«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»․ հեղափոխությունից առաջ եւ հետո խրոխտ կերպով հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեմ էր արագաչափերի գոյությանը, դեմ էր կարմիր գծերին, դեմ էր «պախկված գաիշնիկներին», դեմ էր, առհասարակ, որ ճանապարհային ոստիկաններն ամեն քայլափոխի կանգեցնեին ու տուգանեին վարորդներին։ Բայց իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ արագաչափերը, որոնք իբրեւ թե պատկանում էին Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, այդքան էլ վատ բան չեն, դրանք ոչ միայն չպետք է հանել, այլեւ ավելացնել, հասկացավ, որ կարմիր գծերից էլ վտանգ չկա, եւ մինչ օրս դրանք շարունակում են պահպանվել։ Նաեւ հասկացավ, որ էլ ո՞վ, եթե ոչ հենց քաղաքացին է տուգանքի մատերիալ։ Արդյունքում հիմա ամեն քայլափոխի «գաիշնիկները» շարունակում են կանգնեցնել ու տուգանել, իսկ տեսախցիկների հետեւում կանգնած ոստիկանության աշխատողներն էլ իրենց հերթին են ձգտում ամեն օր շատ մարդու տուգանել, որովհետեւ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բայց, այ, վարորդները լավ էլ «տուգանքի մատերիալ են»։
Թեպետ, հանուն արդարության նշենք, որ շատ վարորդների հավաստմամբ՝ ՃՈ տեսուչներն այլեւս կաշառք չեն վերցնում կամ գրեթե չեն վերցնում, այլեւս փող պոկելու համար չեն կանգնեցնում, որոշ մանր-մունր խախտումների վրա էլ տեսախցիկների հետեւում կանգնած աշխատակիցներն աչք են փակում։ Բայց սրանք կարող են ե՛ւ սուբյեկտիվ լինել, ե՛ւ օբյեկտիվ։ Փոխարենը նույն այդ ճանապարհային ոստիկանները, ինչպես առաջ, այնպես էլ հիմա են շարունակում թաքնված ծառայություն իրականացնել, այնպիսի տեղերում կանգնել, որ հեռվից նկատելի չլինեն, ու կարողանան արագ «որսալ» զոհին։ Ավելին, եթե առաջ գոնե առկայծող փարոսիկները միացրած էին կանգնում, հիմա շատ հաճախ դա էլ չեն անում՝ առանց լուսային ազդանշանների են կանգնում ու կանգնեցնում օրինախախտ վարորդներին։
Բայց «քաղաքացին տուգանքի մատերիալ» չէ շոուն այսքանով չի ավարտվում։ Հայրենի կառավարությունը մի որոշում է ընդունել, որով ճանապարհային ոստիկանները կարող են արդեն ծածուկ ծառայություն իրականացնել։ Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով հենց այդպես էլ «ավետում» է․ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն»։ Իսկ թե որն է կառավարության որոշումը, ոստիկանության հաղորդագրության մեջ չեն նշում։
Այն իրենից ներկայացնում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։
Այսինքն՝ Ճանապարհային ոստիկանության կապույտ գծերով, բորտի համարով սպիտակ Toyota Corolla-ների փոխարեն այսուհետ ոչ մի տրաբերանշանով աչքի չընկնող, հասարակ համարանիշներով ցանկացած մեքենա կարող է պոտենցիալ «գաիշնիկի» մեքենա լինել։ Ոստիկանության տարածած այդ տեսանյութում թաքնված մեքենան սպիտակ Toyota Corolla է, բայց առանց տարբերանշանի։
Այս ամենը, սակայն, մի հարց առաջացրեց մեզ մոտ՝ այդ դեպքում ինչո՞ւ ընդունեցին հայտնի «գործ տալու» օրենքը, երբ քաղաքացին ինքը կարող էր «գաիշնիկի» դեր կատարել՝ իր հեռախոսով նկարել ցանկացած մեքենայի խախտումն ու ուղարկել ՃՈ, որ տուգանեն։ Իզո՞ւր ընդունեցին, թե՞ արդյունք չտվեց, ստիպված անցան նման ծածուկ, դավադիր մեթոդների, որովհետեւ անկարգ ու անպատասխանատու վարորդների հախից չեն կարողանում գալ։
Բացի այդ, ինչո՞ւ էին առաջ տեսախցիկից մի քանի մետր առաջ մեծ տառերով գրում, որ առջեւում տեսախցիկ է, ինչո՞ւ էր օրենքը պահանջում, որ առանց փարոսիկի չի կարող պետավտոտեսուչը շրջել։ Այդ բոլորը նրա համար էր, որ մարդիկ տեղեկացված լինեն՝ հանկարծակի եւ թփերի հետեւից մարդկանց չբռնեցնեն, որովհետեւ իմաստը ոչ թե մարդկանց գաղտնի բռնեցնելն ու տուգանելն է, այլ երթեւեկության ոլորտում կարգուկանոն հաստատելը։