Այս տարվա հունիսի 20-ին նախատեսվում է, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
«Հրապարակը» Սահմանադրական դատարանի նախկին դատավոր (անդամ) Կիմ Բալայանից հետաքրքրվեց, թե ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն տալի՞ս է, որպեսզի վարչապետը պատոնակատար լինի հրաժարական տալուց ու արտահերթ ընտրություններ անցկացնելուց հետո մինչև նոր վարչապետի ընտրությունը։
«Այստեղ նորմի էությունը հետևյալն է՝ երբ որ խորհրդարանն անգործունեություն է դրսևորում, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չի ընտրում, այդ դեպքում ցրվում է։ Եթե հրաժարականը չի ընդունվում, իհարկե, մնում է ինքը պաշտոնակատար։ Հրաժարականը չի ընդունվում, խնդիրը դա է», - ասաց Բալայանը։
Ճշգրտող հարցին՝ «այսի՞նքն՝ չի ընդունվում», իրավաբանը պատասխանեց, որ ներկայացված հրաժարականը խորհրդարանը պետք է ընդունի, այսինքն՝ նոր վարչապետ պետք է նշանակի։
«Նշանակում է, որ խորհրդարանը անգործունեության է մատնում, որովհետև Սահմանադրությունն ասում է հետևյալը՝ երբ որ հրաժարական է ներկայացվում, պետք է նոր թեկնածու առաջադրվի։ Եթե առաջադրվում է և երկու անգամ չի անցնում, նրա հրաժարկանն էլ չի ընդունում, արդեն այս դեպքում խորհրդարանն է ցրվում։ Այս է իմաստը։ Մնում է պաշտոնակատար, որովհետև նրա հրաժարականը չի ընդունվել», - ընդգծեց ՍԴ նախկին դատավորը։
Հարցին՝ վարչապետի պարտականությունները չե՞ն փոխանցվում փոխվարչապետերից մեկին, պատասխանեց, որ ոչ։