիությունից, բնակության վայրից, ծավալած գործունեությունից՝ վաղուց դրան հասած կլիներ և հետևաբար պետք է հստակ արձանագրել,որ նա կոնկրետ իր գաղափարարախոսության համար է ենթարկվում քաղաքական հետապնդման:
«Նիկոլի մոտ արդեն պրակտիկա է ձևավորվել, գնում է նախատեսված երկիր՝ առք ու վաճառքի, վարձակալության թեմաներով կտրում-կապում, հետո վերադառնում՝թեթև ասուլիս տալիս, պատմում «Իրական Հայաստան» -ի մասին, տեսա՞ք «միջանցքի» միասին ինչ ռոմանտիկ մատուցեց, համոզելով, վստահեցնելով,որ աշխարհում ամենասիրուն, ամենաանվտանգ բառը,որ կա, դա՝ «Միջանցք» բառն է... »,-ասում է իրավապաշտպանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետը դեռ չի գիտակցում՝ ում դեմ եւ ինչի է պայքարում․ Եկեղեցու և կաթողիկոսի կողքին են միլիոնավոր աշխարհասփյուռ հայեր: